Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը

Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը

Իրավիճակը սրվել է հարեւան Վրաստանում, ինչի պատճառն այն է, որ կառավարող մեծամասնությունը նախաձեռնել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունում, որը վերաբերելու է այն կազմակերպություններին եւ անձանց, որոնք ունեն օտարերկրյա ֆինանսավորում: Ինչպես հայտնի է, այդպիսի օրենք գործում է նաեւ Ռուսաստանում, եւ իհարկե որոշ այլ երկրներում: Վրաստանի ընդդիմությունը ընդվզել է այդ օրինագծի դեմ եւ կազմակերպել բողոքի ակցիաներ: Բնականաբար հարց է առաջ գալիս, թե ինչու՞ է պաշտոնական Թբիլիսին ձեռնմուխ եղել մի քայլի, որը կարող էր դառնալ ընդդիմության բողոքի ալիքի պատճառ: Պատասխանը թերեւս այն է, որ Վրացական երազանքը փորձում է խորհրդարանի ընտրությունից առաջ ամրապնդել իր դիրքերն ու երկրում ներքին վերահսկողությունը: Իհարկե այդ քայլը առաջացրել է ընդդիմության բողոքի ալիքի խնդիր, բայց ըստ ամենայնի Վրաստանի իշխանությունը համարում է, որ առավել նախընտրելի է գործ ունենալ դրա հետ այժմ, բայց առավել վերահսկելի իրավիճակ ապահովել ընտրությունից անմիջապես առաջ: Բոլոր դեպքերում, Վրաստանի կառավարող ուժի վարքագիծը վկայում է, որ 2024 թվականին՝ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, Վրաստանն ավելի ու ավելի է իր վրա զգալու աշխարհաքաղաքական դիմակայության ճնշումը, ինչը էական հարց է նաեւ Հայաստանի համար: Վրաստանի իրավիճակը, դրա այս կամ այն զարգացումը անմիջականորեն ազդելու է Հայաստանի կենսագործունեության վրա: Առերեւույթ, Վրաստանը եւս Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության թիրախում է, սակայն պատկերը այդ առումով ավելի տարբեր է, բազմազան ու բազմաշերտ: Վրաստանի հարցում էական շահագրգռություններ ունեն Թուրքիան ու Ադրբեջանը, քանի որ այդ երկրի հանդեպ նրանց ազդեցությունը թույլ է տալու ամրապնդել սեփական դիրքերը Կովկասում, իսկ դա էլ իր հերթին վերածել ավելի լայն ընդգրկումով աշխարհաքաղաքական կապիտալի: Միաժամանակ, Վրաստանը չափազանց կարեւոր է Ֆրանսիայի համար, որը չի կարող Կովկասում լինել նշանակալի դերակատար, եթե Հայաստանի հետ հարաբերությունը չկառուցի Վրաստանի հետ կայուն եւ հուսալի հաղորդակցությամբ: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի հարցում ունեն նաեւ այդ շահագրգռությունը, եթե նկատի առնենք, որ խորքային առումով հենց այդ տանդեմն է դիրքավորվել Ֆրանսիայի դեմ թե Կովկասում, թե ավելի լայն առումով: Այստեղ առանցքային է դառնում օրինակ, թե ինչ կանի Միացյալ Նահանգները՝ կաջակցի Ֆրանսիային, թե՞ թուրք-ադրբեջանական տանդեմին, եթե նկատի առնենք եւ այն, որ Բրիտանիան անկասկած լինելու է Բաքվի եւ Անկարայի կողքին: Մյուս կարեւոր հարցն այն է, թե ինչպես կդիրքավորվի Ռուսաստանը, եւ արդյո՞ք կփորձի ակկտիվ լինել Չինաստանը: Ի դեպ, ուշադրության է արժանի, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ կփորձի Չինաստանի նախագահի օգնությամբ հասնել ամռանը Փարիզի օլիմպիական խաղերի ժամանակ համընդհանուր հրադադարի համաձայնության: Մակրոնը թերեւս նկատի ունի, որ Սի Ցզինպինին՝ որը կժամանի Ֆրանսիա, կխնդրի թերեւս լինել միջնորդ Պուտինի հետ: Սա իհարկե Վրաստանի մասին չէ, այլ օլիմպիադայի, սակայն քննարկումը անկասկած շոշափելու է առանցքային աշխարհաքաղաքական շերտեր, իսկ Վրաստանը դրանցից մեկն է անխոս եւ Մակրոնն այնտեղ կարող է ունենալ Չինաստանի եւ Ռուսաստանի աջակցության կարիքը: