Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am

Վաղը ժամը 18-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախավերջին հանդիպումը կանցկացնի Եվրո-2024-ի ընտրական փուլում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Ուելսի հետ։ Հիշեցնենք, որ այս հավաքականների միջև հունիսին Քարդիֆում տեղի ունեցած մրցավեճում մեր ազգային թիմն առավելության էր հասել 4։2 հաշվով։ Այս պահին ընտրկան ենթախմբում առաջին հորիզոնականում է Թուրքիան, որը 7 խաղում վաստակել է 16 միավոր։ Երկրորդ հորիզոնականում գտնվող Ուելսը 6 խաղում վաստակել է 10 միավոր։ 6 Խաղից հետո 10 միավոր ունի նաև Խորվաթիան, որը Ուելսին զիջում է անձնական հանդիպումների հաշվարկում։ Այս հավաքականների միջև Զագրեբում տեղի ունեցած մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի 1։1 հաշվով, իսկ հոկտեմբերին ուելսցիները սեփական հարկի տակ առավելության էին հասել 2։1 հաշվով։ 4-րդ հորիզոնականում գտնվում է Հայաստանի ազգային թիմը, որը 6 խաղում վաստակել է 7 միավոր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիան ունի 3 միավոր։ Թուրքերը ժամանակից շուտ նվաճել են Եվրո-2024-ի ուղեգիր, իսկ վերջին երկու երկու տուրերում երկրորդ տեղի համար պայքարը կընթանա Խորվաթիայի, Հայաստանի և Ուելսի միջև։ Առաջիկա հանդիպումը մեզ համար Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարում կիսաեզրափակչի նշանակություն ունի։ Հաղթանակի դեպքում Ալեքսանդր Պետրակովի թիմը կշրջանցի Ուելսին և նոյեմբերի 21-ին Զագրեբում կվիճարկի Եվրո-2024-ին մասնակցելու իրավունքը։ Ինչև, կենտրոնանալով վաղը կայանալիք հանդիպման վրա փորձենք հասկանալ ինչ մարտավարությամբ և կազմով կպայքարի Պետրակովը։ «Առաջին լրատվական»-ի վարկածով ուկրաինացի մասնագետը կրկին կնախընտրի 3-4-3 դասավորությամբ։ Դարպասում կլինի Օգնյեն Չանչարևիչը, իսկ պաշտպանության կենտրոնում թիմի ավագ Վարազդատ Հարոյանը, Ստյոպա Մկրտչյանն ու Գեորգի Հարությունյանը։ Աջ եզրից կգործի Արտակ Դաշյանը, իսկ ձախից՝ Նաիր Տիկնիզյանը։ Հենակետային գոտում կլինեն Էդուրարդ Սպերցյանն ու Ուգոչուկվու Իվուն։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ նախորդ խաղում Պետրակովը որպես հենակետային կիսապաշտպաններ օգտագործեց Դաշյանին և Իվույին, իսկ աջ եզրում հնարավորություն տալով Կամո Հովհաննիսյանին։ Խաղային այս լուծում սակայն չարդարացրեց իրեն, ուստի հավանականությունը մեծ է, որ մեր հավաքականի մարզիչը կրկին կպայքարի այն դասավորությամբ, որը նախորդ հանդիպումներում ավելի արդյունավետ էր։ Կիսապաշտպանության աջ եզրում ամենայն հավանականությամբ կտեսնենք Էդգար Սևիկյանին, որը նախորդ հանդիպումներում տեղ չէր գտել մեկնարկային կազմում։ Սևիկյանը գտնվում է լավ մարզավիճակում և արդեն իսկ ապացուցել է, որ պատրաստ է խաղալ մեկնարկային կազմում։ Լուկաս Սելարայանը կխաղա ձախ եզրում, իսկ որպես նոմինալ հարձակվող կգործի Հրանտ-Լեոն Ռանոսը։ Սա թերևս ամենաօպտիմալ կազմը կարելի է համարել։ Հավանականությունը մեծ է, որ Պետրակովը վաղը խաղաժամանակ կտրամադրի նաև կիսապաշտպաններ Վահան Բիչախչյանին և Արթուր Սերոբյանին կաղված խաղի ընթացքից։ Հավանական է, որ խաղը խաղադաշտում տեսնենք նաև Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանին, որը տևական ժամանակ չէր հրավիրվում հավաքական։ Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում երկու ֆուտբոլիստներ ընթացիկ ընտրական շրջափուլում 2-ական դեղին քարտ են ստացել և վաղը զգուշացվելու դեպքում բաց կթողնեն ընտրական փուլի վերջին հանդիպումը։ Խոսքը Չանչարևիչի և Ստյոպա Մկրտչյանի մասին է։ Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը առաջիկա խաղին մոտենում է լավ վիճակում։ Որակազրկումներ և վնասվածքներ կարծես չկան։ Հավաքականի ճամբարում չեն Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանը, Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջիններս ուղղակի տեղ չեն գտել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ցուցակում։