4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից

4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ։ Կողմերն արդեն իսկ բանավոր համաձայնության եկել և մոտ օրերս կլինի նաև պաշտոնական հայտարարություն։ Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2024/2025 թթ մրցաշրջանի ավարտը։ Այս մրցաշրջանում Մխիթարյանը անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը «Ինտերի» շարքերը համալրել է 2022 թվականի ամռանը ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով։ Գործող պայամանագիրը «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանի հետ կնքել էր երկու տարով։ Իտալական լրատվամիջոցների համաձայն հայ կիսապաշտպանը տարեկան 3․3 մլն եվրո աշխատավարձ է ստանում։ Աշխատավարձին գումարելով նաև պարգևավճարները Մխիթարյանը տարեկան մոտ 4․5 միլիոն եվրո է վսատակում։ Նախատեսվող պայմանագրի համաձայն Մխիթարյանը տարեկան կստանա 4 միլիոն եվրո գումարած պարգևավճարները։ 2024 թվականի հունվարին Մխիթարյանը կդառնա 35 տարեկան։ Ընդունենք, որ այս տարիքում Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկի հետ նման պայմաններով պայմանագիր կնքելը բնորոշ է թերևս մեծ ֆուտբոլիստին։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին Մխիթարյանը հայտարարել էր Հայաստանի ազգային թիմում իր ելույթն ավարտելու մասին։ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից մինչև 2022 թվականի մարտը՝ ավագը։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 95 խաղում խփած 32 գնդակով։ 10 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է ով ելույթ է ունեցել թոփ-5 առաջնություններից 3-ում՝ Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և Ա սերիայում։ Կարիերան սկսելով Երևանի «Փյունիկում» 2009 թվականին տեղափոխվել էր Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ անցկացնելով 46 հանդիպում՝ դարձել էր 17 գոլի հեղինակ։ 2010 թվականին պայմանագիր կնքեց ուկրաինական ուժեղագույն ակումբներից՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Տրանսֆերը կազմել էր 7.5 միլիոն եվրո։ Աչքի ընկելով փայլուն ելույթներով՝ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում 106 խաղում դարձավ 44 գոլի հեղինակ։ 2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 միլիոն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։ Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը այդ ժամանակ մեծ քննարկումների առիթ էին դարձել։ Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին, որ «Լիվերպուլը» ցանկանում է գնել Մխիթարյանին, սակայն հետագայում լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ գործարքը չի կայանա երրորդ կողմի հետ անհամաձայնության պատճառով։ Մխիթարյանի տեղափոխությունը կարելի էր դասել բարդ տրանսֆերային գործարքների շարքին, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում էին 3 կողմի՝ «Շախտյորին», «Փյունիկին» և Դոնեցկի «Մետալուրգի» սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Բացի այդ, Մխիթարյանը ոչ մի կերպ չէր ցանկանում վերադառնալ «Շախտյոր», իսկ ուկրաինական ակումբը ոչ մի կերպ մտադիր չէր փոխզիջումների գնալ և իր առաջատարին բաց թողնել։ Այնուամենայնիվ, երկարատև ու խառը բանակցություններից հետո «Բորուսիան» կարողացավ «Շախտյորի» ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։ Ինչևէ, «Բորուսիայում» անցկացնելով 141 հանդիպում՝ Մխիթարյանը դարձել էր 41 գոլի հեղինակ։ 2016 թ. 40 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 63 խաղում խփելով 13 գնդակ։ 2018 թվականի հունվարին Մխիթարյանը հայտնվեց «Արսենալում», որտեղ 59 խաղում դարձավ 9 գոլի հեղինակ։ 2019 թվականին Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա», իսկ անցյալ տարի պայմանագիր կնքեց այս թիմի հետ։ «Ինտերը» Մխիթարյանի 8-րդ ակումբն է։