Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

www.t-invariant.org կայքը հրապարակել է Նոբելյան մրցանակի երեսունինը դափնեկիրների՝ աշխարհի երկրների առաջնորդներին հղած դիմումը, որով կոչ են անում զգալիորեն մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը: «Այդ պատերազմում Ուկրաինան պետք է ոչ թե չպարտվի, այլ հաղթի»-գրել են հեղինակները եւ ավելացրել, որ աշխարհը չի կարող Վլադիմիր Պուտինին ճանաչել որպես լեգիտիմ վերընտրված նախագահ: Նրանք համարում են, որ եկել է Ռուսաստանում մեծ մտածող եւ մարդասեր Անդրեյ Սախարովի գաղափարների վերադառնալու ժամանակը: Համաշխարհային հեղինակություն ունեցող գիտնականները, գրողները, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները գտնում են, որ Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունը, ոչ պետական լրատվամիջոցները, անհատ անձինք եւ Պուտինի քաղաքական ընդդիմախոսներն ունեն օգնության կարիք: Նրանք գտնում են, որ «ագրեսորը պետք է պատժվի, նրան խաղաղեցնելու ջանքերը ծնում են անպատժելիություն» եւ ավելացնում, որ «չի կարելի թույլ տալ, որ 1938թ. Մյունխենը կրկնվի»: Դիմումը ստորագրելու համար բաց է, Նոբելյան մրցանակակիրներին համերաշխություն են հայտնել արվեստի, գիտության, մշակույթի, գրականության, կրթության ոլորտի ավելի քան հարյուր ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Միջազգային փորձագետներից շատերը գտնում են, որ ռուս-ուկրաինական պատերազմը հասել է մի փուլի, երբ կոնվենցիոնալ սպառազինություններով կողմերից մեկը մյուսին իր պայմանները թելադրել չի կարող: Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈՒ արդեն նախկին հրամանատար Զալյուժնին իրավիճակը համեմատել էր Առաջին համաշխարհային պատերազմի հետ, որից հետո, ըստ էության, աշխարհը մտավ սպառազինությունների եւ տեխնոլոգիական մրցակցության նոր փուլ: Նոբելյան մրցանակի դափնեկիրները «վարձահրավիրվա՞ծ են»: Նրանց «թելադրել է միջազգային իմպերիալի՞զմը»: Պատահակա՞ն է, որ նույն օրն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ձեւակերպել է, որ Արեւմուտքը ձգտում է «Հայաստանը վերածել հակառուսական գործիքի»- իսկ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենը հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելությանը վերագրել է «ահաբեկչության կազմակերպման գործառույթ»: Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակը տարակուսել է, թե ինչու՞ որեւէ եկրիր «անհանգստացած է» Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպումից, որն «ուղղված չէ երրորդ կողմի դեմ»: Իրավիճակայի՞ն, թե՞ քաղաքակրթական ընտրության առջեւ է Հայաստանը: Իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման Հայաստանի քաղաքական ուղեգիծն ինչու՞ է դիտարկվում որպես «հակառուսաստանյան»: Ընդ որում, այդպես ներկայացնում է ոչ միայն Մոսկվան: Անվտանգային լրացուցիչ ռեսուրսների ներգրավումը Հայաստանին դու՞րս է բերում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ստանդարտ-ավանդական միջավայրից, թե՞, հնարավոր է՝ Հայաստանի համար ապահովում կամ գոնե նախանշում է նոր դերակատարություն: Հակառակ դեպքում պետք է ընդունել, որ ռուս-ուկրաինական պատերազմ իրոք «երրորդ համաշխարհային» է, որ կավարտվի «Յալթա 2» համաձայնությամբ: 1944թ. հակահիտլերյան կոալիցիա կողմ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան ամենեւին էլ հաշվի չէին առնում, որ խոսում են խորհրդային բռնապետ Ստալինի հետ, ոչ ոքի հետաքրքիր չէր համակենտրոնացման ճամբարներում պատիժ կրող քաղբանտարկյալների ճակատագիրը: Չի հետաքրքրելու նաեւ բաղը, եթե իրավիճակը պարտադրի, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները «փակեն» Ուկրաինայի հարցը: Որ կողմից ով ինչքան է շահելու՝ այսօրվա հրամայականն է, որովհետեւ Նոբելյան մրցանակի դափնեկիրներն իրենց նեղություն չեն տալու եւ Իլհամ Ալիեւին ոչ լեգետիմ չեն հայտարարելու: Նրանց խնդիրն Ռուսաստանն է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, ում ձեռքից, գուցե, վաղը կարող են ինչ-որ մրցանական ստանալ, եթե Պուտինին հաջողվի աշխարհին համոզել, որ ուկրաինացի ժողովրդի դեմ ոչինչ չունի, ինքը տապալել է «Ուկրաինայում ֆաշիստական ռեժիմը»: Մինչեւ բոլորովին վերջերս նույն «նոտայի վրա» էր Իլհամ Ալիեւը, երբ քառասունչորսօրյա պատերազմը ներկայացնում էր որպես «հայկական ֆաշիզմը ոչնչացնելու առաքելություն»: Այսօր պաշտոնական Բաքուն Արեւմուտքին վերագրում է Հայաստանին «նոր պատերազմի մղելու սադրիչ ծրագիր»: Կա՞ կանխազգացում, որ միջազգային հանրությունը Ալիեւին կարող է հռչակել ոչ լեգիտիմ բռնապետ: Հնարավոր է, բայց գործնականում ի՞նչ է տալիս կամ կարող է դա տալ: Եթե աշխարհաքաղաքական կոնյունկտուրան թելադրի, որ բռնապետները եւ լիբերալները համաձայնության գան, շահե՞րն են գերակա լինելու, թե՞՝ համամարդկային համոզմունքները: Կոպիտ ասած՝ ո՞րն է երաշխիքը կամ ո՞վ է երաշխավորում, որ այսօրվա բռնապետ Ալիեւը վաղը լիբերալ աշխարհի դաշնակից չի լինելու: