Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․

Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․

Այս տարվա հունիսին Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի երկու տպավորիչ հաղթանակներից հետո երկրպագուները կրկին հիշեցին Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Մասնավորապես, սոցիալական ցանցերում քննարկման լայն առարկա էր դարձել Մխիթարյանի մեր ազգային հավաքականին շնորհավորել-չշնորհավորելու հարցը։ Ոմանք տարակուսել էին, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը չի շնորհավորել Ուելսի և Լատվիայի նկատմամբ տարած հաղթանակների կապակցությամբ։ Ինչ խոսք, ոգևորության ֆոնին հաճելի կլիներ լսել նաև Իտալիայի Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկի շնորհավորանքը, բայց․․․։ Անհրաժե՞շտ է արդյոք, որ հավաքականների նախկին ֆուտբոլիստները շնորհավորեն յուրաքանչյուր հաղթանակից հետո։ Նույն տրամաբանությամբ երկրպագուները պետք է ակնկալեին շնորհավորանք մեր ազգային թիմի մյուս ավագններից և առաջատար ֆուտբոլիստներից։ Եթե Մխիթարյանը շնորհավորեր Ուելսի նկատմամբ տարած հաղթանակից առթիվ, ապա նրանից շնորհավորանք պետք է սպասեինք նաև Լատվիայի դեմ Երևանում տեղի ունեցած խաղից հետո։ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր և ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է։ Եթե սթափ գնահատենք իրավիճակը, ապա ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում վաստակել էր կարևոր 6 միավոր։ Տպավորիչ հաղթանակներին ցավոք հաջորդեց անհաջող ելույթների շարքը։ Հայաստանի հավաքականը ընտրական փուլի վերջին 5 հանդիպումներում վաստակեց ընդամենը 2 միավոր, ենթախմբում զբաղեցնելով նախավերջին 4-րդ հորիզոնականը։ Հիմա արդեն պարզ է, որ հունիսին գրանցված հաղթանակներից հետո Մխիթարյանի կամ այլ հայտնի անձանց շնորհավորանքը նշանակալի արժեք չէր ունենա։ Մխիթարյանը ճիշտ էր, իսկ պատմությունը կարծես կրկնվելու հատկություն ունի։ 2021 թվականի գարնանը բոլորս էինք շնորհավորում միմյանց, երբ Հայաստանի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային երեք հանդիպումներում նույնքան հաղթանակ տարավ, 9 միավորով գլխավորելով ենթախմբի մրցաշարային աղյուսակը։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո բոլորն են հիշում։ Մնացած 7 հանդիպումներում մեր հավաքականը վաստակեց ընդամենը 2 միավոր։ Չենք կասկածում, որ Մխիթարյանը կշնորհավորեր մեր ազգային թիմին, եթե հաջողվեր խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնել։ Ընտրական փուլի Թուրքիայի դեմ մեկնարկային խաղից առաջ շատ էր խոսվում և քննարկվում Մխիթարյանի հավաքական վերադառնալու մասին։ Արձագանքելով այս խոսակցություններին «Ինտերի» կիսապաշտպանը մասնավորապես ասել էր․ «Չեմ զղջում իմ որոշման համար։ Միշտ որոշումներս ընդունել եմ սառը գլխով և հանգիստ սրտով՝ չնայած, որ այդ որոշումը կայացնելը շատ դժվար է եղել։ Կարծում եմ՝ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերադ, քան երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն էր, երբ զգացի, որ արդեն ժամանակն է։ Խնդիրների ու դետալների մասին մանրամասն կխոսեմ արդեն երևի ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, չնայած, կարծում եմ, բոլորին հիմա է հետաքրքիր։ Ավելի լավ կլինի խոսենք հետո, ամեն ինչ կբացատրեմ ու կպատմեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ իմ երկրի հավաքականին հաջողություն մաղթելն է, որ առաջիկա խաղերում, հատկապես Թուրքիայի դեմ և մնացած խաղերում, հաղողության հասնեն։ Եկել է ժամանակը, որ նոր, երիտասարդ սերունդը պատասխանատվություն վերցնի իր վրա և կարողանա ազգային հավաքականն իրենց ետևից տանել։ Տեսանք՝ վերջին խաղերը շատ դժվարությամբ ստացվեցին, բայց նոր մարզչի գալով, հուսամ, ամեն ինչ կշտկվի ու մեր տղաները պատվով և պատասխանատվությամբ հանդես կգան»։ Ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը խաղային որակի աճ է գրանցել։ Երիտասարդ ֆուտբոլիստներն ամենայն պատասխանատվությամբ փորձում են իրենց ետևից են տանել թիմը։Մխիթարյանի դիտարկումներն այսօր տեսնում ենք գործնականում։ Հուսանք թերևս, որ այս պրոցեսը շարունակական և ավելի արդյունավետ կլինի։