Հենրիխ Մխիթարյանի պատասխանը Արմեն Մելիքբեկյանին․․․

Հենրիխ Մխիթարյանի պատասխանը Արմեն Մելիքբեկյանին․․․

«Անձամբ Մխիթարյանից ես հրապարակային աջակցություն որեւէ տեղ չեմ տեսել, չեմ լսել: Այդ մասին հայտարարում է Արասը: Օրինակ՝ տեսա, որ Լեւոն Արոնյանն աջակցում է Արաս Օզբիլիզին: Նման հրապարակային հայտարարություն Հենրիխ Մխիթարյանից չեմ լսել: Քանի դեռ չեմ լսել, ոչինչ ասել չեմ կարող»,- այս մասին երեկ հայտարարել էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Վերջին օրերին հայկական ֆուտբոլային ընտանիքում շատ էր խոսվում Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի այսօր կայանալիք ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում Արաս Օզբիլիսի հնարավոր աջակցության մասին։ Ընտրությունից ժամեր առաջ Արմեն Մելիքբեկյանը ըստ էության թերահավատորեն էր մոտենում այս փաստին, բայց․․․։ Երեկ ուշ երեկոյան Մխիթարյանը հանդես եկավ հայտարարությամբ․ «Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձր մակարդակի մարզիկն ու անձնավորությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Ես վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս օգուտ կտան իմ երկրում ֆուտբոլի աճին։ Ես քո կողքին եմ իմ ընկեր եւ հաջողություն եմ մաղթում»։ Լեգենդար ֆուտբոլիստի այս հայտարարությունը էապես փոխեց իրավիճակը ոչ միայն ՀՖՖ-ի նախագահի ընտրությունների շուրջ, այլև հայկական ֆուտբոլում։ Այս հայտարարությամբ Մխիթարյանը ոչ միայն պատասխանեց Մելիքբեկյանին, այլև տվեց նաև կարևոր հարցի պատասխանը։ Մխիթարյանը դեմ է ՀՖՖ-ի գործող ղեկավարությանը և ցանկանում է փոփոխություն։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի և Խորվաթիայի հետ հանդիպումներին ընդառաջ շատ էր խոսվում Մխիթարյանի Հայաստանի հավաքական վերադառնալու հնարավորության մասին։ «Կարծում եմ՝ Մխիթարյանը շուտ հեռացավ։ Նա դեռ կարող էր օգնել, հատկապես հիմա, երբ լավ երիտասարդ տղաներ են եկել ու լավ թիմ է հավաքվել։ Ճանաչելով Հենրիխին ու նրա կերպարը՝ վստահաբար կարող եմ ասել, որ նա չի վերադառնա։ Ինձ համար անակնկալ էր, երբ Մխիթարյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում, բայց մենք պետք է հարգենք նրա որոշումը։ Հենրիխը զգաց, որ ավարտելու ժամանակն է։ Ափսոս, որ Հայաստանում այլևս չկան նման մակարդակի ու որակավորման խաղացողներ։ Իհարկե, Հայաստանը կկարողանա խաղալ առանց Մխիթարյանի, խաղադաշտում կա 11 խաղացող։ Մխիթարյանի` հավաքականից հեռանալու հետ կապված խնդիր չեմ տեսնում։ Առանց նրա էլ ներկայիս թիմը կարող է շատ բանի համար պայքարել ու շատ լավ ֆուտբոլ խաղալ»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին։ Վերջինս ևս հանդես գալով գալով ուղերձով հայտարարել էր, որ աջակցում է Արաս Օզբիլիսն։ Թուրքիայի դեմ խաղինց առաջ Proffootball.am-ին տված հարցազրույցում Մխիթարյանը մեկնաբանել էր հավաքական վերադառնալու վերաբերյալ խոսակցությունները։ «Արդյոք հավաքականի կազմում կանցկացնե՞մ 96-րդ խաղը․ կարծում եմ՝ ցավոք, ոչ։ Չեմ զղջում իմ որոշման համար։ Միշտ որոշումներս ընդունել եմ սառը գլխով և հանգիստ սրտով՝ չնայած, որ այդ որոշումը կայացնելը շատ դժվար է եղել։ Կարծում եմ՝ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերադ, քան երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն էր, երբ զգացի, որ արդեն ժամանակն է։ Խնդիրների ու դետալների մասին մանրամասն կխոսեմ երևի ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո, թեև բոլորին գուցե հիմա է հետաքրքիր։ Ավելի լավ կլինի խոսենք հետո։ Ամեն ինչ կբացատրեմ ու կպատմեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ իմ երկրի ազգային հավաքականին հաջողություն մաղթելն է, որ հաջողության հասնեն ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ մնացած խաղերում։ Եկել է ժամանակը, որ նոր, երիտասարդ սերունդը պատասխանատվություն վերցնի և կարողանա ազգային հավաքականն իր ետևից տանել։ Տեսանք՝ վերջին խաղերը շատ դժվարությամբ ստացվեցին, բայց մարզչի գալով հուսամ ամեն ինչ կշտկվի, ու մեր տղաները շատ պատվով և պատասխանատվությամբ հանդես կգան»։ Մխիթարյանը կարիերան ավարտելու մտադրություն չունի և պատրաստվում է նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ։ Ստեղծված իրավիճակում սակայն լեգենդար ֆուտբոլիստը աջակցելով Օզբիլիսին ըստ էության հասկացնել խոսեց նաև հավաքականից հեռանալու պատճառի մասին։ Չմոռանանք, որ Մելիքբեկյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ Մխիթարյանի ազգային թիմից հեռանալու պատճառն իր կարծիքով ՀՖՖ-ի ղեկավարությունը և նրա վարած քաղաքականությունը չէ։