Ալիեւի «միջազգային իրավունքը»

Ալիեւի «միջազգային իրավունքը»

Այն ժամանակ, երբ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ սկզբունքների հիման վրա հաստատուն խաղաղության, կայունության եւ անվտանգության բացառիկ հնարավորություն է ստեղծվում, մենք եւս մեկ անգամ բոլոր կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ քայլերից, որ կարող են բացասաբար ազդել խաղաղ ջանքերի վրա եւ տարածաշրջանում սադրել էսկալացիայի եւ լարվածության նոր ալիքներ,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությամբ, որ ընդունվել է ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող՝ ԱՄՆ պետքարտուղարի, Եվրահանձնաժողովի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպմանն ընդառաջ: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ՝ այդ խորհրդաժողովը «թափանցիկ չէ, զուրկ է տարածաշրջանային ինկլյուզիվությունից եւ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր եւ «ազդեցության ոլորտներ» է ստեղծում»: Սա, երեւի, Իլհամ Ալիեւի բուն ասելիքն է: Բայց խնդիրն այն է, թե ով եւ ինչպես է խախտել ինկլյուզիվությունը: Ընդ որում, հարկ է պարզաբանել, որ հետկոնֆլիկտային կարգավորման առաջին ծրագիրը, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների տեսքով Մոսկվան ներկայացրել էր 2021 թվականին, մերժել է Բաքուն, քանի որ այն ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային: Միայն դրանից հետո է ձեւավորվել բանակցությունների բրյուսելյան հարթակը, ինչից մեկ տարի անց դարձյալ Ալիեւն է հրաժարվել՝ չմասնակցելով Գրանադայի հանդիպմանը: Այսօր Ադրբեջանը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդում է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության պատասխանատվությանը եւ ակնհայտորեն վկայում, որ գտնվում է ազդեցության գոտում: Արդարացվա՞ծ է Հայաստանի սպասումը, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը կսատարեն անվտանգության միջավայրի բարելավման ջանքերին: Ըստ էության, Իլհամ Ալիեւը սպառնում է տարածաշրջանում էսկալացիայի եւ լարվածության նոր ալիքներով: Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը նա դրական էր գնահատել, բայց սահմանազատման հարցերով Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունը բոլորովին այլ բնույթի էր: Մեր հատուկ նշանակության ստորաբաժանումները կմտնեն այդ գյուղեր եւ վերջ կտան դիմադրությանը, բայց այդ ժամանակ ոչ ոք չի երաշխավորի, թե նրանք որտեղ կանգ կառնեն,- հայտարարել է Միլլի մեջլիսի պատգամավոր Մուսաբեկովը: Ըստ այդմ, Իլհամ Ալիեւի համար «միջազգային իրավունքն» այն է, ինչ ինքն է պատկերացնում եւ պարտադրում «պատերազմում հաղթածի իրավունքով»: Ի՞նչ աջակցություն կարող են ցուցաբերել Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը: Եթե առաջացել է Հայաստանի հետ առանձին խորհրդաժողով գումարելու անհրաժեշտություն, ապա հետեւու՞մ է, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը Բաքվի հետ շփումներում «սպառել են դիվանագիտական ազդեցության պաշարները»: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից հասկացվում է, որ Բաքուն Վաշինգտոնին եւ Բրյուսելին զգուշացնում է, որ կարող է գնալ սահմանային լարվածության, որ կտապալի ապրիլի 5-ին նախատեսված խորհրդաժողովը: «Թուրան» գործակալությունը, հղելով դիվանագիտական իր աղբյուրներին, ակնարկում է, որ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի կայացել «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցի պատճառով»: Բայց Ադրբեջանում Իրանի դեսպանն այդ հանդիպման անոնս արել է մարտի 18-ին, երբ Ստոլտենբերգը դեռ Բաքվում էր, հանդիպումներ էր ունենում պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարի հետ: Դրան հաջորդել է Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինս Հարավային Կովկասում իրադարձություններն ու զարգացումները «զգայուն» է գնահատել եւ վճռականություն հայտնել՝ պաշտպանելու Իրանի ազգային շահը: Մինչ այդ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույց էր ունեցել Իլհամ Ալիեւը, ընդգծվել էր «դաշնակցային հարաբերությունները եւ ռազմավարական համագործակցությունը ամրապնդելու կողմերի պատրաստակամությունը»: Խոսելով Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից տարածաշրջանում «բաժանարար գծեր եւ ազդեցության ոլորտներ ստեղծելու» մասին՝ Ադրբեջանը չի՞ արձանագրում, որ ինքն արդեն իսկ այդ բաժանարարն ստեղծել է: Անկախ նրանից, թե որ երկրի հետ է Բաքուն ռազմավարական համագործակցության մեջ, դա «ուժի իրավունքի» բաժանարար է, ոչ թե՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ սկզբունքների: Անկախ նրանից, թե Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը ինչ ռազմավարական շահեր են հետապնդում, Հայաստանի համար այս իրավիճակում էքզիստենցիալ նշանակություն ունի Ադրբեջանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա կարգավորումը: Դա, անշուշտ, ռիսկային է եւ իր գինն ունի, բայց ո՞րն է այլընտրանքը: Ընդունել Ադրբեջանի բոլոր նախապայմաննե՞րը: Մանավանդ ստույգ չէ, թե դրանք որտեղ եւ ինչով են սահմանափակվում: