ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան

ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան

Ուկրաինայի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով Ռուսաստանի ֆուտբոլի բոլոր հավաքականներն ու ակումբները զրկված են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը նախորդ տարվա վերջին դիտարկում էր ՈւԵՖԱ-ից դուրս գալու և Ասիայի ֆուտբոլի կոնֆերանցիային անդամագրվելու տարբերակը։ Ասիական ֆուտբոլային գերատեսչություն մուտք գործելու պարագայում Ռուսաստանի հավաքականներն ու ակումբները հնարավորություն կստանային մասնակցելու այս աշխարհամասի մրցաշարերին։ Ասիական ֆուտբոլի կոնֆերենցիան նախապես հայտարարել էր, որ դեմ չէ իր շարքերում Ռուսաստանի ինտերգրվելուն։ Վերջին պահին սակայն ՌՖՄ-ն որոշեց դուրս չգալ ՈւԵՖԱ-ից։ Եվրոպական ֆուտբոլային կառույցից հեռանալը ըստ էության կնշանակեր այրել կամուրջները ետ վերադառնալու։ Սա նշանակում է, որ ֆուտբոլային հարթակում Ռուսաստանի անկումը կշարունակվի նոր թափով։ Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ռուսական ֆուտբոլը առաջիկա տարիներին կշարունակի մնալ համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում։ Սա ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանի նկատմամբ ՈւԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի որոշումը սխալ է կամ կողմնակալ, բայց․․․։ 2022 թվականի տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի նկատմամբ օկուպացնելով մեր պետության սուվերեն տարածքներ։ «Որպես եվրոպական ֆուտբոլի պատասխանատու մարմին ՈւԵՖԱ-ն աշխատում է ֆուտբոլի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ համապատասխան համաեվրոպական արժեքների, ինչպիսիք են խաղաղությունն ու հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, օլիմպիական խարտիայի ոգով: Նախկինի պես լի ենք վճռականությամբ ու պատրաստ ենք ձեռք մեկնել Ուկրաինայի ժողովորդին: Լրջորեն զբաղվում ենք ստեղծված իրավիճակով»-, նման հայտարարությամբ ՈւԵՖԱ-ն հանդես էր եկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սուվերեն տարածք ներխուժելուց անմիջապես հետո։ Կրկնում ենք ՈւԵՖԱ-ն ուներ հիմքեր Ռուսասաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառելու։ Այստեղ սակայն հարց է ծագում, որո՞նք են համաեվրոպական արժեքները և արդյոք ՈւԵՖԱ-ն իսկապես հարգում է մարդու իրավունքները։ Ինչո՞ւ նմանատիպ հայտարարությամբ ՈւԵՖԱ-ն հանդես չեկավ 2022 թվականի սեպտեմբերին։ Ինչու ՈւԵՖԱ-ն կամ ՖԻՖԱ-ն աչք են փակում Ադրբեջանի կողմից 120 հազար հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտման փաստերի վրա։ Գնանք ավելի ետ, 2020 թվականի հոկետմբերի 31-ին 44-օրա պատերազմի ընթացքում Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը հանդես էր եկել հայտարարությամբ, որը ցնցել է ոչ միայն ֆուտբոլասեր հասարակությանը։ «Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց, ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Եթե չսպանենք հայերին, ապա նրանք կսպանեն մեզ և մեր երեխաներին։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Թուրքիան տարիներ շարունակ փորձեց դա անել, բայց չստացվեց։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Պետք է սպանենք, որ այլևս չհարվածեն Բարդային, Գյանջային և մյուս քաղաքներին։ Նրանք պետք է հասկանան, որ եթե սպանեն 1 ադրբեջանցի, ապա մենք կոչնչացնենք 100 հայ։ Մենք պետք է սպանենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Իբրահիմովը։Վերջինս ըստ էության կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք էր հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը, բայց․․․։ ՈՒԵՖԱ-ն որոշեց միայն ցմահ որակազրկել է Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբին տուգանել է 100000 եվրոյով։ Արդյո՞ք սա կարելի է համարել համարժեք պատժամիջոց ադրբեջանական կողմի նկատմամբ։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Եթե ՈՒԵՖԱ-ն այն կառույցն է, որը մշտապես հետևում է ֆուտբոլը չքաղաքականացնելու, ֆուտբոլային ընտանիքի անդամների շրջանում այլատյացությունը բացառելու և համերաշխություն հաստատելու քաղաքականությանը, ապա ինչու չորակազրկեց «Ղարաբաղին» կամ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի: Նուրլան Իբրահիմովի անհանդուրժելի քայլը պետք է արժանանար համարժեք վերաբերմունքի ՈՒԵՖԱ-ի կողմից։Այլ մոտեցումը նշանակում է, որ միջազգային ֆուտբոլային հանդիպումներից առաջ տարածվող ընդունելի կարգախոսները ձևական բնույթ են կրում, իսկ անհրաժեշտության դեպքում ՈւԵՖԱ-ն ուղղակի առաջնորդվում է երկակի ստանդարտներով։ Սա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք։ 120 հազար հայերի բռնի տեղահանման փաստ հիմք է Ադրբեջանի նկատմամբ նաև ֆուտբոլային հարթակում խիստ պատժամիջոցներ կիրառելու համար։