IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով, համալսարանի 9-րդ մասնաշենքում բացվել է վերանորոգված և IoT լաբորատորիայի վերածված երկու լսարան: Նոր սարքավորումներով հագեցած լսարանները կրթական մոտիվացնող միջավայր են ապահովում: Հինգ տարվա ընթացքում՝ 2019 թվականից մինչև օրս, ուսանողների և ստարտափների համար կրթական ժամանակակից պայմաններ ապահովելու նպատակով, գործընկեր կազմակերպությունները 11 լսարան և համատեղ աշխատանքի տարածք են բացել ՀԱՊՀ-ում: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով ներդրել է 184 մլն դրամ: Կրթական ժամանակակից պայմաններով լսարանների գործարկմանը մասնակցել են կառավարության ներկայացուցիչներ, բուհի  ռեկտորը և պրոֆեսորադասախոսական կազմը, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ու ներկայացուցիչներ, ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները, գործադիր տնօրենը և միության այլ անդամներ։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ողջույնի խոսքում նշել է, որ կրթության և բիզնեսի միջև կապերի ամրապնդման համար կարևոր են ոչ միայն համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը, այլ նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ կրթական ծրագրերի մշակումը և ներդրումը, որոնք առավելապես կհամապատասխանեն շուկայի փոփոխվող պահանջներին։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև տնտեսական աճի ներառականության ապահովման գործում տեխնոլոգիաների նշանակությունը։ Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել դրանց կիրառության անհրաժեշտությանը տնտեսության տարբեր ճյուղերում, ինչին ուղղված քայլ է նաև Վիվա-ՄՏՍ-ի ու ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նոր ստեղծված կենտրոնը: «Հաճելիորեն զարմացած եմ, քանի որ ինքս 1997-ից մինչև 2006 թթ. հենց այս հարկերում եմ անցել բակալավրից մինչև մագիստրոս, այնուհետև՝ թեզի պաշտպանության Ճանապարհը:  Շատ հաճելի է տեսնել միջավայրի փոփոխությունն ու ՏՀՏ միության և Վիվա-ՄՏՍ-ի համագործակցությունը: Իրականում, կրթական միջավայրի փոփոխությունը, դրա՝ ժամանակի պահանջներին, մտածողությանն ու  ինովացիոն տեխնոլոգիաներին համապատասխանեցնելը ոչ միայն կարևոր է, այլև՝ անհրաժեշտ: Կարծում եմ՝ այն, ինչ այստեղ ստեղծվել է տարիների ընթացքում, կմոտիվացնի ուսանողներին և կնպաստի ավելի մեծ հոսքի ձևավորմանը՝ բնական գիտությունների  և ինժեներության ուղղությամբ: Դա ռազմավարական կարևոր ուղղություն է մեր պետության համար»,- ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: «Եթե կրթական համակարգը ճկուն չլինի՝ երիտասարդությունը պարզապես հետ կմնա ժամանակակից աշխարհի զարգացումներից: Այդ ամենը թույլ չտալու համար, մենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ գործնական քայլեր ենք կատարել տարիներ առաջ: Մեր ուշադրության կենտրոնում է եղել և´ մատուցվող նյութի բովանդակությունն ու դրա պահանջված լինելը, և´ մոտիվացնող միջավայրի ստեղծումը: Ամեն ինչ պետք է լինի տրամադրող, զարգացնող և ժամանակակից: Այս լսարանում սովորելու են IoT լուծումներ մշակող մասնագետներ: Այսօր շատերն են լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը: Ավելին, արդեն ոչ ոքի հնարավոր չէ զարմացնել բջջայինով «խելացի տուն» կամ «խելացի այգի» կառավարելու հնարավորությամբ: Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված են մարքեթինգի, տվյալագիտության (data science), վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ: Կրթական միջավայրը պետք է լինի տրամադրող, լաբորատորիաները՝ հագեցած, դասավանդողները՝ փորձառու, դասավանդման նյութը՝ գործնականում փորձարկված: Կրթական համակարգը պետք է թողարկի պահանջարկված մասնագետների, և այս գործում մեծ է բուհ-բիզնես կապի անընդհատությունը: Մենք հենց դրա համար ենք այստեղ»,- ասել է Վիվա-ՄՏՍ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: «2019 թվականից սկսած, Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ ջանքերով, վերանորոգել ենք ՀԱՊՀ 9-րդ մասնաշենքի 7-րդ հարկի լսարանները՝ դրանք հագեցնելով համակարգիչներով և այլ սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են ժամանակակից ուսուցում կազմակերպելու համար։ Մենք շատ հպարտ ենք կատարած աշխատանքի համար և այս ծրագիրը փորձում ենք ավարտին հասցնել։ Նշեմ, որ արդեն իսկ վերանորոգել ենք 11 լսարան և դրանք ապահովել մոտավորապես 100 համակարգչով և այլ սարքավորումներով։ Այսպիսի կրթական միջավայր ստեղծելով՝ մենք փորձում ենք մոտիվացնել ուսանողներին սովորելու և նոր գաղափարներ առաջ բերելու հարցում։ Շատ կարևոր է այսպիսի մոդելները ներդնել նաև այլ համալսարաններում։ Կցանկանայի նաև կարևորել մասնավոր հատված-բուհ և Միության երկու անդամների՝ ՀԱՊՀ-ի և Վիվա-ՄՏՍ-ի համագործակցությունը, որը փայլուն օրինակ է համագործակցության համատեքստում»,- ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը: «Պետք է նշեմ, որ այս ծրագրերը նպաստելու են տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների ուղղությամբ մասնագիտացում ստացող ուսանողների մրցունակ կրթության կազմակերպմանը և սա հնարավորություն է` լաբորատոր ենթակառուցվածքների և պայմանների ապահովմամբ կազմակերպելու որակյալ կրթություն: Ցանկացած առիթով խոսում ենք նորարարության, խելացի լուծումների, թվայնացման մասին: Մենք ապահովում ենք ընթացքը, որպեսզի մեր ուսանողները հնարավորություն ունենան մրցունակ կրթության արդյունքում ապագայում ստեղծել այնպիսի նորարարություն, որը կնպաստի երկրի թվայնացմանը, մասնավոր բիզնեսի գործունեության որակի բարձրացմանը: Ծրագիրն իրականացվել է ՏՀՏ գործատուների միության, Վիվա-ՄՏՍ ընկերության և ՀՊՃՀ համատեղ ջանքերով և այս եռամիասնությունը վստահություն է ստեղծում, որ համագործակցությունը կլինի շարունակական», - ասել է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը: Միջոցառման ընթացքում կայացել է նաև «Հեռահաղորդակցություն և կապ, IoT համակարգեր» դպրոցական ծրագրի շնորհանդեսը։ Ըստ էության, սա 2015 թվականից մեկնարկած կարևոր գործընթացի ձեռքբերում է: Համատեղ ջանքերով, ԿԳՄՍ նախարարությունը, Վիվա-ՄՏՍ-ը, «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները և ՏՀՏ գործատուների միությունն ավագ դպրոցներում սկսել են իրականացնել ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիր, որը երկարաժամկետ ներդրում է ՏՀՏ ոլորտում երիտասարդների մասնագիտացման ուղղությամբ: Միջոցառման ընթացքում ցուցադրվել և փորձարկվել է լաբորատոր 3 ստենդ՝ «Խելացի տուն», «Պաշտպանված տուն» և «Խելացի այգի»։