Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը

Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը

Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին խաղում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում նվազագույն հաշվով զիջեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային։ Խաղի 41-րդ րոպեին` գլխի հարվածով աչքի ընկավ Անտե Բուդիմիրը: Հանդիպման հիմնականում մասում գնդակին տիրում էր Խորվաթիան, Հայաստանի ազգային թիմի դարպասապահ Չանչարևիչը մի քանի դրվագներում փրկեց թիմին։ Whoscored պարբերականի վարկածով մեր դարպասապհը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Եթե կարճ նկարագրենք խաղը կարող ենք ասել, որ Հայաստանի ազգային թիմը պայքարեց մինչև վերջ փորձելով խուսափել պարտությունից։ Ունեցանք իրական գոլային հնարավորություն, որը չօգտագործեցինք։ Չմոռանանք, որ երեկվա հանդիպումը որակազրկման պատճառով բաց թողեց թիմի ավագ Վարազդատ Հարոյանը։ Վնասվածքի պատճառով Զագրեբ չէր մեկնել հնակետային կիսապաշտպան Ուգոչկուկվու Իվուն։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը բացը լրացրել էր տակտիկական լուծումներով։ Ընդհանուր առմամբ խաղը ճիշտ էր կառուցված, չհերիքեց թերևս գոլը։ Մեր ֆուտբոլիստները փորձում էին հաջողության հասնել արագ հակագրոհներով, սակայն վերջին պահին ինչ-որ բան չէր ստացվում։ Արձանագրենք թերևս, որ Պետրակովի գլխավորած հավաքականի գլխավոր հատկանիշներից է չհանձնվելը ու պայքարելը մինչև վերջ, մինչև վերջին վայրկյանը։ Հանուն արդարության նշենք, որ Խորվաթիան մեզ գերազանցեց խաղային շատ առումներով, հանդիպման վերջնամասում սակայն աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը ուղղակի պահում էր հաղթական հաշիվը։ Տակտիկական առումով Պետրակովը, ըստ էության, չպարտվեց Խորվաթիայի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչին։ Այո, կարող ենք խոսել դրվագային սխալների մասին, բայց թիմային պայքարի ֆոնին դրանք մղվում են երկրորդ պլան։ Դրանք սխալներ են, որոնք կարելի է շտկել և շարժվել առաջ։ Ընդունենք նաև մի պարզ ճշմարտություն։ Առանց ֆունդամենտի հնարավոր չէ որևէ բան կառուցել։ Պետրակովին կարծես հաջողվել է դնել այդ ֆունդամենտը։ Պայքարը շարունակվում է և շարունակվելու է միշտ։ Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանի ներկայիս հավաքականը պատրաստ է այդ պայքարին։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նույն հաշվով Խորվաթիային զիջել էր նաև այս տարվա սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած խաղում։ Ավելին, այդ մրցավեճից երեք օր առաջ Պետրակովի թիմը Էսքիշեհիրում ոչ-ոքի 1։1 էր խաղացել խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած Թուրքիայի հետ։ «Մեզ չբավականացրեց վարպետությունը: Խորվաթները վարպետությամբ գերազանցեցին: Ես մտա հանդերձարան և բոլորին շնորհակալություն հայտնեցի այս խաղի համար: Նրանք բոլորն արեցին քայլ առաջ: Ես հպարտ եմ, որ այս տղաների մարզիչն եմ: Խնդրում եմ և կոչ եմ անում բոլորին չքննադատել այս տղաներին: Պետք է սատարել նրանց, որովհետև տղաներն այսօր մեկ աստիճան աճեցին։ Խորվաթիան ուղղակի ուժեղ էր: Ես հասկանում եմ, որ ձեզ դուր չի գալիս այս արդյունքը, բայց մենք դեռ կուժեղանանք: Ամենակարեւորն այն է, որ հավաքականը ամուր լինի, ֆուտբոլիստները քիչ վնասվածքներ ունենան, որակազրկումներ չունենանք: Տղաները հոգնած էին, դա էր պատճառը, որ հաճախակի լքում էին իրենց դիրքերը, ինչը չէին անում, օրինակ, Թուրքիայի դեմ խաղում: Այս տղաները դեռ երիտասարդ են: Խաղում էին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի դեմ: Շատ է քննադատական վերաբերմունքը այս տղաների հանդեպ, բոլորը 19, 20, 22, 24 տարեկան են: Դեռ շատ երիտասարդ են, բայց բոլորն ունեն պատասխանատվության զգացում, նվիրում: Ավելի շատ պետք է փորձել աջակցել Հայաստանի հավաքականին, հատկապես այս խաղից հետո, քանի որ մեծ հաշվով միայն վարպետությամբ զիջեցին աշխարհի բրոնզե մեդալակրին :Ես Հայաստանում եմ արդեն 9 ամիս: Այստեղ պետք է զարգացնել եւ ներդրումներ անել մանկապատանեկան ֆուտբոլում, այնպես ինչպես դա անում է, օրինակ, Խորվաթիան»,- Երևանյան խաղից հետո ասել էր Պետրակովը։ Վերջինս երեկվա խաղից հետո ասել է միայն․ «Խաղացինք լավ թիմի դեմ, շնորհավորում եմ Խորվաթիային: Լուկաս Սելարայանը վնասվածք էր ստացել, ես փոխարինեցի նրան՝ ռիսկի չդիմելու համար»։ Այո, Երևանում տեղի ունեցած խաղից հետո Պետրակովը ըստ էության հստակ գնահատակ էր տվել մեր հավաքականի ներկայիս վիճակին և ավելացնելու բան թերևս չկա։ Նշենք, միայն որ երեկվա խաղից հետո մեր ֆուտբոլիստները աճեցին ևս մեկ աստիճանով։