Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին

Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին

Համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում հայտնված Ռուսաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 20-ին հերթական ընկերական հանդիպումը կանցկացնի։ Այս անգամ Վալերի Կարպինի գլխավորած թիմը Վոլգոգրադում կմրցի Կուբայի հետ։ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկվելուց հետո Ռուսաստանի ազգային թիմը անց է կացրել 10 ընկերական հանդիպում։ Մասնավորապես ռուսները մրցել են Ղրղզստանի, Իրաքի, Կամերունի, Տաջիկստանի, Ուզբեստանի, Իրանի, Կատարի, Քենիայի, և երկու անգամ անգամ Եգիպտոսի օլիմպիական հավաքականի հետ։ Եվրոպական բոլոր հավաքականները ուղղակի բոյկոտում են Ուկրաինայի նկատմամբ ռազմական ագրեսիա ցուցաբերած երկրի ֆուտբոլի ընտրանուն։ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումից հրաժարվել էր նույնիսկ Կամերունի ազգային թիմը։ Մասնավորապես, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը հունիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում պետք է ընկերական հանդիպում անցկացներ Կամերունի հավաքականի հետ։ Մայիսի վերջին սակայն Կամերունի կառավարությունը որոշեց թույլ չտալ ազգային թիմի ֆուտբոլիստներին մեկնել Մոսկվա։ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը հունիսին՝ ազգային հավաքականների համար նախատեսված հանդիպումների օրերին այլևս մրցակից չգտավ։ Ռուսաստանի ազգային թիմը նույնիսկ ուսումնամարզական հավաքական չանցկացրեց։ Տևական բանակցություններից հետո ռուսներին այնուամենայնիվ հաջողվեց համոզել աֆրիկյան երկրի հավաքականին ստուգողական խաղ անցկացնել արդեն հոկտեմբերին։ Նշենք, որ եվրոպացի երկրպագուները բավական կոշտ, նույնիսկ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում այն հավաքականների հասցեին, որոնք պատրաստակամություն են հայտնում խաղալ Ռուսաստանի հետ։ Դեռևս փետրվարի 15-ին Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը Թեհրանում հանդիպում էր ունեցել իրանցի իր գործընկեր Սեյեդ Համիդ Սաջադի Խազավեի հետ, որի ընթացքում էլ ձեռք է բերվել ընկերական հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը։ Օրեր անց Իրանի հավաքականը կոշտ քննադատության արժանացավ թե ֆուտբոլասերների, և թե եվրոպական մամուլի կողմից։ Ավելի վաղ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը հրաժարվել էր նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենայում» ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ։ Այս երկրի ֆուտբոլի միություն և Բոսնիա-Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էին ձեռք բերել նշված օրը ստուգողական մրցավեճն անցկացնելու։ Օրեր անց սակայն հերթական սկանդալն էր ծագել Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի շուրջ։ Մասնավորապես, Բոսնիա-Հերցեգովինայի միանգամից 5 առաջատար ֆուտբոլիստներ հայտարարել էին, որ չեն մեկնի Սանկտ Պետերբուրգ և չեն խաղա ռուսների դեմ։ Այդ ֆուտբոլիստներն են եվրոպական ֆուտբոլի աստղեր՝ Միրալեմ Պյանիչրը, Էդին Ջեկոն, ինչպես նաև Իբիշևիչը, Ահմեդհոջիցն եւ Հաջիցը։ Այնուհետև, բոյկոտին միացել էին Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թիմի մյուս անդամները։ Բոսինա և Հերցեգովինայից բոյկոտից հետո Ռուսաստանի ֆուտբոլային գերատեսչությունը, մասնավորապես ազգային հավաքականը պահպանելու համար ակտիվ բանակցություններ էր վարել տարբեր երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների հետ ընկերական հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Մեր տեղեկություններով՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու նպատակով ռուսներն առաջին հերթին դիմել էին ԵԱՏՄ- անդամ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներին։ Ռուսաստանի հետ խաղալու պատրաստակամություն հայտնել էր թերևս Ղրղզստանը, պայմանով, որ հանդիպումը տեղի կունենա Բիշքեկում։ Ռուսաստանի հետ խաղալուց հրաժարվել էր նույնիսկ հարևան Բելառուսը։ Ռուսների դեմ խաղալուց հրաժարվելու որպես հիմնական պատճառ նշվել է ավելի վաղ այլ հավաքականների հետ ընկերական հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածությունը։