Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը

Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին ընդամենը երկու քայլ է բաժանում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրից։ Պատմական հաջողության հասնելու համար մեր ազգային թիմին անհրաժեշտ է նոյեմբերի 18-ին Երևանում հաղթել Ուելսին, իսկ երեք օր անց Զագրեբում առնվազն երկու գնդակի տարբերությամբ առավելության հասնել Խորվաթիայի նկատմամբ։ Այո, մրցաշարային իրավիճակն այնպիսին է, որ Եվրո-2024-ի բանալին այս պահին մեր ձեռքում է։ Ավելին, հնարավոր է՝ մեր խնդիրը առավել դյուրին դառնա, եթե նոյեմբերի 18-ին խորվաթները Ռիգայում միավորներ կորցնեն Լատվիայի դեմ մրցավեճում։ Այս դեպքում ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար Ալեքսանդր Պետրակովի թիմին Զագրեբում անհրաժեշտ կլինի ուղղակի հաղթել։ Ի դեպ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրից 2 քայլ բաժանել է թերևս հեռավոր 2011 թվականին։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը բացառիկ հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը գրավելու: Վարդան Մինասյանի գլխավորությամբ պատմական արդյունք ցույց տալու համար հոկտեմբերի 11-ին մեր հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում պետք է հաղթեր Իռլանդիային: Հաղթանակն իրատեսական էր, սակայն հանդիպման 26-րդ րոպեին մնացինք առանց դարպասապահ: Գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը դաշտից հեռացրեց մեր հավաքականի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ՝ Ռոման Բերեզովսկուն: Վերջինիս փոխարինած Արսեն Պետրոսյանը անփույթ խաղով իռլանդացիներին նվիրեց երկրորդ գոլը: Եթե Իռլանդիայի հետ խաղում ունենայինք փոխարինող, դարպասապահ հնարավոր է բոլորովին այլ արդյունք գրանցվեր: Թեկուզ 10 ֆուտբոլիստներով մեր հավաքականը չզիջեց մրցակցին: Իռլանդիայից կրած պարտությունը թերևս ամենացավալին է մեր ազգային թիմի պատմության մեջ: Ցավալի պարտությունից 12 տարին տարի անց Հայաստանի ազգային հավաքականը կրկին ունի հնարավորություն։ Թե Իռանդիայի դեմ հանդիպումը և թե Ուելսի դեմ առաջիկա խաղը ըստ էության կիսաեզրափակչի նշանակություն ունի։ Ավելին, 2011 թվականին Իռլանդիային հաղթելու դեպքում մեր հավաքականը Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում պետք է երկու հանդիպումներում վիճարկեր Եվրո-2012-ի ուղեգիրը։ Այս շրջափուլում չկա փլեյ-օֆֆ և Հայաստանը կարող է ընդամենը երկու խաղում հաղթելով տիրանալ ուղեգրին։ Ուստի, Երևանում կայանալիք Ուելսի դեմ խաղը կարելի է համարել պատմական նշանակության։ Այո, վերջին երեք մրցավեճերում Հայաստանի հավաքականը պարտվել է ցույց տալով բավական թույլ խաղ, բայց․․․։ Ստեղծված իրավիճակում ամենևին պատեհ չէ խոսել խնդիրների մասին։ Մենք ունենք ըստ էության բացառիկ հնարավորություն և ամեն գնով պետք է փորձենք օգտագործել այն։ Քչերն էին հավատում, որ Խորվաթիայի ազգային հավաքականը հոկտեմբերին տեղի ունեցած Թուրքիայի և Ուելսի դեմ հանդիպումներում միավոր չի վաստակի։ Լատվիայից կրած պարտությունից հետո բոլորս շտապեցինք փաստել, որ Հայաստանի ազգային թիմը դուրս մնաց Եվրո-2024-ի ուղեգրի համար պայքարից։ Քչերն էին հավատում, որ հունիսին Հայաստանից և Թուրքիայից կրած պարտություններից հետո Ուելսը կմիանա խմբում երկրորդ տեղի համար պայքարին։ Ուելսը ձախողումից կարճ ժամանակ անց վերականդանացավ և գրանցեց անհավանական արդյունք։ Աշխարհի առաջնության բրոնզ մեդալակիր Խորվաթիան էլ մրցաշարի վերջնամասում սայթաքեց։ Եկել է ժամանակը, որ մրցաշարային առումով խճճված իրավիճակում իր խոսքն ասի Հայաստանը։ Կենտրոնանալով առաջիկա կիսաեզրափակչի վրա փաստենք, որ 5 ամիս առաջ մենք Ուելսին Քարիդֆում հաղթել ենք համոզիչ 4։2 հաշվով։ Ուստի, առաջիկա կիսաեզրափակչում հաղթելը միանգամայն իրատեսակ է։ Չմոռանանք նաև, որ Հայաստանի հավաքականը խաղալու է տանը և ունենալու է երկրպագուների լայն աջակցություն։