Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Մեր հանրապետության միջազգային օրավուր աճող հեղինակությունը, քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում հետեւողական հաղթանակները, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման համար ստեղծված նպաստավոր պայմանները լրջորեն հուզում են մի շարք արեւմտյան երկրների եւ շրջանակների, որոնց նպատակը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը չէ եւ որոնք «Դիտորդական առաքելության» անվան տակ գործում են երկու պետությունների սահմանին,- ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են փոխանցում, պաշտոնական «Հանրապետություն» թերթում գրել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նաղիեւը, որի հեղինական հոդվածը նվիրված է իր երկրի անվտանգային սպառնալիքներին: Ընդամենը երկու օր առաջ Նաղիեւի գլխավորած հատուկ ծառայությունը ձերբակալել է երկու անձի, որ կասկածվում են Լենքորանի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձի կազմակերպման մեջ: Նրանցից մեկը, ըստ պաշտոնական հաղորդագրության, թեեւ Ադրբեջանի քաղաքացի է, բայց մշտապես բնակվում էր ՌԴ Մուրմանսկ քաղաքում, որտեղից հայրենիք է վերադարձել հատկապես այդ սպանությունը կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով: Հունվար-փետրվար ամիսներին Նաղիեւի ծառայությունը Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում եւ մի քանի շրջաններում տասնյակ «արմատական իսլամական հավատացյալների» է ձերբակալել: Այդ ընթացքում մի քանի անգամ տեղեկատվություն է տարածվել Իրաքի եւ Սիրիայի տարածքում Իսլամական պետության գրոհայինների ճամբարներից Ադրբեջանի քաղաքացիների հայրենադարձության մասին: Տեղեկատվական այս ֆոնին Ադրբեջանում անկայունությամբ շահագրգռված ներկայացնել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնող եվրոպական երկրներին՝ միայն մի բան է նշանակում. Ադրբեջանի հատուկ ծառայությունները նախապատրաստում են դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ եւ նախապես հող են նախապատրաստում, որպեսզի սադրանքների համար պատասխանատվությունը հասցեագրեն Հայաստանին եւ Եվրամիությանը, արեւմտյան երկրներին: Չափազանց ուշագրավ է, որ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենը հեղինակային հոդված է հրապարակել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինի Բաքու այցից անմիջապես հետո: Բաստրիկինը եւ Ադրբեջանի գլխավոր դատախազ Ալիեւը ստորագրել են իրապապահ մարմինների 2024-2026 թվականների համագործակցության Ծրագիր: Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը Մոսկվան քաղաքական առումով վերագրել է հավաքական Արեւմուտքին: Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենը հավանական անկայունության մեղավոր արդեն իսկ նշանակել է՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնող երկրները: Ավանդական ճեպազրույցի ժամանակ երեկ նույն միտքը հնչեցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբերից ի վեր պաշտոնական Բաքուն ոչ մի առիթ բաց չի թողնում՝ Ֆրանսիային մեղադրելու Հայաստանում «ռեւանշիզմ սնուցելու» մեջ: Վերջին հայտարարությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն նման վերագրում արել է նաեւ Հունաստանին, իսկ դիտորդական առաքելությանը Կանադայի ներգրավվածությունը գնահատել որպես հայ-ադրբեջանական «սահմանին ՆԱՏՕ-ի փաստացի ներկայություն»: Բաքվի հատուկ ծառայության տնօրենի հեղինակային հոդվածն այս իմաստով կարելի է համարել «նախապատրաստական փուլի ավարտ»: Որտե՞ղ եւ ի՞նչ է ծրագրում Ալի Նաղիեւը՝ կարելի է միայն ենթադրել: Խնդիրն այն է, թե ի՞նչ ծավալի սադրանք կարող է իրականացնել նրա գլխավորական կառույցը: Ըստ երեւույթին, դա կախված կլինի Թուրքիայի հետ գործողությունների կոորդիանացիայից, ինչն էլ իր հերթին, հավանաբար, պայմանավորված է նրանով, թե որքանով սերտ են համագործակցում Ռուսաստանի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունները: