Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին

Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին

«Այս հանդիպման առանցքը տնտեսական դիմակայունությունն է՝ օգնելու Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և լուծել մարդասիրական կարիքները: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու դա կարող է էսկալացիոն լինել կամ անհանգստացնել աշխարհի որևէ երկրի», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունենալիք Բլինքեն-Փաշինյան-Ֆոն Դեր Լյաեն հանդիպման մասին Ադրբեջանի արձագանքին: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել էր, թե հանդիպումը միակողմանի եւ կանխակալ է, նշելով, թե ԱՄՆ ու Եվրամիությունը կիսում են պատասխանատվությունը Հայաստանի հնարավոր ապակայունացնող քայլերի համար: Միլլերի արձագանքը կարեւոր է: Նա անում է նվազագույնը, այսինքն արձանագրում, որ Բրյուսելի հանդիպմանը չի քննարկվելու ոչինչ, որը կարող է սպառնալիք լինել Բաքվի համար, հետեւաբար լինել անհանգստության, եւ կամ՝ շանտաժի կամ սադրանքի պատճառ Ադրբեջանի համար: Բայց, այստեղ շատ կարեւոր է, թե արդյո՞ք ԱՄՆ նախազգուշացնում է Բաքվին՝ ձեռնպահ մնալ սադրանքից: Ինչու՞ է սա կարեւոր: Որովհետեւ, կասկածից վեր է, որ Բաքուն ոչ թե անհանգստանում է Հայաստանին ցուցաբերվելիք այնպիսի աջակցությունից, որը կարող է դառնալ Հայաստանի գրոհի պատճառ, այլ հակառակը՝ ինքն է փնտրում իր գրոհի պատճառ կամ առիթ: Կարեւոր է, որ Միլլերը հայտարարում է, որ չկա գրոհի պատճառ: Բայց, այդ կերպ պետքարտուղարության խոսնակը փաստացիի հայտարարում է, որ իրենք պատասխանատու չեն Բրյուսելի հանդիպման որեւէ «էսկալացիոն» ազդեցության կամ հետեւանքի մասին: Կրկնեմ, սա ունի նվազագույն կարեւորություն, բայց թերեւս ոչ բավարար, հաշվի առնելով Ադրբեջանի վարքագիծն ու բնույթը, եւ մի շարք այլ քաղաքական հանգամանքներ: Ըստ այդմ, շատ կարեւոր է նաեւ թերեւս առավել բարձր մակարդակով Ադրբեջանին ուղղված նախազգուշացումը, որ Բրյուսելի հանդիպումն էսկալացիայի առիթ դարձնելու պարագայում Ադրբեջանը կարող է ունենալ զգալի խնդիրներ: Իհարկե մեղմ ասած հարց է, թե արդյո՞ք դա էլ բավարար է Բաքվին զսպելու համար, այդուհանդերձ առավել հստակ եւ առարկայական զգուշացումը թերեւս էական անհրաժեշտություն է: