Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում

Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն որոշում է կայացրել չառաջադրել թեկնածու դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։ «Արթուր Սողմոնյանը հանդես կգա մի շարք հայտարարություններով, նաև գնահատական կտա ՀՖՖ ներկայիս ղեկավարության գործունեությանը իրենց պաշտոնավարման ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ ՀՖՖ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությամբ էր հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։ Վերջինս ելույթ էր ունենում Երևանի «Ուրարտու» ակումբում, սակայն օրեր առաջ հայատարարել էր նաև կարիերան ավարտելու մասին։ «Շատ բարդ էր կայացնել այս որոշումը։ Բայց 29 տարուց և 8 վիրահատություններից հետո որոշեցի ավարտել այն։ Կարիերայիս ավարտի մասին հայտարարում եմ այսօր, բայց այն ավարտվել է դեռևս 2014 թվականին, ծնկի 3-րդ խաչաձև վնասվածքից հետո։ Ես հետո վերադարձա խաղադաշտ, բայց այլևս այն Օզբիլիսը չէր։ Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ։ Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է։ Միշտ ասել եմ, որ կարիերայիս ավարտից հետո ուզում եմ օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարևոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կձգտեմ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,- լրագրողների հետ հանդիպման ասել էր Օզբիլիսը։ Նշենք, որ ՀՖՖ-ի նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 23 էր։ Բացի Օզբիլիսից ՀՖՖ-ի նախագահի ընտրություններին կմասնակցի նաև ֆուտբոլային կառույցի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ նախագահի պաշտոնին հավակնում է նաև ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։ Մինչև վերջին պահը քննարկվել է նաև «Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանի թեկնածությունը։ Ինչևէ, թեկնածություն առաջադրելու վերջնաժամկետից հետո կարող ենք արձանագրել, որ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունները լինելու են ոչ մրցակցային։ Այո Արաս Օզբիլիսը սիրված ֆուտբոլիստ է և հեղինակություն է վայելում հայկական ֆուտբոլային ընտանիքում, բայց․․․։ Կարծում ենք պարզ է, որ Օզբիլիսը այսօր չունի բավարար ռեսուրս և լծակներ առաջիկա ընտրություններում ՀՖՖ գործող նախագահին ձեռնոց նետելու համար։ Ավելի ստույգ, ՀՖՖ-ի անդամ կազմակերպությունները ճնշող մեծամասնությունը աջակցում է Մելիքբեկյանին։ Հավանաբար հենց այս իրողությունը հաշվի առնելով Արթուր Սողոմոնյանը որոշում է կայացրել չմասնակցել ընտրապայքարին։ Վերջին շրջանում հայկական ֆուտբոլում ձևավորվել է ընդդիմադիր բևեռ ի դեմս «Փյունիկ» ակումբի և Արթուր Սողոմոնյանի։ Արդեն մի քանի տարի կողմերի միջև ընթանում է բավական սուր հակամարտություն, որը սակայն չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Արթուր Սողոմոնյանի մասնակցությունը էապես կմեծացներ ընտրությունների կարևորությունը։ Սողոմոնյանը երկար տարիներ լուրջ ներդրեումներ կատարելով էապես նպաստել է «Փյունիկի» առաջխաղացմանը այն դարձնելով հայկական ակումբային ֆուտբոլի բրենդը։ Այսօր սակայն մենք դեռևս չենք հասել այն մակարդակին, որը թույլ կտար անցկացնել բոլոր առումներով թափանցիկ և մրցակցային ընտրություններ։ Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին «Փյունիկ»-ՀՖՖ հակամարտությունը համենայն դեպս չի ավարտվի։ Ինչ վերաբերվում է ՀՖՖ-ի գործող նախագահին ապա նրա կատարած աշխատանքից կարելի է առանձնացնել թերևս ազգային թիմի սելեկցիան։ Ավելի ստույգ ֆեդերացիային հաջողվել է Հայաստանի հավաքականն ուժեղացնել արտերկում ելույթ ունեցող հայազգի ֆուտբոլիստներով ինչպիսիք են Լուկաս Սելարայանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Տիկնիզյանը, Գերոգի Հարությունյանը, Էդգար Սևիկյանը և էլի մի շարք ֆուտբոլիստներ, որոնց մի մասը ելույթ է ունենում երիտսադրական հավաքականում։ Կարելի է դրական համարել ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակումը։ Ինչ վերաբերվում է մանկապատանեկան ֆուտբոլին, ապա այս մասին նույնիսկ խոսելն ուղղակի ամոթ է։ Մանկապատանեկան ֆուտբոլում տիրող վիճակի մասին խոսում են արդյունքները որոնք գրանցել և գրանցում են մեր երիտասարդական և պատանեկան հավաքականները։