Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը: Հայաստանի ԱԳՆ-ն դրանով արձագանքել է Բաքվի հայտարարություններին, թե Բլինքեն-Փաշինյան-Ֆոն Դեր Լյաեն եռակողմ հանդիպումը միակողմանի է ու կանխակալ: Բրյուսելում սպասվող հանդիպումը բնականորեն առաջացրել է մեծ հետաքրքրություն, քանի որ խոսքն անշուշտ աննախադեպ ձեւաչափի մասին է: Անկասկած է, որ չնայած երրորդ որեւէ երկրի դեմ ուղղված չլինելու հանգամանքին, հանդիպումն իր վրա անխուսափելիորեն կրելու է աշխարհաքաղաքական դիմակայության կնիքը: Հենց դրա վրա է նաեւ Բաքվի «խաղադրույքը», երբ հայտարարում է դրա միակողմանի կամ կանխակալ լինելու մասին: Ի՞նչ կանխակալության մասին կարող է լինել խոսքը, եթե նույն Եվրամիությունը Բաքվի հետ ունի էներգետիկ գործակցության պայմանագիր, որ կնքել է 2022 թվականին՝ բարձր մակարդակով, եւ որի համաձայն Ադրբեջանը արդեն այսօր դարձել է Եվրոպա գազ մատակարարող երկրների հնգյակի մաս: Ընդ որում, նաեւ եվրոպացիները շատ լավ գիտեն, որ Ադրբեջանը դարձել է նաեւ ռուսական նավթի ու գազի «շրջանցիկ» ճանապարհ, բայց աչք են փակում դրա առաջ, քանի որ ունեն դրանից իրենց շահը: Ի՞նչ միակողմանիության կամ կանխակալության մասին կարող է լինել խոսքը, եթե ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը Ադրբեջանին դիտարկում է Եվրոպայի կարեւոր, էներգետիկ մեծ նշանակություն ունեցող գործընկեր: Երեւանը այդ առնչությամբ չի անում միակողմանիության կամ կանխակալության որեւէ հայտարարություն, չնայած հանգամանքին, որ Եվրամիության կարեւոր գործընկեր է հռչակվում մեկը, որը Արցախում իրականացրել է էթնիկ զտում, որը ագրեսիվ քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ, որը ոտնահարում է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մյուս բոլոր եվրոպական չափանիշներն ու արժեքները Ադրբեջանի տարածքում: Այդ իմաստով, ի դեպ, մեղադրանքների եւ կշտամբանքների ավելի մեծ ու հիմնավոր առիթ եւ պատճառ ունի հենց Հայաստանը, ոչ թե Ադրբեջանը: Բայց, Բաքուն խաղադրույք է կատարում աշխարհաքաղաքական իրողությունների վրա, փորձելով Բրյուսելում տեղի ունենալիք հանդիպման առնչությամբ իր դիրքավորումով միավորներ հավաքել առնվազն Ռուսաստանի եւ Իրանի մոտ, ու միեւնույն ժամանակ նաեւ թանկացնել իր գինը հենց Արեւմուտքի համար: Պետքարտուղարության խոսնակ Միլլերը հայտարարել է, որ Բրյուսելի հանդիպման թեման լինելու է Հայաստանին տնտեսական եւ մարդասիրական աջակցությունը, բայց, դրանից առաջ պետքարտուղարության խոսնակ Միլլերը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ աշխատանքների առաջնային նպատակը նրանց միջեւ տարաձայնությունների վերացմանը նպաստելն ու ամուր խաղաղության հասնելն է: Հետեւաբար, տնտեսական եւ մարդասիրական աջակցությունը գործիք է այդ ավելի լայն նպատակի լուծմանը նպաստելու համար, քանի որ ավելի մեծ, գլոբալ խնդիրն իհարկե Կովկասում Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ աշխարհաքաղաքական առավելության հասնելն է: Բաքուն հաշվարկում է դա, ըստ այդմ փորձում է իր դժգոհությամբ թանկացնել գինը Արեւմուտքի համար, ակնկալիքով, որ Բրյուսելի հանդիպման մասնակիցներն էլ Երեւանի համար թանկացնելու են տնտեսական եւ մարդասիրական աջակցության գինը: Հարկ է նկատել, որ Հայաստանի համար ապրիլի 5-ին սպասվում է շատ կարեւոր իրադարձություն, միեւնույն ժամանակ սակայն նաեւ շատ բարդ եւ բազմաշերտ խաղի ծավալումով, որում Երեւանի հմտությունից ու իմաստնությունից է նաեւ կախված լինելու, թե ինչպիսին կլինի այդ կարեւոր իրադարձության բովանդակային արդյունքը: