Ճգնաժամ Հայաստանի հավաքականում․ Ինչ է տեղի ունենում իրականում․․․

Ճգնաժամ Հայաստանի հավաքականում․ Ինչ է տեղի ունենում իրականում․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երրորդ անընմեջ պարտությունը կրեց։ Եվրո-2024-ի ընտրական փուլում Խորվաթիային և Լատվիային զիջելուց հետո մեր ազգային թիմը երեկ ստուգողական խաղում 1։3 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային։ Այո, խաղն ընկերական բայց մերոնց ցույց տվաց ֆուտբոլը մեղմ ասած վատն էր։ Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կատարեց տակտիկական և կադրային փորձարկումներ որոնք առաջին հայացիք արդյունավետ չէին։ Արդյունավետ չէին այն պատճառով, որ թիմային խաղը կամ ինչպես ընդունված է ասել խաղային մոդելն ուղղակի չէր գործում։ Երեկ համոզվեցինք, որ Հայաստանի հավաքականում խաղային ճգնաժամ է, որը պետք է անհապաղ հաղթահարել։ Ինչ-խոսք ցանկացած պարտությունից հետո կարելի է գտնել պատճառաբանություն, բայց որևէ պատճառաբանություն արդարացում չէ։ Լատվիայից կրած պարտությունից հետո խոսում էինք մրցակցին թերագնահատելու և մոտիվացիայի պակասի մասին։ Երեկվա խաղից հետո որպես պատճառաբանություն նշվում է հոգեբանական անկումն ու կրկին մոտիվացիայի պակասը։ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումից առաջ պարտություն էր կրել նաև Հյուսիսային Մակեդոնիան սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջելով Ուկրաինային։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի հավաքականի դաշտի տերերի խաղում կար ձգտում նվիրվածություն, նույնիսկ մարզական չարություն։ «Լավ թիմի հետ լավ ստուգողական հանդիպում անցկացրինք։ Փորձարկեցինք երիտասարդ ֆուտբոլիստների։ Ցավոք, չենք կարող հավաքականում լուրջ ռոտացիա կատարել։ Ես ֆուտբոլիստներին չէի տրամադրել խաղալ պաշտպանական ֆուտբոլ։ Հյուսիսային Մակեդոնիայի թիմը մեզ ստիպեց այդպես խաղալ։Ես կարծում էի, որ երիտասարդ ֆուտբոլիստները լի են էներգիայով, գրոհելու մեծ ցանկությամբ, բայց նրանք սխալներ թույլ տվեցին։ Այդ ֆուտբոլիստների համար ամեն ինչ առջևում է։ Մենք կվերլուծենք սխալները և կշարժվենք առաջ»,- խաղից հետո ասել է Ալեքսանդր Պետրակովը։ Վերջին երկու հանդիպումներից հետո ոչ միայն պետք է վերկուծություններ անել այլև լուրջ հետևություններ և փոփոխություններ։ Հատկապես պաշտպանական գծում մերոնց խաղն ուղղակի խայտառակ է։ Նույնիսկ Վարազդատ Հարոյանի պես փորձառու ֆուտբոլիստը թույլ է տալիս մանկական սխալներ։ Երեկ հիմնական կազմում հայտնված Տարոն Ոսկանյանն ու Կամո Հովհաննիսյանը ոչնչով չտպավորեցին։ Նրանք այս պահին պատրաստ չեն խաղալու հիմնական կազմում։ Արտակ Դաշյանի պաշտպանության աջ եզրից հենակետային գոտի տեղափոխությունը չարդարացրեց իրեն։ Վերջին երկու հանդիպումներում խաղադաշտում մոլորված էր Իվուն, որը մինչ այդ փայլուն ֆուտբոլ էր ցուցադրում։ Բացառությամբ Երևանում տեղի ունեցած Լատվիայի դեմ հանդիպման վերջնամասի ուղղակի չի ստացվում Արթուր Սերոբյանի խաղը։ Տարվելով անհատական խաղով այս ֆուտբոլիստը շարունակ գնդակ է կորցնում, որին հաջորդում են մրցակցի հակագրոհները։ Պետրակովն այս ֆուտբոլիստին շարունակ վստահում է, բայց․․․։ Վերջին երկու հանդիպումներում չստավեց նաև Վահան Բիչախչյանի խաղը։ Այս իրավիճակում կարծես անհրաժեշտություն է փորձառու Խորեն Բայրամյանին կրկին ազգային թիմ հրավիրելը։ Հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանի խաղը մեծ հաշվով կարելի է դրական համարել։ Այս ֆուտբոլիստը օժտված է գնդակ պահելու և մանևրելու հատկանիշներով։ Թե Լատվիայի և թե Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումներում Սևիկյանը որոշակի ակտիվություն հաղորդեց խաղին։ Ինչ վերաբերվում է Հրանտ Լեոն-Ռանոսին ապա ապա վերջինս աչքի ընկավ նվիրվածությամբ և համեմատաբար ակտիվ գործողություններով։ Հայտնվելով Մյոնխենգնադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմում Ռանոսի մոտ թե հոգեբանական և թե խաղային որոշակի անկում է նկատվում։ Ներկայում մեր խնդիրը պետք է լինի քաջալերել նրան, քանզի այլ հարձակվող ուղղակի չունենք։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից առաջ ազգային թիմի ճամբարը լքել էին Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ու Լուկաս Սելարայանը։ Սա բավական լուրջ խնդիր և նեգատիվ մոտեցում է, որին կանդրադառնանք հաջորդիվ։ Կարճ ասած նոյեմբերի 18-ին կայանալիք Ուելսի դեմ խաղից առաջ Պետրակովը ստիպված է լինելու կատարել լուրջ «խմբագրական» աշխատանք։ Ներկայիս խաղով և մոտեցումներով առաջ շարժվել ուղղակի հնարավոր չէ։