Յուրա Մովսիսյանի շեշտադրումը․ Ո՞վքեր են աջակցում Արմեն Մելիքբեկյանին․․․

Յուրա Մովսիսյանի շեշտադրումը․ Ո՞վքեր են աջակցում Արմեն Մելիքբեկյանին․․․

«Կարծում եմ՝ ժամանակն է՝ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից: Մենք շատ ծանր գին ենք վճարել, որպեսզի մեր ֆուտբոլը փոխվի տարիների ընթացքում, և ժամանակն է, որ քաղաքականությունը թույլ տա ֆուտբոլային մասնագետներին անել այն, ինչ նրանք լավագույնը գիտեն: Ավելի քան 30 տարի գիտենք, թե քաղաքականությունն ինչ է արել ֆուտբոլում, այնպես որ, խնդրում եմ՝ հեռու մնացեք: ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներին էլ՝ Արաս Օզբիլիսին և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին հաջողություն եմ ցանկանում: Հայկական ֆուտբոլը կփոխվի միայն այն դեպքում, եթե մենք ազնիվ լինենք մեր աշխատանքում, և ես իսկապես հավատում եմ, որ Արաս Օզբիլիսն ու Արմեն Մելիքբեկյանն ամեն ինչ կանեն՝ մեզ այս խառնաշփոթից հանելու համար: Ես մեծ վստահություն ունեմ, որ երկուսն էլ այս հարցում ճիշտ պատճառներով են, և երկուսին էլ հաջողություն եմ մաղթում: Հարկավոր է՝ այս մրցավազքում հաղթի հայկական ֆուտբոլը»,- այս մասին սոցցանցերում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Հիշեցնենք, որ վաղը տեղի է ունենալու ՀՖՖ նախագահի ընտրությունը։ Արաս Օզբիլիսին իրենց աջակցությունն են հայտնել հայկական ֆուտբոլում հեղինակություն վայելող բազմաթիվ մարդիկ ինչպիսիք են Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը, մեր ազգային թիմի նախկին խաղացողներ Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելին։ «Ես շնորհակալ եմ Հենրիխ Մխիթրայանին, թե՛ խոսքով, թե՛ գործով ինձ միշտ աջակցելու համար։ Մի բան ասեմ` իմ ընտրվելու դեպքում ես ջանք չեմ խնայի, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտն անպայման խաղան Հայաստանի հավաքականում։ Մենք, գուցե, ամբողջապես չենք էլ ընկալում Հենրիխ Մխիթարյանի մեծագույն ֆուտբոլիստ լինելու փաստը: Մեզ նման փոքր երկրները պետք է երկու ձեռքով պահեն Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստին: Հենրիխն այն օրինակն ու ապացույց է, որ հնարավոր է հայկական ֆուտբոլից համաշխարհային աստղեր ունենալ: Մենք պետք է ամեն հնարավոր բան անենք՝ մեր զարգացման համար օգտագործելով օրինակ նույն հենց Մխիթարյանի փորձը, տաղանդը, կապերը»,- ավելի վաղ հայտարարել էր Օզբիլիսը: Նախօրեին տեսաուղերձով էր հանդես եկել շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կոչ անելով քվեարկել Օզբիլիսի օգտին։ Իսկ ո՞վքեր են աջակցում Արմեն Մելիքբեկյանին։ «Կան բազմաթիվ նախկին եւ ներկա ֆուտբոլիստներ, որոնք ինձ են աջակցում, բայց հրապարակումներ չեն անում: Յուրաքանչյուր մարդ ուրույն է կառուցում իր PR արշավը: Իմ ընտրությունն է՝ երբեւէ շատ չխոսել: Ոչ մի խնդիր դրանում չեմ տեսնում, որ նրան աջակցում են: Ինչ-որ մեկը կարող է Արաս Օզբիլիզին աջակցել, բավական շատ մարդիկ ինձ են աջակցում: Նորմալ պրոցես է»,- News.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՖՖ-ի գործող նախագահը: Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի Յուրա Մովսիսյանի հայտարարությունը։ Տարիներ շարունակ հայկական ֆուտբոլը քաղաքականության մաս է կազմել ինչն ուղղակի քայքայիչ ազդեցություն է ունեցել։ Լիահույս ենք, որ առաջիկա ընտրություններում քաղաքական երանգներ չեն նկատվի։ Արձանագրենք թերևս, որ անկախ ընտրությունների արդյունքից հայկական ֆուտբոլում ձևավորվեց ընդդիմադիր ճակատ, որը գլխավորում է Արաս Օզբիլիսը։ Առողջ ընդդիմադիր ճակատի առկայությունն ֆուտբոլային գերատեսչության արդյունավետ աշխատանքի կարևոր բաղադրիչներից է։ Նշենք, որ Արաս Օզբիլիսին են աջակցում մեր խոշոր ակումբներից 4-ը։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով վաղը Արաս Օզբիլսի օգտին են քվեարկելու «Փյունիկ», «Ուրարատու», «Արարատ-Արմենիա» և «Շիրակ» ակումբները։ Խոշոր ակումբներից Մելիքբեկյանի օգտին կքվեարկի «Ալաշկերտը»։ Հիշեցնենք, որ Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։