ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

ԱՄՆ կառավարությունը Մերիլենդի նահանգին տրամադրել է նախնական 60 միլիոն դոլար, որպեսզի մաքրվեն փլուզված Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի մնացորդները և սկսվեն վերակառուցման աշխատանքները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ սա նման աղետից հետո արտասովոր արագ հատկացում է։ Կամուրջը փլուզվել էր մարտի 26-ի գիշերը, երբ դրան հարվածել էր բեռնանավ։ Այդ պահին կամրջի վրա աշխատող 8 մարդկանցից երկուսը փրկվել են, երկուսի մարմինները հնարավոր է եղել դուրս բերել, իսկ մնացած չորսն անհետ կորած են և մահացած են համարվում։ Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը խնդրել է կամրջի վերակառուցման աշխատանքների համար 60 միլիոն դոլար հատկացնել և ընդամենը մի քանի ժամվա ընթացում ԱՄՆ Տրանսպորտի նախարարության դաշնային մայրուղիների վարչությունը հաստատել է ֆինանսավորումը։ Նման ֆինանսավորումը հաստատելու համար սովորաբար մի քանի օր է պահանջվում, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ դաշնային կառավարությանը կարգադրել է «երկինք ու երկիր իրար խառնել»՝ կամուրջն արագ վերակառուցելու համար։ Մուրը հայտնել է, որ իրենց համար առաջնահերթ է անհետ կորածների մարմինները գտնելը, գետը մաքրելը, որպեսզի հնարավոր լինի վերսկսել նավարկությունը։ Բայց նախ մասնագետների խումբը պետք է հեռացնի «Դալի» բեռնանավը, որը մնացել է փլուզված կամրջի տակ՝ հազարավոր բեռնարկղերով։ Հատկացված գումարն, ըստ Մերիլենդի իշխանությունների, կբավականացնի միայն աշխատանքների նախնական փուլի համար։ Ըստ աղբյուրների՝ դաշնային իշխանությունները հայտնել են, որ կամրջի վերակառուցումը կարող է առնվազն 2 միլիարդ դոլար արժենալ։