Օզբիլիսի հեղափոխական «թերությունն» ու «փորձված թանի» նստվածքը․․․

Օզբիլիսի հեղափոխական «թերությունն» ու «փորձված թանի» նստվածքը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր աջակցությունն է հայտնել Արաս Օզբիլիսին` ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում: «Գիտեմ քո մարդ տեսակը, ծանոթ եմ քո ֆուտբոլային մտքերին եւ ծրագրերին։ Կարեւոր է նաև, որ դու անցել ես եվրոպական ֆուտբոլային դպրոցը, գիտես ժամանակակից ֆուտբոլի տենդենցները։ Հաջողություն եմ մաղթում քեզ, Արաս»,-սոցցանցերի իր էջերում գրել է Մինասյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության համար առաջադրված են երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիսը: Վերջինս երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում իր հաղթանակի հնարավորությունները բարձր է գնահատում. «Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց շանսեր ունեմ, քանի որ զգում եմ, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ: Կարծում եմ՝ ճիշտ եմ աշխատում, ու հավատում եմ, որ կարող եմ եմ շատ մեծ օգուտ տալ մեր ֆուտբոլին»: Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը կարծում է, որ մեր ֆուտբոլին նոր սիրտ է և հեղափոխական քայլեր են հարկավոր։ «Հայկական ֆուտբոլի սիրտը պիտի հանենք ու նորը դնենք, հեղափոխություն պետք է անենք: Նրանք, ովքեր տեսնում են, որ հայկական ֆուտբոլը վատ վիճակում է և չեն խոսում այդ մասին, նրանք ևս մեղավոր են»,- ասել էր Օզբիլիսը։ ՀՖՖ-ի նախագահի ընտրություններից 10 օր առաջ կարող ենք փաստել, որ Օզբիլիսը ներկայացրել է հայկական ֆուտբոլի զարգացման այլընտրանքային տարբերակը։ Հատկապես Արմեն Մելիքբեկյանի կողմնակիցների շարքում շատ է խոսվում, որ Օզբիլիսը լինելով տաղանդավոր ֆուտբոլիստ այնուամենայնիվ կառավարման փորձ չունի և ֆուտբոլային կառույցը նրան վստահելն այնքան էլ ճիշտ չի լինի, բայց․․․։ Այստեղ հարց է ծագում, ի՞նչ արդյունքի են հասել այն մարդիկ ովքեր ունելալով կառավարման փորձ տարիներ շարունակ ղեկավարել են ֆուտբոլի ֆեդերացիան։ Ի՞նչ շոշափելի հաջողություններ են գրանցվել հայկական ֆուտբոլում վերջին 20 տարիներին։ Հարցերի պատասխանները գտնելն իսկապես դժվար է։ ՀՖՖ-ի նախագահի ընտրություններից առաջ թեկնածուները որպես առանցքային նշանակության խնդիր հիշատակում էին մանկապատանեկան ֆուտբոլը։ Այսօր մեր մանկապատանեկան ֆուտբոլը երևի թե ամենավատն է Եվրոպայում։ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներն ուղղակի խայտառակ արդյունքներ են գրանցում ընտրական մրցաշարերում։ Ինչ է ստացվում, վերջին 20 տարիներին ֆուտբոլի ֆեդերացիան «զարգացրել» է մանկապատանեկան ֆուտբոլը ու այսօր մենք մանկապատանեկան ֆուտբոլ ըստ էության չունենք։ Չունենք այն պարզ պատճառով, որ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկին եղել են կառավարման փորձ ունեցող մարդիկ։ Ասել է թե փորձված թանը անփորձ մածունից լավ է։ Ու Հիմա ֆուտբոլային որոշ շրջանակներում որպես Օզբիլիսի միակ թերություն նշվում է նրա կառավարման փորձի բացակայությունը։ Այսինքն, ոմանք նախընտրում են զարկ տալ հատկապես մանկապատանեկան ֆուտբոլի սրընթած անկմանը, քան ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում տեսնել մի մարդու, որն առաջարկում է անդունդից դուրս գալու իր ճանապարհը։ Անհերքելի է¸որ ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությունը վերջին 4 տարիների ընթացքում ձախողել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման իր մոդելը։ Ավելի ստույգ, իսպանացի մասնագետ Խինես Մելենդեսի զարգացման ծրագիրը ի չիք դարձավ։ Այնուհետև ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնում նշանակվեց Ռաֆայել Նազարյանը, որը բոլոր տարիքային հավաքականները համակարգելուց զատ զբաղեցնում էր նաև երիտասարդական հավաքականի և Երևանի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնը։ Թե ինչ տեղի ունեցավ Նազարյանի օրորք խոսել ենք բազմիցս։ Փաստենք, որ 4 տարվա ընթացքում ՀՖՖ-ն երկու անգամ ձախողել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը։ Ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնում ինչպես նաև երիտասարդականի և ԲԿՄԱ-ի ղեկին նշանակվեց Արմեն Գյուլբուդաղյանցը։ Արդեն 3-րդ անգամ ՀՖՖ-ի ղեկավարությունը փորձում է զարկ տալ մանկապատանեկան ֆուտբոլին։ Հատկանշական է, որ Օզբիլիսի ընդիմախոսները չեն խոսում կամ չեն ցանկանում խոսել կառավարման փորձ ունեցող ՀՖՖ-ի ղեկավարների մանկապատանեկան ֆուտբոլում ունեցած «ներդրումների», ինչպես նաև այպես կոչված փորձված թանի արդեն իսկ առկա նստվածքի մասին։