Մանսուրյանին հանգիստ թողեք

Մանսուրյանին հանգիստ թողեք

Մեկ-երկու ամիս առաջ ՖԲ-ում մեր մտավորականներից մեկի հետ վիճում էինք: Վկայակոչել էի փաստը, որ 1958թ. Բաքվում լույս է տեսել Բախտիար Վահաբզասեի «Գյուլիստան» պոեմը,  1959թ. Երեւանում՝ Պարույր Սեւալի «Անլռելի զանգակատունը»: Վահաբզադեի պոեմի կոնցեպցիան «Ադրբեջանի մասնատման անարդարացությունն է» եւ երազանքը՝ որ կգա «մասնատված հայրենիքի միավորման օրը»: («Կգա օրը» վեպ ունի Միրզա Իբրահիմովը, հայերեն թարգմաված է, բայց ստույգ է, որ Բաքվում «Ալռելի զանգակատունը» չի թարգմանվել, չի տպագրվել): Պարույր Սեւակի ծավալուն պոեմի գաղափարը եթե համառոտենք, այս է. «Ե՞րբ է գալու խոցված ազգերի հատուցման ժամանակը»: Մոսկվան, ԽՍՀՄ ԳԱ-ն կարող էր վերջ դնել «Կովկասյան Աղվանքի» շուրջ հա-ադրբեջանական բանավեճին, որին երբեմն միանում էին նաեւ վրացի պատմաբանները: Ցանկություն չի եղել, գիտական «փոխհրաձգությունը» տասնամյակներով ձգվել է, վերաճել քաղաքական կոնցեպցիայի: Միջին-վիճակագրական հայ մարդը Հովհաննես Շիրազին ճանաչել է ոչ իբրեւ «Գարնանամուտի» կամ «Բիբլիականի» հեղինակի: Նրան պաշտել են, որովհետեւ ասել է կամ նրան վերագրել են, թե ասել է. «Ոտքս դնեմ Մասիսին՝ թքեմ թուրքի ճակատին»: Պարույր Սեւակը «Մարդը ափի մեջ» -ի բանաստեղծ չէ, այլ՝ «Անռելի զանգակատան»: Չի նկատվել կամ չեն ցանկացել, որ նկատվի Հրանտ Մաթեւոսյանի Մեսրպոը, որ սարերի միակ մարդն էր, որ իրեն հայ էր գիտակցում: Որովհետեւ Մեսրոպն ասում է, որ «հայերին Լեոն է հնարել»-իսկ թուրքերը «չկային»: Նրանց բոլշեւիզմն է ստեղծել, բայց նույնիսկ Հրանտ Մաթեւոսյանն է ընդունել, որ գրողական իր այդ «էքսպանսիան» գալիս էր «իմպերիայի քաղաքացու կարգավիճակից»: Հիմա գրող-արվեստագետ, մտավորական մարդիկ Տիգրան Մանսուրյանին «ինկվիզիցիայի են ենթարկում»: Մտավորականի, արվեստագետի, գրողի այն կերպարը, որ խորհրդային իրականությունն էր ստեղծել, չկա: Էպոխա է անցել Լեթայի ջրերի գիրկը: Բաքվում Զիա Բունիաթովին իր տան շքամուտքում գնդակահարել են, Երեւանում՝ Վարդգես Պետրոսյանին: Կյանքի վերջին տարիներին Սիլվա Կապուտիկյանը լքված էր, Լեւոն Խեչոյանը հրաժարվեց նախագահի մրցականակի՞ց, թե՞՝ շքանշանից, բայց դա արդեն սեփական ռենոմեն պատմության առջեւ մաքուր պահելու քայլ էր, քաղաքական նշանակություն չուներ: Փաշինյանը՝ գնալու, Մանսուրյանի երաժշտությունը մնալու է, Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմերը մնալու են: Խնդիրն այն է, որ եթե 2017թ. խորհրդարանական ընտրություններին Փաշինյանի «Ելք» դաշինքը մասնակցեր «Իրական եւ պատմական Հայաստանը հակոտնյա են» կարգախոսով, հանրության քանի՞ տոկոսը նրա օգտին կքվեարկեր: Երեւի՝ այնքան, որքան ՀԱԿ-ն է ստացել: Բայց դա Փաշինյանին չի ազատում պատասխանատվությունից, թե ինչու՞  2017թ. չի ասել, որ կարգավորման հայեցակարգի բուն իմաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղը «պետք է Ադրբեջանի կազմում ինքնավարություն լինի, որտեղ իշխանությունը կբաժանվի ԼՂ հայ եւ ադրբեջանական համայնքի միջեւ»: Մանսուրյանին հանգիստ թողեք, նա այս եւ բազմաթիվ այլ հարցերի համար ոչ մի պատասխանատվություն չունի, չի կարող ունենալ եւ չպետք է ունենա: