ՀՖՖ-ի վերջին հույսի որոշումը․․․

ՀՖՖ-ի վերջին հույսի որոշումը․․․

Երեկ հայտնի դարձավ, որ փորձառու մասնագետ Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Երևանի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ: Գյուլբուդաղյանցը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Գլուլբուդաղյանցի միջև: 56-ամյա մասնագետի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թ. մայիսի 31-ը:«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Հատկապես ուրախ եմ, որ աշխատելու եմ երիտասարդների հետ, ինչը կրկնակի պատասխանատվություն է ինձ համար: Մենք պետք է աշխատենք՝ ամեն հաջորդ օր թե՛ որպես թիմ, թե՛ անհատապես ավելի լավը դառնալու համար»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը: Այս նշանակումը կարելի է համարել ֆուտբոլի ֆեդերացիայի վերջին շրջանում կայացրած ամենաճիշտ որոշումներից մեկը։ Որոշում, որը կարելի է որակել նաև այլընտրանքային կամ վերջին հույսի։ Այլ կերպ ասած, թե ֆուտբոլի ֆեդերացիային և թե ֆուտբոլային հասարակությանը այս պահին ոչինչ չի մնում անել քան երիտասարդական հավաքականի հետ վերջին հույսը կապել Գյուլբուդաղյանցի հետ։ Հայաստանի երիտասարդական հավաքականը գտնվում է ուղղակի աղետալի վիճակում։ Նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ մեր երիտասարդականն ուղղակի տապալվել էր։ Այս մարզչի օրոք Հայաստանի հավաքականն անց է կացրել 15 հանդիպում տարել 1 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 13 պարտություն։ Ընտրական փուլերում վերջին հաղթանակը եղել է ավելի քան 2 տարի առաջ։ 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը 2։0 հաշվով հաղթել էր Ֆարերյան կղզիների երիտասարդական ընտրանուն, որին, ի դեպ, նույն թվականի ամռանը նույն հաշվով պարտվել էր արտագնա մրցավեճում։ Ոչ-ոքին էլ գրանցվել էր Հյուսիսային Մակեդոնիայի հետ ընկերական խաղում։ Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն իսկ ձախողել է Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլը։ Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Ալբանիային և պարտվեց 1։2 հաշվով։ Հետխաղյա մամուլի ասուլիսում Ռաֆայել Նազարյանը հրաժարական տվեց։ 4 օր անց՝ Հայաստանի երիտասարդականը որակավորման երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ հյուրընկալելով Մոնտենեգրոյին և զիջեց 0։1 հաշվով։ Հոկտեմբերի 13-ի մերոնք հյուրընկալվելիս 2։0 հաշվով զիջեցին Ռումինիային։ Նոյեմբերին տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցակցի հարկի տակ նախ 5։0 հաշվով զիջել էր Շվեյցարիային այնուհետև 6։0 հաշվով Ֆինլանդիային։ Միակ ոչ ոք-ոքին Հայաստանի հավաքականը գրանցել է Հոկտեմբերի 17-ին, Երևանում 0։0 խաղալով նույն Շվեյցարիայի հետ։ Այս պահին Հայաստանի հավաքականը 6 խաղում վաստակած 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Կարծում ենք պարզ է, որ Արմեն Գյուլբուդաղյանցի թիվ մեկ խնդիրը Հայաստանի իր նշանակությամբ երկրորդ հավաքականին վերակենդանացնելն է։ Լիահույս ենք, որ փորձառու մասնագետը տեսնում է ռեանիմացիոն քայլերի հաջորդականությունը։ Գյուլբուդաղյանցը մեր երկրի լավագույն մասնագետներից է և հայտնի է հատկապես երիտասարդ ֆուտբոլիստների հետ արդյունավետ աշխատելոով։ Նշենք, որ երիտասարդական հավաքականի կորիզը կազմում են ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները, ուստի Գյուլբուդաղյանցին այս թիմի ղեկին վստահելը ևս ճիշտ որոշում կարելի է համարել։ Երբ մեր հավաքականը սուզվում էր Նազարյանի գլխավորությամբ ՀՖՖ-ի ղեկավարությունը անտեսելով քննադատություններն ու դիտարկումները չէր ցանկանում գնալ մարզչական փոփոխությունների։ Դրա արդյունքն եղավ այն, որ Գյուլբուդաղյանցը աշխատանքը պետք է սկսի ոչ թե 0-ական այլ բացասական կետից։