Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Տեղեկություն է տարածվել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը մայիսին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ջո Բայդենի հետ: Հետաքրքիր է, Էրդողանը Պուտինի հետ կհանդիպի մինչեւ՞ ԱՄՆ մեկնելը, թե՞ դրանից հետո: Սպասվում է Պուտինի այց Թուրքիա, որը պետք է կայանար փետրվարին, սակայն հետաձգվեց ՌԴ նախագահի ընտրությունից հետո: Բայց, կարծես թե անորոշությունը շարունակվում է եւ չկա հստակ ժամկետ, թե երբ կայցելի Թոււրքիա Պուտինը: Ավելին, պարզ չէ, թե այդ հարցում ինչ ազդեցություն կունենա Էրդողանի շանտաժը, որ նա աստացի հնչեցրել էր մերձմոսկովյան ահաբեկությունից հետո Պուտինին հեռախոսով ցավակցելիս, ասելով, թե ահաբեկությունը ցույց է տալիս, որ պետք է շուտափույթ կարգավորել ռեգիոնալ հակամարտությունները: Թուրքիան ակնհայտորեն փորձում է վերատեղավորվել ԱՄՆ ու Ռուսաստանի «արանքում», ըստ ամենայնի «կանխազգալով», որ այդ փոխհարաբերության ծիրում բավականին հավանական են դառնում որոշակի տրանսֆորմացիաները եւ կարող է դեր ստանալ Ֆրանսիան: Այդ հանգամանքը մտահոգիչ է թերեւս նաեւ Թուրքիայի առանցքային գործընկեր Բրիտանիայի համար: Թեեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը անցել է Ռուսաստանի հանդեպ չափազանց սուր հռետորաբանության, այդուհանդերձ այդ հանգամանքը Անկարայի համար թերեւս թվում է կասկածելի: Իհարկե ոչ այն իմաստով, որ Ֆրանսիան խաղում է թատրոն, կամ առավել եւս՝ Ռուսաստանի հետ պայմանավորված: Բաց, Մակրոնը խաղը սրում է ակնհայտորեն նաեւ այդ հաշվարկով, թերեւս լավ պատկերացնելով, որ հաճախ հենց սրացումներն ու արմատականությունն են, որ բերում են պայմանավորվածության: Անկարայի կասկաշը թերեւս առավել եւս խորացել է Պուտինի հետընտրական ելույթից հետո, երբ նա հայտարարեց, թե Ֆրանսիան կարող է կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաամում եւ «ամեն ինչ չէ, որ կորած» է: Իսկ Ռուսաստանում ահաբեկությունից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Մոսկվային Փարիզն ընդհուպ նախարարական մակարդակով առաջարկել է խորացնել գործակցությունը ահաբեկության դեմ պայքարում: Էրդողանն ըստ ամենայնի Վաշինգտոնում կփոձի փոխել իրադարձությունների զարգացման այդ հնարավոր «պարադիգմը», կամ՝ շոշափել դրա իրատեսականությունն ու թույլ չտալ ծավալում եւ խորացում: Ըստ ամենայնի, Էրդողանի վաշինգտոնյան այցը վճռորոշ է լինելու Կովկասի խաղաղության եւ պատերազմի համար: