Ողբերգական շղթան ընդհատելու հրամայականը

Ողբերգական շղթան ընդհատելու հրամայականը

Ապրիլի 12-ի երեկոյան ողբերգական նոր դեպք բանակում, որի հետեւանքով զոհվել է չորս զինժառայող, 20 զինծառայող ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Զինվորներ տեղափոխող Ուրալը առայժմ անհայտ հանգամանքում դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել ձորակում՝ Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում, որը Մեղրու շրջանում է: Ինչն է եղել պատահարի պատճառը, կպարզի քննությունը, սակայն բանակում ողբերգական դեպքերի մահաբեր այս շղթան, որ ծավալվում է սարսափելի պարբերականությամբ, վկայում է, որ գոյություն ունի ընթացիկ կառավարման լրջագույն բաց: Անշուշտ, դյուրին չէ կառավարել բանակ, որը ըստ էության գտնվում է խրամատավորված վիճակում, չավարտված պատերազմի պայմաններում, եւ այն էլ պարտված պատերազմից հետո ծանր հոգեբանական վիճակում: Բայց, այդ հանգամանքները պետք է լինեն ոչ թե «արդարացում»՝ կառավարման արդյունավետության առնչվող բացերի, այլ հակառակը՝ դրանք պետք է լինեն արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված ջանքերը բազմապատկելու խթան: Մոտ մեկուկես տարի առաջ տեղի ունեցավ Ազատ գյուղի կացարանի ողբերգական դեպքը, որի հետեւանքով եղավ 15 զոհ: Դա սարսափելի ահազանգ էր ծառայության կազմակերպման եւ կառավարման լուրջ խնդիրների մասին: Սակայն, դրանից հետո դեպքերի նվազման փոխարեն դիտվում է կրկնման պարբերականությամբ, տարբեր բնույթի, բայց շարունակվող մահաբերությամբ: Եթե իրավիճակը ստանդարտ չէ, իսկ ստանդարտ մեթոդները չեն տալիս արդյունք՝ բավարար արդյունք, ապա թերեւս պետք է մտածել խնդրի լուծման ոչ ստանդարտ մեթոդների մասին, հարկ եղած դեպքում դիմելով նաեւ հանրությանը՝ իհարկե տարբեր խմբերի եւ ինստիտուտների միջոցով, ապահովելով որոշակի ներառականության մեխանիզմներ եւ դրանով իսկ ստեղծելով ծառայության կազմակերպման հարցում պատասխանատվության ավելի բարձր միջավայր՝ ապահովելով իհարկե ռազմական գաղտնիք պարունակող բաղադրիչներն ավելորդ հանրայնացման ռիսկերից: