Ու՞մ է զգուշացնում Իրանը

Ու՞մ է զգուշացնում Իրանը

Որոշ երրորդ երկրներ ջանքեր են գործադրում Կասպիցում ռազմական ներկայության համար, բայց դա հակասում է ռեգիոնի շահերին, Թուրքմենիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Աբդոլահիանը: Ու՞մ նկատի ունի նա, ասելով, որ «որոշ երրորդ երկրներ» գործադրում են Կասպիցում ռազմական ներկայության ջանք: Կասպիցի ավազանը «կիսում» է հինգ պետություն՝ Իրան, Ռուսաստան, Թուրքմենիա, Ղազախստան եւ Ադրբեջան: Թուրքմենիան ԽՍՀՄ փլուզումից հետո որդեգրել է չեզոքության միջազգային կարգավիճակ: Ռուսաստանի պարագայում անմիտ է խոսել «երրորդ երկրի» ներկայության մասին: Ուրեմն, Իրանի արտգործնախարարի հայտարարությունն ուղղված է Ղազախստանի՞ն, թե՞ Ադրբեջանին: Նախորդ տարի հոկտեմբերին տեղեկություն տարածվեց, որ Ղազախստանում բացվել է ՆԱՏՕ խաղաղապահ կենտրոն: Ղազախստանի պաշտպանության նախարարությունը շտապեց հերքել այդ տեղեկությունը, ասելով, որ բացվածը ՆԱՏՕ խաղաղապահ կենտրոն չէ, այլ երկրում դեռեւս  թվականից ստեղծված խաղաղապահ ուժերի պատրաստման կենտրոնի նոր ենթակառուցվածք, որը կապ չունի ՆԱՏՕ հետ եւ միտված է բարձրացնել ՄԱԿ խաղաղապահության գործընթացներում ներգրավվելու համար ղազախական խաղաղապահ ներուժը: Իհարկե Ղազախստանի այդ հերքումը համոզիչ չհամարեցին շատերը: Իրանը դրանց թվու՞մ է, թե՞ ոչ: Իսկ արդյո՞ք Իրանի արտգործնախարարի ասած «որոշ երկրների» շարքում է Ադրբեջանը: Ընդ որում, հատկանշական է, որ Աբդոլահիանը Կասպիցի վերաբերյալ Թեհրանի մտահոգությունն արտահայտում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցելությունից հետո: Այդ այցն իհարկե ռեգիոնալ էր, սակայն դրա ադրբեջանական մասը առանձնանում էր թե հայտարարությունների համատեքստով, թե նաեւ այցի կազմությամբ: Ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, Ադրբեջանում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հանդիպեց նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հետ: Ակնհայտ է, որ այդ այցի նպատակը զուտ արարողակարգային չէր: Բաքվում Ստոլտենբբերգը հայտարարել էր ադրբեջանական բանակի՝ ՆԱՏՕ չափանիշներին համապատասխանելու մասին, գործակցությունը խորացնելու շուրջ համաձայնագրի պատրաստման մասին: Դա՞ է մտահոգել Թեհրանին, այդ հանգամա՞նքը նկատի ունի Իրանի արտգործնախարարը, որ Թուրքմենիայում մտահոգություն է արտահայտում Կասպիցում «որոշ երրորդ երկրների» ռազմական ներկայության ջանքի մասին: Մյուս կողմից, չէ՞ որ Ադրբեջանում վաղուց ներկա է Թոււրքիան՝ ՆԱՏՕ անդամ, որը Ադրբեջանի հետ ունի նաեւ ռազմական փոխօգնության պայմանագիր: Ընդ որում, Թոււրքիան նոր չէ, որ ներկա է: Թուրքիայի ներկայությունը Իրանին չի՞ մտահոգում, թե՞ Անկարայի հետ կան պայմանավորվածություններ, որ Ադրբեջանում ռազմական ներկայությունը չի առնչվելու Կասպիցին, այլ միայն՝ Կովկասին: