Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․

Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․

Նոյեմբերի 10-ին բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Չեռնոգորիայի Բուդվա քաղաք, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ «Բուդվա քաղաքում անցկացվեց նաև Եվրոպայի բռնցքամարտի գավաթի առաջին խաղարկությունը: Այնպես է ստացվում , որ 20-օրյա ընդմիջումից հետո կրկին մեկնելու ենք Չեռնոգորիայի այդ քաղաք: Այնտեղ մրցումային պայմանները բավարար են և կարծում եմ, որ մեր հերթափոխը լավ մասնակցություն կունենա ու տղաները քայլ կկատարեն դեպի ազգային հավաքական»,- ՀԱՕԿ-ի հետ զրույցում նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Երիտասարդական ԵԱ-ին կմասնակցեն՝ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) , Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը ( 63, 5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը ( 71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Հենրիկ Ճիղրիկյանը (92 կգ) , գերծանրքաշային Հովհաննես Փափազյանը և աղջիկներ Էլլիդա Քոչարյանը ու Սոնա Հարությունյանը: Տևական դադարից հետո Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգա երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը։ Վերջինս այս տարվա սկզբին ՀՀ իշխանություններին մեղադրելով իր նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցույց տալու մեջ հայտարարել էր, որ հրաժարվելու է հայկական անձնագրից և ելույթ է ունենալու այլ պետության դրոշի ներքո։ Այնուհետև Իսրայելը ներողություն էր խնդրել իր արարքների համար խնդրելով թույլ տալ վերադառնալ հավաքական։ «Որոշ մարդկանց ազդեցության տակ էի: Ես էլ եմ սխալական, տաքացած էի: Դիմում եմ վարչապետին որպեսզի Հովհաննես Հովսեփյանը և Կարեն Գիլոյանը ներողամիտ լինեն: Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել, ես եմ սխալ հասկացել: Ես էլ եմ մարդ, կարող եմ սխալվել: Խնդրում եմ, որ ինձ թույլ տան մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Խոսք եմ տալիս, որ նրանց հետ միասին Բաքվում կբարձրացնեմ Հայաստանի դրոշն ու բարձր կպահեմ մեր երկրի անունը»,- ասել էր Էրիկ Իսրայելյանը:Հ իշեցնենք՝ Կառավարությունը հուլիսի 6-ի որոշմամբ՝ Էրիկ Իսրայելյանին տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշում էր կայացվել։ Հարցին՝ արդյոք զղջման պատճառը տարկետումից զրկվելն էր, Իսրայելյանը բացասական պատասխան էր տվել: «Որոշմանս պատճառն այն է, որ ես ցանկանում եմ Բաքվում մասնակցել Եվրոպայի առաջնությանը և ծածանեմ հայոց եռագույնը. ձեռքիցս չեմ ցանկանում բաց թողնել շանսը, քանի որ լավ մարզավիճակում եմ ու գիտեմ, որ կարող եմ դա անել։ ՀՀ կառավարությունն ու սպորտային գերատեսչությունը ընդառաջել էր Իսրայելյանին նրան հնարավորություն տալով կրկին ելույթ ունենալու Հայաստանի դրոշի ներքո։ Նշենք, որ Եվրոպայի առաջնությանը նախատեսվածի համաձայն պետք է կայանար Բաքվում։ Սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ցուցաբերած հերթական ագրեսիայի և բռնի տեղահանման պատճառով սակայն բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան Ադրբեջանին զրկեց Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու հնարավորությունից։ «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Չեռնոգորիա: Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ու պատերազմը՝ խնդրել եմ Բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային (EUBC), որպեսզի հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգությանը հարցը, փոխեն մրցավայրը: EUBC-ն, ուսումնասիրելով իրավիճակը, այսօր որոշում է կայացրել, որ նոյեմբերի 10-ից 21-ը նախատեսված մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Բաքվի փոխարեն կանցկացվի Չեռնոգորիայում»,- գրել էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Միջազգային սպորտային հարթակում սա կարելի է Հայաստանի հաղթանակը Ադրբեջանի նկատմամբ։Այս կերպ սպորտային կառույցները սկսեցին հստակ գնահատական տալ Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությանը։ Անցյալ տարվա մայիսին Երևանում տեղի ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որում ևս Ադրբեջանը ըստ էության ձախողվեց։ Մասնավորապես, Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշում էր կայացվել չմեկնել Երևան։