Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է

Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է

Մեկ ամիս առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը պետական այցով Ադրբեջանում էր: Նա Իլհամ Ալիեւի ուղեկցությամբ եղավ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարակից «ազատագրված» տարածքներում, այլեւ՝ Շուշիում: Ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով Երեւանում էր, բանակցություններ է վարել վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Խաչատուրյանի հետ: Տոկաեւի այցին ընդառաջ «Նեզավիսիմայա գազետան» փորձագիտական տեսակետ է շրջանառել, որ «Ղազախստանը եւ Հայաստանը քննարկում են Ռուսաստանի հետ հարաբերությունները»: Բայց, թերեւս, կարեւոր է, թե ղազախստանյան կողմն ինչպես է անդրադարձել Տոկաեւի Երեւան այցին: Tengrinews-ը մեջբերել է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը Ղազախստանի առաջնորդի հետեւյալ խոսքը. «Ես առանձնահատուկ զգացումով եմ այցելում հայ ժողովրդի հողը, որ հարուստ պատմություն եւ հինավուրց քաղաքակրթությունից ծագող մշակույթ ունի: Ղազախստանը Թուրքական պետությունների կազմակերպության անդամ է, Աստաան անցյալ նոյեմբերին հռչակվել է ԹՊԿ տնտեսական մայրաքաղաք: Այս առումով Հայաստանի, հայ ժողովրդի հարուստ պատմության եւ հինավուրց քաղաքակրթությունից ծագող մշակույթի հանդեպ Տոկաեւի «առանձնահատուկ զգացումը» մասնավո՞ր է, թե՞ արտահայտում է այսպես կոչված «թուրքական աշխարհի» վերաբերմունքը: Ինչ խոսք, պետության ղեկավարի Հայաստան այցի դեպքում նման հարցադրումը ոչ այնքան ցանկալի է, եթե չասվի՝ ցավոտ է, բայց Հայաստանի ինքնության դեմ Ադրբեջանի բացահայտ ոտնձգությունների նկատառմամբ պատասխանը կամ դրա ընկալումը ստեղծված իրավիճակում որոշակի քաղաքական նշանակություն, հավանաբար, ունի: Ակնհայտ է, որ հայ-ղազախստանյան մերձեցման հեռանկարը պայմանավորված չէ միայն երկու կողմերի ցանկությամբ: Ադրբեջանն ամեն մի պատրվարկ օգտագործելու է, որպեսզի մանավանդ «խաղաղության խաչմերուկի» հարցում Երեւանի եւ Աստանայի մոտեցումները հակադրվեն: Ըստ երեւույթին, Մոսկվան նույնպես խնդիրներ հարուցելու է: Տոկաեւն ունի՞ կամ կունենա՞ այնքան հաստատակամություն, որպեսզի դիմագրավի խոչընդոտները: Հայ-ադրբեջանական բանակցություններին հարթակ տրամադրելու նրա պատրաստակամությունը համադրելի՞ է ԹՊԿ անդամ այլ երկրների մոտեցումներին: Ղազախստանի նախագահի Երեւան այցին զուգահեռ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Ուզբեկստան: