Ինչի մասին է լռում Մելիքբեկյանը․ Ի՞նչ է փոխվել Նեմեց Ռուբոյից հետո․․․

Ինչի մասին է լռում Մելիքբեկյանը․ Ի՞նչ է փոխվել Նեմեց Ռուբոյից հետո․․․

ՀՖՖ-ի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց իր պաշտոնավարության օրոք կատարված աշխատանքները պնդելով, որ վերջին տարիներին հայկական ֆուտբոլն այնուամենայնիվ առաջընթաց է ապրել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին տեղի են ունենալու ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը, որի շուրջ օր օրի լարվածությունը մեծանում է։ Մելիքբեկյանի միակ մրցակիցը Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որի շուրջ կա հայկական ֆուտբոլային աշխարհի լայն համախմբում։ Որպես զարգացման լուրջ արգումենտ Մելիքբեկյանը հիշատակում է մարզադաշտերի և ենթակառուցվածքների կառուցումն ու վերանորոգումը։ Նշենք, որ այս գործընթացը տեղի է ունենում ավելի քան 20 տարի։ Իր հաշվետվություններում մարզադաշտեր կառուցելը հիշատակում էր նաև ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, վստահեցնելով, որ լավ ֆուտբոլ ունենալու հիմքում բարձրակարգ ենթակառուցվածքներն են։ Այո, լավ պայմանները լավ ֆուտբոլ ունենալու համար կարևոր գրավականներից են, բայց․․․։ Մենք տասնամյակներ շարունակ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հատկացված գումարներով խաղադաշտեր և այսպես կոչված ակադեմիաներ ենք կառուցում, բայց այդ մարզադաշտերում դեռևս գեթ մեկ երեխա բարձրակարգ ֆուտբոլիստ չի դարձել, որն այսօր հանդես կգար եվրոպական բարձրակագ թիմում։ Հայաստանի ազգային հավաքականի պատմության բոլոր լավագույն ֆուտբոլիստները ոչ այնքան լավ պայմաններում ֆուտբոլով զբաղցած կադրերն են։ Կառուցելով տարատեսակ մարզադաշտեր մենք այսօր չունենք գոնե միջին եվրոպական մակարդակի ստադիոն, որտեղ ելույթ կունենա Հայաստանի ազգային հավաքականը։ Տարիներ շարունակ ՀՖՖ-ի ղեկավարությունը խոսել է Ազգային ստադիոն կառուցելու մասին, բայց այսօր մեր գլխավոր թիմը խաղում Գնունու «յարմրկայի» կողքին ծվարած 14 հազարանոց հին մարզադաշտում, որը չի համապատասխանում միջազգային նորմերին։ Մելիքբեկյանը, որպես ձեռքբերում հիշատակում է 2020 թվականին Ազգերի լիգայի խաղարկության C ենթախմբում մեր հավաքականի հաղթանակը։ Այո, Հայաստանը այդ մրցաշարում խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, բայց․․․։ Նշենք սակայն, որ այդ մրցաշարում չէին խաղարկվում Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր և մեր մրցակիցները այսպես ասած մեծ նվիրումով չէին խաղում։ Իր հաշվետվությունում Մելիքբեկյանը չի խոսում այդ մրցաշարից հետո մեր հավաքականի մրցելույթների մասին։ Մասնավորապես, ՀՖՖ-ի գործող նախագահը լռում է 2022 թվականի մարտի 31-ին Օսլոյում տեղի ունեցած Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպման մասին։ Այդ օրը մեր հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը զիջելով 9։0 հաշվով։ Այո, Հայաստանը պատմության մեջ ամենախայտառակ պարտությունը կրել է հենց Մելիքբեկյանի օրոք։ Դրանից հետո ՀՖՖ-ի ղեկավարությունը ներողություն խնդրեց երկրպագուներից, բայց․․․։ Ներողությանը հաջորդեց խայտառակ մրցելույթը Ազգերի լիգայում։ 6 խաղում Հայաստանի ազգային թիմը կրեց 5 պարտություն, որոնցից 3-ը խոշոր հաշվով։ Մելիքբեկյանը ստիպված եղավ խզել պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։ Մելիքբեկյանի, օրոք հայկական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանն ավարտեց ելույթը Հայաստանի ազգային հավաքականում։ Խոսելով Հայաստանի առաջնության մասին Մելիքբեկյանը լռում է պայմանավորված հանդիպումների աննախդեպ սկանդալի մասին, որից հետո Հայաստանի առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց։ Այո, խաղերի ծախելու խայտառակ երևույթը ևս տեղի է ունցել Մելիքբեկյանի օրոք։ Վերջինիս պաշտոնավարման տարիներին են արձանագրվել նաև երիտասարդական և պատանեկան հավաքականների խայտառակ պարտությունները ընտրական մրցաշարերում։ Այս ֆոնին սակայն, Մելիքբեկյանը հիշատակում է 19 տարեկանների էլիտ ռաունդում հայտնվելը։ Նշենք, որ նույնիսկ Նեմեց Ռուբոյի օրոք մեր պատանեկան հավաքականները նման խայտառակ արդյունքներ չէին գրանցում։ Ավելին, Հայրապետյանի օրոք Հայաստանի 19 տարեկան հավաքականը հայտնվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Ինչևէ, ընտրություններին ընդառաջ Արմեն Մելիքբեկյանին աջակցողների թվում է «Վեստ Արմենիան», որի տնօրեն Սարգիս Մարտիրոսյանը news.am-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ ակումբի նախընտրած թեկնածուն ՀՖՖ-ի գործող նախագահն է։ Այս հարցազրույցին հաջորդեց Վեստ Արմենիայի մասին աղմկոտ բացահայտումները «Հետք»-ի կողմից: Հետաքննություններ իրականացնող «Հետք»-ի հրապարակումից տեղեկանում ենք, որ Վեստ Արմենիայի տնօրենի որդին’ Ադրանիկ Մարտիրոսյանը, եղել է Բելգիայում բացահայտված հանցավոր խմբի «ֆինանսական կառավարիչը»: Հանցավոր խմբավորումը տարիներ շարունակ զբաղվել է պայմանավորված հանդիպումների կազմակերպմամբ, իսկ Մարտիրոսյանն ըստ իրավապահների’ ստացել է շուրջ 8 մլն 300 հազար եվրոյի շահույթ: «Հետք»-ի հրապարակումը բավական ծավալուն է, և ցույց է տալիս, որ Անդրանիկ Մարիտրոսյանը «Վեստ Արմենիայի» ամենաազդեցիկ անձանցից մեկն է և երբեմն նույնիսկ որպես ակումբի ներկայացուցիչ մասնակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովներին: «Հետք»-ը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «Վեստ Արմենիան» Հայաստանի ընթացիկ առաջնությունում աչքի է ընկնում կասկածելի պահվածքով: Այդ ակումբը ընթացիկ առաջնության 18 խաղերում բաց է թողել 46 գնդակ: «Վեստ Արմենիան» գնդակների զգալի մասը սեփական դարպասն ընդունել է խաղավերջում: Ըստ «Հետքի», «Վան»-«Վեստ Արմենիա» խաղը վերջերս հայտնվել էր հնարավոր պայմանավորված խաղերը լուսաբանող ռուսալեզու մի բլոգի ուշադրության կենտրոնում։ Առաջին խաղակեսից հետո «Վեստ Արմենիա»-ն արտագնա հանդիպումում հաղթել է 1:0 հաշվով, 11 մետրանոցում խփած գոլի շնորհիվ։ Բլոգերի պնդմամբ, առաջին խաղակեսից հետո խաղադրույքների սքաները նկատել է մի քանի խոշոր խաղադրույք «Վանի»՝ 2 և ավելի գոլի տարբերությամբ հաղթանակի վրա։ Խաղն ավարտվել է «Վան»-ի հաղթանակով՝ 4-1 հաշվով: Բոլոր չորս գոլերն էլ Վանը խփել է 83-րդ րոպեից հետո, որից առաջինը 11 մետրանոցից:Պարզվում է նաև, որ Անդրանիկ Մարտիրոսյանը վերջերս Բելգիայում դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, սակայն վճիռը կայացվել է առանց նրա ներկայության, քանի որ նա Բելգիայում չէ :Պակաս հետաքրքիր չէ ՀՖՖ մեկ այլ անդամ «Անի» ֆուտբոլային ակումբը, որն էլ հենց առաջադրել է Արմեն Մելիքբեկյանին նախագահի պաշտոնում: Սա այն ակումբն է, որը 2019-2020 մրցաշրջանում խայտառակ հաշիվներով պարտություններ էր կրում Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, հուլիսին ՀՖՖ-ն որոշեց դադարեցնել Առաջին խմբի առաջնությունը, քանի որ չափից շատ էին պայմանավորված հանդիպումները: Թեև «Անին» չէր հայտնվել որակազրկված ակումբների շարքում, սակայն դադարեցրեց իր ելույթները պրոֆեսիոնալ մրցաշարերում և վերջին տարիներին չի մասնակցել ՀՖՖ կողմից կազմակերպվող ոչ սիրողական ֆուտբոլի մրցաշրարերին, մինչդեռ ՀՖՖ կանոնադրությունը հստակ ասում է, որ ֆեդերացիայի անդամները պարտավոր են մասնակցել կառույցի կողմից կազմակերպվող մրցաշարերին: Այո, «Վեստ Արմենիան» և «Անին» շարունակում են լինել ՀՖՖ անդամ, շուտով իրենց ձայնը կտան Արմեն Մելիքբեկյանին։