Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․

Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․

«Ցավոք այսօր մեր երազանքը մահացավ, և ես զգում եմ իմ մեղքը: Բոլորս երազում էինք հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Չեմ կարող բառերով նկարագրել՝ որքան ցավալի է հիմա: Բայց նույնիսկ այսպիսի դժվար պահերին շնորհակալ եմ աջակցության համար»,- Ուելսի խաղից հետո ասել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Վերջինիս ինքնագոլի պատճառով մեր հավաքականը չհաղթեց կարևորագույն մրցավեճում և Խորվաթիայի դեմ վերջին հանդիպումից առաջ կորցրեց հնարավորությունը ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու։ Այո, Հայաստանի հավաքականը ցուցադրելով գերազանց խաղ ցավալի արդյունք գրանցեց։ Տիկնիզյանի ինքնագոլը երկրպագուները դեռ երկար կհիշեն, բայց․․․։ Ունենք այն ինչ ունեք։ Մենք առերեսվեցինք ֆուտբոլի ամենադաժան և ինչ-որ տեղ անարդար կողմի հետ։ Տիկնիզյանն իրեն մեղավոր է զգում, բայց սա թերևս այն դեպքն է, երբ մեղավորներ ըստ էության չկան։ Տիկնիզյանն ու հավաքականի մյուս ֆուտբոլիստներն Ուելսի դեմ ցուցադրեցին հասուն և գրագետ ֆուտբոլ։ Խոսվում է բախտի գործոնի մասին, բայց եթե անկեղծ լինենք պետք է ընդունենք¸որ մեր հավաքականի Եվրո-2024-ի ուղեգրի համար պայքարից դուրս մնալու մեջ այն գլխավորը չէ։ Ընդունված է ասել, որ բախտը բերում է ուժեղին։ Երևի թե այս պահին մենք դեռևս այնքան ուժեղ չենք, որ մեր բախտը բերի։ Ցուցադրելով լավ ֆուտբոլ ընթացիկ շրջափուլում Հայաստանի հավաքականը Երևանում պատրվեց Թուրքիային, Էսքիշեհիրում չհաղթեց նույն Թուրքիային։ Ցուցադրելով լավ խաղ մերոնք Երևանում պարտվեցին Խորվաթիային։ Լավ ֆուտբոլը այսօրվա մեր կապիտալն է, որը ստեղծել է ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը։ Կապիտալ, որը կարող է առաջիկայում հիմք հանդիսանալ մեծ հաղթանակների։ Ուելսի դեմ խաղում Պետրակովը ապացուցեց, որ ստեղծել է մարտունակ՝ լավ թիմ, որը կարող է ձեռնոց նետել ցանկացած մրցակցի։ Պետրակովը փարատեց այն կարծիքները, որ հունիսին Ուելսի և Լատվիայի դեմ հաղթանակները պատահականության արդյունք էին։ Երկու հանդիպումներում արդյունքում մենք 5։3 հաշվով հաղթեցինք բրիտանական բավական զորեղ հավաքականին։ Հաղթեցինք և ապացուցեցինք, որ այս պահին Ուելսից ավելի ուժեղ ենք։ Այո, հոկտեմբերին եղավ նաև Լատվիայի դեմ բավական վատ հանդիպումը, բայց այսօր վստահաբար կարող ենք ասել, որ տեղի ունեցածն ուղղակի սայթաքում էր։ Սայթաքում, որից ապահովագրված չէ և ոչ մի հավաքական։ «Մեզ կրկին պակասեց վարպետությունը: Ես չեմ ընդունում՝ «այս անգամ էլ մեզ բախտը չժպտաց»: Ինձ համար ցավալի է, որ մենք ունեցանք ինքնագոլ: Նաիր Տիկնիզյանը խաղից հետո մոտեցավ ինձ և համեմատեց իր ինքնագոլը Ուկրաինայի հավաքականում Յարմոլենկոյի ինքնագոլի հետ: Ես նրան ասացի, որ երբեք չի կարելի համեմատվել մյուսների հետ: Եզրային նետումների վրա մեծ ուշադրություն էինք դարձրել: Ցավոք, չունենք այնպիսի խաղացող, որը կարողանա 45 մետր եզրային նետում կատարել: Կարիք չկա այլեւս ոչնչի մասին խոսել, ամեն ինչ անցյալում է: Պետք է նայել առաջ և պատրաստվել Խորվաթիայի դեմ խաղին: Տղաներն ամեն ինչ արեցին, ես որեւէ նկատառում չունեմ նրանց դեմ: Մեծ ցանկությունը կար, բայց ստացվեց ինքնագոլ:Հայաստանի հավաքականը շատ դժվար է խաղում կարգապահ ֆուտբոլ: Մենք արդեն սկսել ենք կոմպակտ ֆուտբոլ խաղալ: Եկեք լինենք բաց եւ անկեղծ՝ Ուելսը բարձրակարգ թիմ է եւ այն թիմը չէ, որի դեմ հնարավոր լինի փակ խաղալ: Խաղի ընթացքում ականատես եղանք, որ երբ Հայաստանը կարգապահ ֆուտբոլ է խաղում, մեզ մոտ ստացվում է, երբ խախտվում է կարգապահությունը, ոչինչ չի ստացվում: Ես նախախաղային ասուլիսում ասել էի, որ բաց ֆուտբոլ չենք խաղալու, բայց երկրորդ խաղակեսում ստիպված էինք:»,- խաղից հետո ասել է Պետրակովը։ Վերջինս ըստ էության ներկայացրել է այն պատկերը, որ ունենք, որի հետ պետք է հաշվի նստենք։ Այս պահին մեզ ոչինչ չի մնում անել քան վստահելով Պետրակովին շարժվել առաջ։ Ապագան ամենևին էլ մշուշոտ չէ և ճիշտ քայլեր կատարելու պարագայում կարելի է լավ արդյունքի հասել։ Վաղը մերոնք մրցելու են Խորվաթիայի հետ։ Կարևոր մի հանդիպում, որտեղ յունաքանչյուր ֆուտբոլիստ ևս մեկ անգամ պետք է ապացուցի, որ պատրաստ է թիմային և կարգապահ խաղով պայքարել մինչև վերջ։