Սպերցյանի ֆանտաստիկ գոլը․ Հայ ֆուտբոլիստի երազանքն իրականություն չի դառնա․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուրդ Սպերցյանը շարունակում է արդյունավետ ելույթները։ Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ԲԿՄԱ դեպ պատասխան խաղում հայ ֆուտբոլիստը դարձել է հանդիպման միակ և հաղթանակ գոլի հեղինակը։ Նա տուգանայինից աչքի է ընկել 50-րդ րոպեին։ «Կրասնոդարը» հաղթել է 1:0 հաշվով, սակայն պայքարը կիսաեզրափակիչում կշարունակի ԲԿՄԱ-ն, որն առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով։ Ի դեպ, Sports.ru պարբերականի անցկացրած քվեարկության արդյունքներով Սպերցյանը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ։ «Բնական է, որ հիասթափված ենք։ Կարծում եմ՝ անհաջողության հիմնական պատճառը Մոսկվայում ցուցադրած թույլ խաղն էր։ Մենք իրավունք չունեինք այդպես խաղալու, բայց ուրախ ենք, որ հաղթեցինք Կրասնոդարում։ Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին աջակցության համար։ Այո բազմաթիվ հնարավորություններ ունեինք, պարզապես չկարողացանք դրանք իրացնել։ Որոշ դեպքերում էլ ԲԿՄԱ-ին փրկեց դարպասապահը։ Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք և պետք է երեք գոլ խփեինք, բայց միայն մեկը կարողացանք: Բոլորը հասկանում են, թե որքան կարևոր է այս օրը։ Ակումբի 15-ամյակի կապակցության ցանկանում էինք գոհացնել երկրպագուներին և ղեկավարությանը։ Ծրագրված էր խփել հնարավորինս շատ գոլ՝ երեք-չորս: Նպատակ ունեինք նաև արագ գոլ խփել: Կարևոր էր դա անել առաջին խաղակեսում, և կային պահեր, բայց չիրացրինք դրանք, և դա մեզ հուսահատեցրեց: Այն, որ խաղը կազմակերպվում էր իմ միջոցով, մարտավարություն է։ Մենք միշտ խաղում ենք կենտրոնից, փորձում ենք այնտեղ հնարավորություններ ստեղծել: Սովոր ենք այսպես խաղալ:Իհարկե, մենք ցանկանում էինք հնարավորինս առաջ գնալ գավաթի խաղարկությունում։ Չնայած, իհարկե, նպատակը ՌՊԼ-ում հաղթելն է: Տուգանային հարվածները փորձարկում ենք մարզումներին»,- Матч ТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Սպերցյանը։ Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը 23 հանդիպման է մասնակցել «Կրասնոդարի» կազմում, դարձել 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Օրեր առաջ արձագանքելով կարիերան եվրոպական թոփ-ակումբում շարունակելու տեղեկություններին, Սպերցյանը հայտարարել էր, որ չի ցանկանում առանց տիտղոս նվաճելու հեռանալ «Կրասնոդարից»։ «Եվրոպա տեղափոխվելու մասին դեռևս չեմ մտածում: Ես դեռ չեմ վերադարձրել «Կրասնոդարին» այն, ինչ ինձ տվել է ակումբը: Ես խաղացել եմ ընդամենը մեկ ու կես մրցաշրջան: Երբ փոքր էի, նայում էի Չեմպիոնների լիգան, երազում էի խաղալ այնտեղ: Երբ հայտնվեցի ակադեմիայում, երազանքս փոխվեց. հայտնվել «Կրասնոդարի» գլխավոր թիմում ու այնտեղ ավարտել կարիերաս: Առայժմ մենք «Կրասնոդարի» հետ ոչինչ չենք հաղթել: Այդքան էլ չեմ ուզում հեռանալ առանց տիտղոսների: Բայց եթե առաջարկ լինի, գրեթե ամեն ինչ կախված կլինի ակումբի կարծիքից»,- ասել էր Սպերցյանը: Արդեն իսկ պարզ է, որ Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում չի նվաճի Ռուսաստանի գավաթը։ Մեր ֆուտբոլիստի ֆանտաստիկ գոլը ԲԿՄԱ-ի դարպասը բավարար չէր առաջ շարժվելու համար։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում էլ Կրասնոդարի թիմը 17-րդ տուրից հետո 25 միավորով միայն 8-րդ հորիզոնականում է։ Առաջին տեղում գտնվող «Զենթին» ունի 42 միավոր։ Կարծում ենք պարզ է նաև, որ Սպերցյանը այս տարի տիտղոս չի նվաճի նաև Ռուսաստանի առաջնությունում։ Չմոռանանք, որ ռուսական թիմերը զրկված են ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ուստի Սպերցյանը չունի հնարավորություն «Կրասնոդարի» հետ տիտղոս նվաճելու նաև միջազգային ասպարզում։ Փաստորեն, Սպերցյանի համար երազանքն իրականություն դարձնելու և տիտղոս նվաճելու միակ հնարավորությունը Ռուսաստանի գավաթի խաղարկությունն էր։ Այն, որ Սպերցյանը մինչև մրցաշրջանի ավարտը կմնա «Կրասնոդարում» կարծում ենք պարզ է։ Ցավալի է թերևս, որ 22-ամյա կիսպաշտպանը ամենայն հավանականությամբ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Կրասնոդարից» կհեռանա առանց տիտղոսի։