Արցախի հանրային հեռուստատեսությունը արցախյան ողջ գոյապայքարի վավերագիրն է. Արթուր Թովմասյան

Արցախի հանրային հեռուստատեսությունը արցախյան ողջ գոյապայքարի վավերագիրն է. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հանրային հեռուստատեսության 35-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Արցախի հանրային հեռուստատեսության հարգելի´ աշխատակիցներ Ի սրտե շնորհավորում եմ ստեղծագործական ու տեխնիկական ողջ անձնակազմին՝ Արցախի հանրային հեռուստատեսության 35-ամյա հոբելյանի կապակցությամբ: Դուք, հիրավի, արժանահավատ ու բեղուն վաստակ ձեռք բերեցիք հանրային կյանքի բոլոր ոլորտներն անշեղ լուսաբանելու, լրատվական դաշտը պատշաճ ապահովելու, արցախյան հեռուստալսարանին գեղագիտական բարձրորակ ճաշակ մատուցելու հանձնառությունում: Արցախյան զարթոնքի բուռն վերելքի օրերին էր, երբ արցախցու ամեն մի ընտանիքի հեռուստաէկրաններից խոսեց ու ցուցադրեց Ստեփանակերտը՝ իր խորհրդանշական մեկնարկը տալով «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողից: Փառք ու պատիվ Արցախի հեռուստատեսության հիմնադրման ակունքներում հայտնված հանրաճանաչ այն գործիչներին, որոնց մի մասը հեռացել են կյանքից, մյուսները շարունակում են ավանդ ունենալ պետական իշխանության տարբեր կառույցներում: Արցախի հանրային հեռուստատեսությունը արցախյան ողջ գոյապայքարի վավերագիրն է: Այն ծնունդ առավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման հետ՝ դառնալով նրա խոսափողն ու տարեգիրը: Իսկ երբ մոլեգնեց պատերազմը, հանրայինի մի շարք աշխատակիցներ տեսախցիկը փոխարինեցին զենքով՝ մարտադաշտում իրենց կյանքը զոհաբերելով վասն հայրենյաց: Գլուխ ենք խոնարհում նրանց պայծառ հիշատակի առջև: Արցախի համար այս վճռորոշ ժամանակներում դուք շարունակում եք ձեր հայրենանվեր ու արհեստավարժ առաքելությունը, մեծապես նպաստում հանրության բոլոր շերտերին ուղեկցող հուզահոգեբանական լարվածության մեղմացմանը: Վերստին շնորհավորելով առաջին հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ անխափան եթեր ու նորանոր ստեղծագործական հաջողություններ»: