ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին

ՀՖՖ-ից տեղեկացնւմ են, որ նոյեմբերի 7-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: «Օրակարգի միակ հարցը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի անցկացման վայրի, օրվա և ժամի հաստատումն էր: Որոշվեց ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում (Խանջյան 27): ՀՖՖ Նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ նախատեսվող ՀՖՖ 24-րդ հերթական ժողովն ընտրական է։ Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 3-րդ ենթակետի՝ ՀՖՖ ժողովի յուրաքանչյուր Անդամ կարող է առաջարկել մեկ թեկնածու ՀՖՖ Նախագահի տեղի համար։ ՀՖՖ Նախագահի պաշտոնում առաջադրվելու համար թեկնածուները պետք է համապատասխանեն ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հետևյալ պահանջներին․ ա) մինչև թեկնածու առաջադրվելը վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ակտիվ դերակատարում ունենալ ՀՀ-ում ֆուտբոլի բնագավառում (Պաշտոնատար անձ (դիմելու պահին պաշտոնը չզբաղեցնող), նախկին ֆուտբոլիստ (դիմելու պահին կարիերան ավարտած), կամ սպորտում այլ կերպ ներգրավված անձ (մարզական լրագրող, մեկնաբան, իրավաբան և այլն), բ) լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակվել պետության տարածքում, գ) լինել առնվազն 25 տարեկան և ունենալ ՀՀ-ում ընտրական իրավունք, դ) տվյալ պաշտոնի հետ անհամատեղելի որևէ հանցագործության համար նախկինում դատապարտված չլինել, ե) չգտնվել սնանկության գործընթացում: ՀՖՖ Նախագահի թեկնածու առաջադրելու համար Անդամները պետք է ՀՖՖ ներկայացնեն հետևյալ տեղեկությունները/փաստաթղթերը. 1.Կենսագրություն՝ ֆուտբոլի բնագավառում գործունեության մանրամասն նկարագրությամբ (մասնավորապես՝ վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում), 2.Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճեն (նույնականացման քարտի կամ կենսաչափական անձնագրի տրամադրման դեպքում նաև տեղեկություններ բնակության հասցեի վերաբերյալ), 3.ՀՖՖ Անդամի համապատասխան իրավասու մարմնի կողմից հավաստագիր, որ ՀՖՖ Նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն համապատասխանում է Կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջներին` համաձայն սույն Ծանուցմանը կից ներկայացված ձևի (Հավելված 3), 4.ՀՀ ԲԴԽ աշխատակազմ՝ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված դատվածության տեղեկանք, 5.ՀՀ ԲԴԽ աշխատակազմ՝ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված սնանկության գործընթացում չգտնվելու վերաբերյալ տեղեկանք: ՀՖՖ Նախագահի թեկնածու առաջադրելու համար Անդամները նշված փաստաթղթերը/տեղեկությունները ՀՖՖ պետք է ներկայացնեն մինչև 2023թ.-ի նոյեմբերի 23-ը՝ ժամը 24:00-ն, [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով։ Հարկ է ընդգծել, որ ՀՖՖ Կանոնադրության 86-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ ՀՖՖ Նախագահի 2023թ. ընտրություններին 4 տարվա պաշտոնավարման ժամկետը կկրճատվի մինչև 3 տարի, որպեսզի մինչև 2026 թ․-ը Գործադիր կոմիտեի անդամների պաշտոնավարման ժամկետները հավասարեցվեն: Նշենք, որ թեկնածուների՝ ՀՖՖ Ընտրական կոմիտեի կողմից հաստատված վերջնական և պաշտոնական ցուցակը տրամադրվում է ՀՖՖ Անդամներին ՀՖՖ Նախագահի ընտրության համար հրավիրվող ժողովից առնվազն 10 օր առաջ»,- ասված է հաղորդագրության մեջ։