Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20: Ինչպես հայտնում են ԱԺ–ից՝ այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում՝ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: Ընդգծելով, որ ՀՀ կրթության` մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրով սահմանվել է կրթական ծառայությունների հասանելիության եւ նվազագույն որակական շեմի բարձրացման թիրախ` նախարարը շեշտել է, որ հանրակրթության բովանդակային բարեփոխումները միտված են այդ թիրախների ապահովմանը: Նախարարը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը, որը մինչ այդ փորձարկվել էր ՀՀ Տավուշի մարզում: Նախարարի խոսքով՝ Համաշխարհային բանկը վերջերս զեկույց է հրապարակել նոր չափորոշչի` Տավուշի մարզում փորձարկման վերաբերյալ: «Արտաքին անկախ գնահատման արդյունքներով չափորոշչի ներդրումն ապահովել է կրթական արդյունքի՝ առնվազն վեց ամսով ավելացում: Այսպես, եթե 2015 թվականի ուսումնասիրությունների համաձայն՝ երեխաները 12 տարվա ընթացքում ապահովում էին շուրջ 8 տարվա կրթական արդյունք, ապա նոր չափորոշչի ներդրումից հետո այդ տարբերությունը կրճատվել է շուրջ 6 ամսով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Ըստ նախարարի՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը: Արդյունքում՝ տարրական եւ միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20, որը դրական ազդեցություն կունենա նաեւ կրթության որակի վրա: «Մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներում, հաշվի առնելով այն, որ դասարանների խտության խնդիրն արդիական չէ, այլ լուծումներ են տրվել. սեպտեմբերից ներդրվել է հավելավճարի նոր կարգ, որի շահառու է 3000-ից ավելի ուսուցիչ, որոնց ամենամսյա աշխատավարձը միջինում մինչեւ 40.000 դրամով աճել է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը շեշտել է, որ կամավոր ատեստավորման շրջանակում 2023 թվականին ատեստավորման դրական արդյունք է ապահովել 2976 ուսուցիչ, որոնք վարձատրվում են բարձրացված դրույքաչափով, ինչպես նաեւ ստանում են հավելավճար՝ ըստ հավաքած միավորների: Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները: Հանրակրթական ծրագրերից նախարարն առանձնացրել է նաեւ դպրոցների ենթակառուցվածքների բարելավումը, ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծումը, դպրոցական սննդի ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մեր երկիրը եւս միացել է Դպրոցական սննդի համաշխարհային կոալիցիային, ըստ որի` նոր չափորոշիչներով նախատեսվում է առողջ սննդի եւ առողջ ապրելակերպի ներառումը դպրոցներում: Հաջորդ կարեւոր բարեփոխումը կրթական հաստատություններում մշակութային եւ սպորտային ծրագրերի իրականացումն է: Կարեւորվել է նաեւ նախորդ տարի դեկտեմբերին կառավարության կողմից ընդունված Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ռազմավարության ընդունումը, որի նպատակն է սպորտով զբաղվելու հնարավորությունը մեծացնել նաեւ մարզային բնակավայրերում: Նախարարը ներկայացրել է նաեւ մշակույթի ոլորտում իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ ներդրվել է նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության էլեկտրոնային մատյան: