Թուրքիայի գլխավոր օմբուդսմենը կմեկնի Ուկրաինա և ՌԴ

Թուրքիայի գլխավոր օմբուդսմենը կմեկնի Ուկրաինա և ՌԴ

Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը ծրագրում է այս շաբաթ այցելել Ուկրաինայում ռուս գերիների պահման վայրեր, ինչպես նաև հանդիպել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա հայտնել է թուրքական Sabah թերթին տված հարցազրույցում: «Նախ՝ մենք կստուգենք Ուկրաինայի պատերազմական գոտիները, կգնանք Օդեսա, կհանդիպենք տեղահանվածների ընտանիքներին, ովքեր ստիպված են եղել գաղթել պատերազմի պատճառով, կհանդիպենք Ռուսաստանում գերի ընկած ուկրաինացի զինվորների ընտանիքների հետ, կհանդիպենք նախագահ Զելենսկու հետ»,- ասել է նա: Նա նշել է, որ իրեն ուղեկցող պատվիրակության հետ նախատեսում է հանդիպել Ուկրաինայում ռուս ռազմագերիների հետ, գնահատել իրավիճակը գերիների ճամբարներում՝ մարդու իրավունքների հարգման և պահման պայմանների համապատասխանության տեսանկյունից։ Մալքոչը հայտնել է նաև, որ հետագայում պատրաստվում է նման այց կատարել նաև Ռուսաստանի Դաշնություն՝ ուկրաինացի գերիների պահման վայրեր: «Այս հարցում մենք կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ»,- ասել է նա։ Այդ ստուգումների արդյունքների հիման վրա Մալքոչը նախատեսում է զեկույցներ պատրաստել և ներկայացնել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի ղեկավարությանը և ուղարկել միջազգային կազմակերպություններին։