Թուրքիայի դեմ խաղը պատմական չէ․ Քաղաքական մետաստազների վտանգը․․․

Թուրքիայի դեմ խաղը պատմական չէ․ Քաղաքական մետաստազների վտանգը․․․

«Հավաքականում շատ կարևոր խաղ ունենք, կարելի է ասել՝ պատմական։ Պետք է ակումբային գործերից անցնել հավաքականին և պատրաստվել առաջիկա խաղերին։ Ընտրական մրցաշարի խմբից դուրս գալու հնարավորություն միշտ էլ կա»,- նախորդ շաբաթ Championat.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հայաստանի ազգային թիմի առաջատար Էդուրարդ Սպերցյանը։ Հիշեցնենք, որ մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում մրցելու է Թուրքիայի հետ։ Ինչո՞վ է այս հանդիպումը պատմական և ինչո՞վ է տարբերվում այն պաշտոնական մյուս մրցավեճերից։ Հարցի պատասխանը գտնել իրականում դժվար է։ Առաջիկա խաղի շուրջ լարվածությունն օր-օրի ավելի է մեծանում։ Շարունակ հնչում են կարծիքներ, որ թուրքերի դեմ դիմակայությունը մեզ համար մահվան խաղ է։ Կարճ ասած քաղաքական երանգներ հաղորդելով սպորտային մրցավեճին, ոմանք մեր ֆուտբոլիստներին հորդորում են մարզադաշտ դուրս գալ մահ կամ ազատություն հայտնի նշանաբանով։ Ցավոք խաղի շուրջ ստեղծված քաղաքական օրակարգը ակամայից ազդել է նաև ֆուտբոլիստների վրա։ Եթե թիմի առաջատարը խոսում է հանդիպման պատմական լինելու մասին, ապա պարզ է, որ թուրքերի դեմ մրցավեճը մյուս ֆուտբոլիստների համար ևս լոկ սպորտային դիմակայություն չէ։ Ամենևին նպատակ չունենալով մեղադրել Սպերցյանին, ստիպված ենք փաստել, որ ֆուտբոլի շուրջ ձևավորված քաղաքական օրակարգը կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Այոմ սպորտում գոյություն ունեն սկզբունքային մրցավեճեր, բայց․․․։ Բոլորս ենք ցանկանում հաղթել սկզբունքային խաղում և գլուխներս բարձր հեռանալ «Հանրապետականից»։ Նպատակին հասնելու համար սակայն անհրաժեշտ է քաղաքականությունը հեռու պահել սպորտից։ Չմոռանանք 2008 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ «Մենք կարծում ենք, որ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման այն դրական հնարավորությունները, որոնք կստեղծվեն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Թուրքիայի դեմ ֆուտբոլային խաղերի մասին։ Այս հայտարարությամբ Փաշինյանը ըստ էության պատրաստակամություն էր հայտնել սկիզբ դնել այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլին։ Իսկ ինչպես էր ավարտվել ֆուտբոլային դիվանագիտության առաջին փուլը։ 2008 թ․ սեպետմբերի 6-ին Թուրքիայի դեմ մրցավեճին ներկա էր Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը ժամանաել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի հրավերով։ Սերժ Սարգսյանն իր հերթին Թուրքիայի նախագահի հրավերով ներկա էր գտնվել Բուրսայում տեղի ունեցած հանդիպմանը։ Ֆուտբոլային հանդիպումներին քաղաքական ենթատեքստ հաղորդելու հետևանքով Հայաստանի հավաքականը ցույց տվեց անատամ և թույլ ֆուտբոլ․ երկու դեպքերում էլ պարտվելով միևնույն 0։2 հաշվով։ Հայաստանը հաղթանակ չտարավ նաև դիվանագիտական հարթակում։ Այսօր համոզվում ենք, որ 15 տարի անց մենք կրկնում ենք նույն սխալը։ Ֆուտբոլային հանդիպումները ամենևին էլ լավագույն առիթը չեն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հայաստանն ունի հնարավորություն գոնե կանաչ դաշտում հաղթելու Թուրքիային և մենք պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործենք ընձեռված առիթը։ «Ես կողմնակից չեմ, որպեսզի քաղաքականացվի առաջիկա հանդիպումը: Կարծում եմ՝ բոլորն էլ փորձառու ֆուտբոլիստներ են, նրանցից շատերը գալիս են արտերկրից: Ընդ որում, արտերկրում են հայտնվել ոչ իրենց կամքով: Նրանք գիտեն իրենց պատմությունը, ես էլ գիտեմ ձեր պատմությունը: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ առաջնայնությունն առաջիկա խաղում ինձ համար լինելու է սպորտն ու ֆուտբոլը»,- նախօրեին լրագրողների հետ հանդիպման ասել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Միանգամայն ճիշտ կլինի, որ առաջիկա հանդիպմանն ընդառաջ թե ֆուտբոլիստները և թե հասարակությունը համախմբվի Պետրակովի գաղափարի շուրջ։ Թուրքիայի դեմ հանդիպումը հերթականն է Հայաստանի հավաքականի համար։ Պատմական չէին նաև 2008 թվականին տեղի ունեցած հանդիպումները։ Պատմական կարող է դառնալ թերևս Հայաստանի հավաքականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելը։ Սա երազանք է յուրաքանչյուր հայ երկրպագուի համար։ Եկեք չտրվենք քաղաքական մանիպուլյացիաներին և  ընտրական մրցաշարի հենց մեկնարկից չխորտակենք բոլորիս երազանքը։ Քաղաքական մետաստազները կարող են կործանարար դառնալ մեր պետության գլխավոր թիմի համար։