Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին

Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին

«Պատմությունները երբեք չեն կրկվում: Մենք նախորդ խաղում հաղթեցինք Ուելսին, իսկ առաջիկա խաղը կլինի այլ պատմություն: Հաղթելու տարբերակներ միշտ կան, բայց մարզիչները չեն խոսում դրանց մասին։ Լավ խաղի ակնկալիք ունեմ, հույս ունեմ, որ տղաները կուրախացնեն երկրպագուներին: Լատվիայի դեմ խաղում տրամադրվածությունն ինձ դուր չէր եկել: Ես ուզում էի, որ նրանք հավաքված ու կենտրոնացած լինեին, բայց մեր խաղացողները ինքնավստահ, կազմակերպված ու կարգապահ չէին։ Բացի այդ, այնտեղ խնդիրներ ունեցանք մարզադաշտի հետ, նախավարժանքի հնարավորություն չունեինք: Ռիգայում խաղադաշտ էինք եկել սպիտակ մարզաշապիկով, խաղի ավարտից հետո սակայ ֆուտբոլիստներից որեւէ մեկի մարզաշապիկը չէր կեղտոտվել, դա նշանակում է մենք լավ չէինք պայքարել: Ուելսի խաղից առաջ տղաներին ասել եմ, որ այս խաղով պատմության մեջ մտնելու հնարավորություն ունեն, որ պետք է ամեն ինչ անել երկրպագուների համար, սեփական խաղադաշտում հաղթելու համար: Պետք է պայքարենք ամեն սանտիմետրի համար, ամենակարեւորն այն է, որ չզիջենք անհատական պայքարում: Տղաները գտնվում են շատ լավ հոգեբանական եւ ֆիզիկական վիճակում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Ժամեր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2024 թվականի Եվրոպայի առաջնության Հայաստան-Ուելս հանդիպումը։ Խաղ, որը լինելու է համայն հայության ուշադրության կենտրոնում։ Այս պահին Հայաստանի ազգային թիմը չորրորդն է ենթախմբում և ժամեր անց կարող է կարևորագույն քայլ կատարել դեպի մեծ նպատակ։ Մեր հավաքականը մոտիվացված է և ունի երկրպագուների աննախադեպ աջակցություն: Այուամենայնիվ, Ուելսին հաղթելու գլխավոր նախապայմանը անկախ քաղաքական տարաձայնություններից և հայացքներից, մեկ մարդու պես տղերքի կողքին կանգնել է։ Յուրաքնչյուր երկրպագու, յուրաքանչյուր հայ Երևանից թե Փարիզից, Լոս Անջեցելսից թե Թեհրանից պետք է անթերի կատարի 12-րդ խաղացողի պարտականությունը։ Վճռորոշ՝ կարևորագույն խաղերում մրցակցին մենք կարող ենք հաղթել ունենալով այդ մեկ խաղացողի առավելությունը։ Այսօր խաղադաշտ դուրս եկած յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր հերթին պարտավոր է ապացուցել, որ մեր հավաքականում դրական փոփոխություն, այնուամենայնիվ, տեղի են ունեցել: Ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստը պետք է գիտակցի, որ խաղից հետո հաշվետու է երկրպագուին: Սա ամենևին չի նշանակում, որ յուրաքանչյուր խաղում մեր հավաքականը պարտավոր է հաղթել: Պարզապես պետք է խաղալ այնպես, որ սեփական խղճի առաջ մաքուր լինելով, պարզ ճակատով կարողանաս շնորհակալություն հայտնել աջակցության համար: Ցավոք, եղել են նախադեպեր, երբ մեր ֆուտբոլիստները «գլուխները կախ» շտապել են դեպի ավտոբուսը: Ինչևէ, եղած եղած է, և հիմա ժամանակը չէ խոսելու նեգատիվ երևույթների մասին, որոնք անցյալում են: Վերջին օրերին շատ էր խոսվում գլխավոր մարզչ Ալեքսանդր Պետրակովի դերի մասին: Այո, մարզչից շատ բան է կախված, և կան մասնագետներ, որոնք կարճ ժամանակում բարձր արդյունքներ են ապահովել: Այս պահին, սակայն, մեր իրականությունում առաջնահերթը ֆուտբոլիստների ենթագիտակցությունն է: 2007 թվականին Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հանդիպումներ անցկացրեց Լեհաստանի և Պորտուգալիայի հավաքականների հետ: Մեր ֆուտբոլիստները խաղադաշտում ներդրեցին ողջ ներուժը և, կարելի է ասել, գլխից վեր ցատկեցին: Այդ հանդիպումներում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստների ենթագիտակցության մեջ լուսահոգի մարզիչ Յան Պորտերֆիլդն էր, որը տառապում էր քաղցկեղով, սակայն ծանր վիճակում, մահվան շեմին կանգնած էր Հայաստանի հավաքականի կողքին: Այսօր այն բացառիկ դեպքերից է, երբ հասարակությունը կանգնած է ազգային հավաքականի կողքին:Այսօր մեր ֆուտբոլիստներն ունեն հնարավորություն՝ ապացուցելու, որ հասարակության մի մասնիկն են: Քննությունը պատշաճ կերպով հանձնելու համար կան նախադրյալներ: Այո, կան կադրային որոշ խնդիրներ։ Նման խնդիրներ լինելու են միշտ: Այսօր մեր խնդիրն է ոչ թե խնդիրների մասին հիշատակելը, այլ խնդիրները հաղթահարելով արդյունքի հասնելը: