Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

«Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վաղ առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Հալեպի օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Հարվածների հետևանքով խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 36-ի։ Այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Ըստ հրապարակման՝ հարձակման են ենթարկվել շիաների «Հեզբոլլահ» աշխարհազորայիններին պատկանող զենքի պահեստները: «Հեզբոլլահ»-ի մարտիկների շրջանում զոհերի թիվը 5 է։ Ըստ ականատեսների՝ հարձակումից հետո մի շարք հուժկու պայթյուններ են լսվել Հալեպից դեպի հարավ-արևելք գտնվող Նեյրաբ միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող Ջիբրինի շրջանում: Իր հերթին Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրը SANA գործակալությանը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 01:45-ին Իսրայելը հարվածներ է հասցրել ցամաքային թիրախներին Համայի նահանգի Ատրիյա քաղաքի կողմից, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ըստ SANA-ի՝ իսրայելական ինքնաթիռների հարձակմանը զուգահեռ ահաբեկչական կազմավորումները Իդլիբի կողմից և Հալեպի արևմուտքից ավիահարվածներ են իրականացրել Հալեպի վրա։ SANA-ն հիշեցնում է, որ մարտի 28-ին Իսրայելի հարվածի հետևանքով Դամասկոսում երկու խաղաղ բնակիչ էր զոհվել։