Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում

Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում

Transfermarkt պարբերականը հրապարակել է նախկին ԽՍՀՄ երկրների ֆուտբոլիստների տրանսֆերային վարկանիշը։ Հաշվի են առնվել խաղացողների կարիերայի ընթացքում արձանագրված տրանսֆերային ամենաբարձր արժեքները։ Առաջին հորիզոնականում է իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան, որի արժեքը իր կարիերայի գագաթնակետին հասել է 2023 թվականին, կազմելով 85 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է «Չելսիի» ուկրաինացի հարձակվող Միխայիլ Մուդրիկը, որի տրանսֆերային արժեքը 2023 թվականին կազմել է 60 միլիոն եվրո։ Լավագույն եռյակը եզրափակել է մեկ այլ ուկրաինացի լեգենդար հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որի արժեքը 2006 թվականին եղել է 51 միլիոն եվրո։ Այս ցուցանիշով Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 5-րդ տեղում է։ 2007 թվականին երբ Մխիթարյանը ելույթ էր ունենում Դորտմունդի «Բորուսիայում» նրա տրանսֆերը եղել է 37 մլն եվրո: Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է ով ելույթ է ունեցել թոփ-5 առաջնություններից 3-ում՝ Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և Ա սերիայում։ Կարիերան սկսելով Երևանի «Փյունիկում» 2009 թվականին տեղափոխվել էր Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ անցկացնելով 46 հանդիպում՝ դարձել էր 17 գոլի հեղինակ։ 2010 թվականին պայմանագիր կնքեց ուկրաինական ուժեղագույն ակումբներից՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Տրանսֆերը կազմել էր 7.5 միլիոն եվրո։ Աչքի ընկելով փայլուն ելույթներով՝ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում 106 խաղում դարձավ 44 գոլի հեղինակ։ 2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 միլիոն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։ Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը այդ ժամանակ մեծ քննարկումների առիթ էին դարձել։ Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին, որ «Լիվերպուլը» ցանկանում է գնել Մխիթարյանին, սակայն հետագայում լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ գործարքը չի կայանա երրորդ կողմի հետ անհամաձայնության պատճառով։ Մխիթարյանի տեղափոխությունը կարելի էր դասել բարդ տրանսֆերային գործարքների շարքին, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում էին 3 կողմի՝ «Շախտյորին», «Փյունիկին» և Դոնեցկի «Մետալուրգի» սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Բացի այդ, Մխիթարյանը ոչ մի կերպ չէր ցանկանում վերադառնալ «Շախտյոր», իսկ ուկրաինական ակումբը ոչ մի կերպ մտադիր չէր փոխզիջումների գնալ և իր առաջատարին բաց թողնել։ Այնուամենայնիվ, երկարատև ու խառը բանակցություններից հետո «Բորուսիան» կարողացավ «Շախտյորի» ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։ Ինչևէ, «Բորուսիայում» անցկացնելով 141 հանդիպում՝ Մխիթարյանը դարձել էր 41 գոլի հեղինակ։ 2016 թ. 40 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 63 խաղում խփելով 13 գնդակ։ 2018 թվականի հունվարին Մխիթարյանը հայտնվեց «Արսենալում», որտեղ 59 խաղում դարձավ 9 գոլի հեղինակ։ 2019 թվականին Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա», 2022 թվալանին պայմանագիր կնքեց այս թիմի հետ։ 2023 թվականի վերջին հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր կնքեց իտալական թիմի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային ընդհանուր հանրագումարը կազմում է 112.8 միլիոն եվրո։ «Ինտերը» Մխիթարյանի 8-րդ ակումբն է։ Հիշեցնենք, որ 2022 թվականի տարվա մարտին Մխիթարյանը հայտարարել էր Հայաստանի ազգային թիմում իր ելույթն ավարտելու մասին։ Նա Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից մինչև 2022 թվականի մարտը՝ ավագը։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 95 խաղում խփած 32 գնդակով։ 11 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։