Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞

Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞

Իսրայելի դեմ «հարձակումից» հետո Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական, նախկին արտգործնախարար Վելայեթին հարցազրույց է տվել «Ալ-մայեդան» պարբերականին, որի առանցքային գնահատականը, թերեւս, այն է, որ ուկրաինական պատերազմի հետեւանքով Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է, իրավիճակը հասել է նրան, որ Իրանը «տարածաշրջանի միակ երկիրն է, որ թույլ չի տվել Թուրքիային ձեռնտու միջանցքի ուժային բացումը»: Ֆորմալ առումով Վելայեթիի հարցազրույցը շոշափում է Բրյուսելում ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան բանակցությունները: Բայց չէ՞ որ բրյուսելյան հանդիպումից տասը օր է անցել, եւ Թեհրանը կարող էր նույն կամ, գուցե, ավելի մտահոգ տեսակետ արտահայտել ավելի վաղ, ինչպես, ասենք՝ Մոսկվան: Դիտարժան է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչը հրապարակայնացրել է, որ Իսրայելի դեմ օդային հարձակման հրամանն անձնապես արձակել է այաթոլլա Ալի Խամենեին: Ըստ այդմ էլ պետք է հասկանալ, որ «Թուրքիայի համար ցանկալի միջանցքի ուժով բացման կասեցումը» նույնպես Իրանի հոգեւոր առաջնորդի միանշանակ որոշումն է: Հարցազրույցի ենթատեքստից հստակ դիտարկվում է, որ Հարավային Կովկասում Թուրքիայի անմիջական ներկայությունն Իրանի հոգեւոր առաջնորդը գնահատում է որպես ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք, ինչին Իրանը հաստատակամորեն դեմ է: Իսրայելի դեմ օդային հարձակումիղց հետո Թուրքիայի հասցեին արված դիտարկումն արդյոք չի՞ նշանակում, որ Իրանը Մերձավոր Արեւելքում դիրքեր է պաշտպանում, որպեսզի Հարավային Կովկասում «կարմիր գծեր» պաշտպանի: Եւ ինչու՞ Իսրայելի դեմ Իրանի հարձակումից հետո «Իրանի շուրջ իրավիճակի հարցով» խորհրդատվություններ անցկացնում են ոչ թե Մոսկվան եւ Թեհրանը, այլ՝ Անկարան եւ Մոսկվան: Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞: Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդականն արդյոք նման տարակուսանք չի՞ հայտնում: Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդականը Հարավային Կովկասի «հարցերի լուծումը» տեսնում է 3+3 ձեւաչափում: Թեհրանը դիտարկե՞լ է ռուս-թուրքական կամ թուրք-արեւմտյան «սեպարատ համաձայնության» հեռանկար: Իսրայելի դեմ օդային հարձակումը բարձրացրե՞լ է Իրանի աշխարհաքաղաքական նշանակությունը, թե բացահայտել նրա «խոցելիությու՞նը»: