Մխիթարյանի որոշումից մեկ տարի անց․ Վերադարձը կկայանա՞

Մխիթարյանի որոշումից մեկ տարի անց․ Վերադարձը կկայանա՞

«Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թևկապը: 95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս:Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ամենը՝ ինչ կարող էի:Հետևաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա:Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը։ Հաջողություններ իմ ազգային հավաքականին»,- ուղիղ մեկ տարի առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Ուղիղ մեկ տարի մեր գլխավոր թիմը ելույթ ունեցավ առանց լեգենդար ավագի։ Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականն առանց Մխիթարյանի անց է կացրել 10 հանդիպում կրելով 8 պարտություն։ Առանց Մխիթարյանի մեր ազգային թիմը կրեց պատմության ամենախայտառակ պարտությունը Օսլոյում 0։9 հաշվով զիջելով Նորվեգիային։ Ինչև, Մխիթարյանի հեռանալով ազգային հավաքականում ավարտվեց ևս մեկ ժամանակաշրջան։ Ժամանակաշրջան, որի ընթացքում ունեցանք թե տպավորիչ հաղթանակներ և թե ցավալի պարտություններ։ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է և դժվար է ասել երբ և ով կգերազանցի նրա ցուցանիշը։ Մխիթարյանը 34 տարեկան է ու ևս մի քանի կմնա մեծ ֆուտբոլում։ Ազգային թիմից նրա հեռանալու որոշումը արժանի էր հարգանքի, բայց․․․։Ընդունենք, որ Մխիթարյանը կարող էր չգնալ այս քայլին և մինչև կարիերայի ավարտը կրեր ազգային թիմի մարզաշապիկն ու ավագի թևկապը։ Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ մենք այսօր չունենք և դժվար է ասել երբ կունենանք։ Հայաստանի հավաքականն ունի նրա կարիքը։ 40 տարեկան հասակում մեկ այլ կենդանի լեգենդ Զլատան Իբրահիմովիչը որոշում կայացրեց վերադառնալ Շվեդիայի հավաքական։ Վերադարձավ այն պարզ պատճառով, որ իր ազգային թիմը օգնության կարիք էր զգում։ Չի բացառվում, որ Մխիթարյանի հեռանալով՝ համարել էր, որ ազգային թիմն այլևս իր կարիքը չուներ։ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական շրջափուլում Հայաստանի հավաքականը 3 հաղթանակ էր տարել առանց Մխիթարյանի։ Վերջինիս ներկայության պայմաններում մերոնք չհաղթեցին, ինչը ֆուտբոլային որոշ շրջանակներում մեկնաբանությունների առիթ հանդիսացավ։ Մասնավորապես, խոսվում էր, որ հավաքականն առանց Մխիթարյանի ավելի լավ է խաղում։ Ոմանք անհաջողությունների մեղավոր համարեցին հենց նրան։ Ազգերի լիգայի ծաղարկությունը ընտրական Հայաստանի հավաքականը սկսեց և կավարտի առանց Հենրիխ Մխիթարյանի։ Հենց այս մրցշարից հետո գնահատեցինք հավաքականի ավագի իրական արժեքը։Երեք շաբաթ անց մերոնք Երևանում մրցելու են Թուրքիայի հետ։ Կմասնակցի՞ արդյոք Մխիթարյանն այդ խաղին։ Արձանագրենք թերևս, որ Մխիթարյանին ետ բերելու ուղղությամբ մինչ օրս տեսանելի քայլեր չեն արվել։ Մասնավորապես, ֆուտբոլի ֆեդերացիան, երկրպագուները բաց տեսքստով չեն թիմել լեգենդար ֆուտբոլիստին վերադառնալու խնդրանքով։ Հնարավոր է, որ ֆուտբոլի ֆեդերացիան, ազգային թիմի նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը աշխատանքներ տանում են այդ ուղղությամբ, բայց․․․։ Ամն դեպքում վերադառնալու վերաբերյալ Մխիթարյանի որոշումը պարզ կլինի առաջիկա օրերին։