Ինչո՞ւ և ինչի՞ մասին են լռում Լավրովն ու Պուտինը. պատերազմի «դադարեցման» առեղծվածը

Ինչո՞ւ և ինչի՞ մասին են լռում Լավրովն ու Պուտինը. պատերազմի «դադարեցման» առեղծվածը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարարի հետ մոսկովյան համատեղ ասուլիսում հիշատակել է 44-օրյա պատերազմն ու այն դեռևս հոկտեմբերին դադարեցնելու հնարավորությունը, այդ կետում սակայն ընդհատելով խոսքն ու ասելով, թե մանրամասնները գուցե պետք է թողնել պատմությունն ուսումնասիրողներին: Ընդ որում, Լավրովը այդ պատմությունը հիշատակել է Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումների հանդեպ իր դժգոհության համատեքստում, նկատելիորեն փորձելով խաղարկել արդեն հայտնի՝ «պատերազմի ավելի վաղ դադարեցնելու» մասին «առեղծվածը», որ շրջանառել է նաև ՌԴ նախագահ Պուտինը, որ լայնորեն կիրառվում  է նաև Հայաստանի այսպես ասած ներքաղաքական պայքարում: Ինչու՞ է ՌԴ արտգործնախարարը հարցը թողնում պատմությանը կամ այսպես ասենք՝ «պատմաբաններին», եթե իրադարձությունները ոչ միայն պատմություն չեն, այլ ըստ էության շարունակաբար ծավալվում է դրանց տրամաբանությունը: Ի վերջո, Լավրովն ինքն է եղել հոկտեմբերի 9-ին հրադադարի շուրջ ավելի քան 1  ժամ տևած եռակողմ բանակցության մասնակից՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Լավրովն ինքն է նաև ասել, որ այդ բանակցությունն ընթանում էր երեք երկրների ղեկավարների՝ Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ պարբերական կապով, հաղորդակցությամբ, որի ընթացքում քննարկվում էին դետալներ և այլն: 11 ժամ անց հայտարարվեց հրադադարի համաձայնության մասին, որը սակայն տևեց ընդամենը մոտ մեկ ժամ, այն էլ ոչ լրիվ: Ինչու՞, ո՞վ չպահեց համաձայնությունը, որ ձեռք էր բերվել, որի մասին համենայն դեպս հայտարարվել էր: Լավրովը ինչու՞ չի բարձրաձայնում այդ մասին, իր ղեկավար Պուտինի հետ միասին, փոխարենն անելով հայտարարություններ, որոնք բավականին մանիպուլյատիվ միջավայր են ստեղծում Հայաստանի ներքաղաքական, հասարակական կյանքում: Այն, որ հրադադարի շուրջ բանակցությունը տևել է ավելի քան 11 ժամ, շարունակվել մի ամբողջ գիշեր, գրեթե մինչ լուսաբաց, վկայում է, որ եղել է առարկայական բանակցություն, որն ի վերջո ավարտվել է հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին հայտարարությամբ:  Դա էլ իր հերթին նշանակում է, որ հաջողվել է ստանալ ընդհանուր դիրքորոշումներ: Ինչը կամ ով է դրանից հետո «միջամտել» և փոխել իրավիճակը, այդ կերպ նաև թույլ չտալով, որ լինի հրադադար և ռուս խաղաղապահներն օրինակ կանգնեն այն սահմաններում, որոնք եղել են պատերազմին հոկտեմբերի 9-ի դրությամբ, հասցնելով իրավիճակը նոյեմբերի 9-ի: