Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը

Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը երեկ հրապարակեց Ուելսի և Խորվաթիայի դեմ հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներում մեր ազգային թիմը նոյեմբերի 18-ին Երևանում մրցելու է Ուելսի հետ, իսկ երեք օր անց Զագրեբում՝ Խորվաթիայի։ Ի տարբերություն հոկտեմբերին տեղի ունեցած Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումների Հայաստանի հավաքականի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Մասնավորապես, առաջին անգամ հավաքական է հրավիրվել Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը։ «Երկար էի սպասում այս հրավերին։ Երբ հայտացուցակում կարդացի անունս, առաջինը կիսվեցի ընկերներիս հետ։ Շատ ուրախացան և բոլորը շնորհավորեցին ինձ։ Վերջին շրջանում շատ էի խաղաժամանակ ստանում «Ուրարտուում»։ Շնորհակալ եմ մարզչական շտաբին վստահության համար։ Ունեմ հաղթանակի ակնկալիքներ մեր առաջիկա հանդիպումներում։ «Ես պատրաստ եմ խաղաժամանակ ստանալու դեպքում տալ իմ առավելագույնը թիմին։ Այս պահին գտնվում եմ լավ մարզավիճակում և ամեն ինչ պատրաստ եմ անել լավ հանդես գալու համար։ Ուելսը և Խորվաթիան ունեն լավ և պինդ թիմեր։ Սպասվելու են բարդ հանդիպումներ, լավ հասկանում ենք ստեղծված իրավիճակը, բայց պետք է փորձել ամեն ինչ անել՝ դրական արդյունքի հասնելու համար։ Առաջին հանդիպումը տնային է և երկրպագուների աջակցությունը ևս կարևոր է լինելու»,- իր թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույուցում ասել է Աղասարյանը։ Տևական ժամանակ անց ազգային թիմ է հրավիրվել Երևանի ԲԿՄԱ-ի պաշտպան Ալբերտ Խաչումյանը, ինչպես նաև Սոֆիայի ԲԿՄԱ կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը։ Փոխարենը Պետրակովի ցուցակից բացակայում են Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը¸ ինչպես նաև «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Այս անգամ ևս Պետրակովը չի հրավիրել «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանին և գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանին։ Հարձակման գծում Պետրակովը այս անգամ հրավիրել է Երևանի «Նոայի» ներկայացուցիչ Արթուր Միրանյանին։ Կադրային փոփոխություններն ըստ ամենայնի պայմանավորված են հոկտեմբերին մեր հավաքականի անհաջողություններով։ Հիշեցնենք, որ ընտրական փուլում Լատվիային 0։2 հաշվով զիջելուց հետո մերոնք ընկերական խաղում 1։3 հաշվով պարտվել էին նաև Հյուսիսային Մակեդոնիային։ Ասել, որ Ուելսի և Խորվաթիայի դեմ հանդիպումներին Պետրակովը հավաքագրել է ամենաօպտիմալ կազմը ճիշտ չի լինի, բայց․․․։ Նախորդ հանդիպումներում հավաքականի խաղում նկատվեցին լուրջ խնդիրներ, որոնք ուկրաինացի մասնագետը փորձում է լուծել։ Կարևորագույն հանդիպումներից առաջ կարծում ենք ճիշտ չի լինի քննարկել՝ առավել ևս քննադատել Պետրակովին կազմի ընտրության հարցում։ Մեր գլխավոր թիմը ունի խմբային փուլի արգելքը հաղթահարելու տեսական հնարավորություն և ամեն գնով պետք է փորձի օգտագործել այն։ Հավատում ենք, որ անհաջող հանդիպումներից հետո նոյեմբերի 18-ին «Հանրապետական» մարզադաշտում նորից կտեսնենք այն հավաքականը, որը անմոռանալի զգացողություններ և էմոցիաներ էր պարգևում։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմն այս տարվա հունիսին հյուրընկալվելիս 4։2 հաշվով հաղթել էր նույն Ուելսին։ Բնականաբար հաղթանակ ենք ակնկալում նաև Երևանում։ Հաղթանակը հնարավորություն կտա վերջին խաղում Խորվաթիայի հետ վիճարկել Եվրո-2024-ի ուղեգիրը։ Այո, խնդրն ավելի քան բարդ է, բայց․․․։ Այս պահին պետք է կենտրոնանալ Ուելսի դեմ խաղի վրա։ Վստահելով Պետրակովին լիահույս ենք, որ նա կկայացնի ճիշտ որոշումներ։ Հիշեցնենք, որ այս պահին մեր հավաքականը 7 միավորով 4-րդն է ենթախմբում։ 2-րդ և 3-րդ հորիզոնականներում գտնվող Խորվաթիայի և Ուելսի հավաքականներն ունեն 10-ական միավոր։ Առաջին հորիզոնականում 16 միավորով Թուրքիան է, որն արդեն ապահովել է Եվրո-2024-ի ուղեգիր։ Ստորև ներկայացնում են առաջիկա հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակը Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան) Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան) Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա) Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա) Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ» Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու» Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Ալբերտ Խաչումյան - ԲԿՄԱ Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան) Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա) Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան) Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան) Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա) Նարեկ Աղասարյան – «Ուրարտու» Արտակ Դաշյան - «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արթուր Միրանյան – «Նոա» Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա) Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա) Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հանդիպումներին նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: