Մխիթարյանի դերը «Պորտուի» դեմ խաղում․ Հայ ֆուտբոլիստի խոստումը․․․

Մխիթարյանի դերը «Պորտուի» դեմ խաղում․ Հայ ֆուտբոլիստի խոստումը․․․

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահ է, որ Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրում «Ուդինեզեի» նկատմամբ տարած հաղթանակը դրական լիցքեր կհաղորդի պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին միլանյան թիմը սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթել էր «Ուդինզեդին»։ Մխիթարյանն դառնալով գոլի հեղինակ ճանաչվել էր այս մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ։ «Ուրախ եմ, որ գոլ խփեցի, սակայն ավելի կարևոր էր հաղթանակի հասնելն ու լավ տրամադրությամբ «Պորտուի» դեմ խաղին պատրաստվելը: Բարդ խաղ ստացվեց, սակայն մենք հաղթեցինք, ու շատ գոհ եմ: Հիմա մեր բոլոր մտքերը կապված են Չեմպիոնների լիգայի հանդիպման հետ»,- ասել է հայ ֆուտբոլիստը։ «Ինտեր» - «Պորտու» խաղը կկայանա վաղը կեսգիշերին Միլանում: Բուքմեյքերներն առաջիկա մրցավեճում ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ «Ինտերի» հաղթանակի համար սահմանված է 1․8 գործակից։ Ոչ-ոքի գնահատված է 3․7, իսկ «Պորտուի» հաղթանակը՝ 5․2 գործակցով։ «Ուդինեզեի» դեմ ցուցադրած փայլուն խաղից հետո իտալական մամուլը գրում է, որ Չեմպիոնների լիգայում և մասնավորապես «Պորտուի» դեմ դիմակայությունում «Ինտերի» գլխավոր շարժիչ ուժը լինելու է հենց Մխիթարյանը։ Մասնավորապես, խոսվում է, որ հայ կիսապաշտպանը վերջին հանդիպումներում կատարել է կիսապաշտպանության դիրիժորի պարտականությունները։ Իտալական հեղինակավոր Corriere dello Sport պարբերականի՝ նախօրեին լույս տեսած համարի շապիկին հայ ֆուտբոլիստն էր։ «Մխիթարյանը վերակենդանացնում է «Ինտերին»»,- այսպես էր վերնագրված հոդվածը։ Չմոռանանք, որ Մխիթարյանի անմիջական ջանքերի շնորհիվ էր «Ինտերը» հայտնվել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում, պայքարից դուրս թողնելով «Բարսելոնային»։ Մասնավորապես մրցաշարի 4-րդ տուրում «Ինտերը» «Կամպ նոու» մարզադաշտում դրամատիկ պայքարում ոչ-ոքի 3։3 էր խաղաց իսպանական թիմի հետ։ Միլանում տեղի ունեցած մրցավեճում էլ «Ինտերը» առավելության էր հասել 1։0 հաշվով։ Կարող ենք ասել, որ հենց Բարսելոնայի» դեմ դիմակայությունում էր տեղի հայ կիսապաշտպանի բենեֆիսը։ «Մխիթարյանը գերազանց խաղաց իր վրա վերցնելով խաղը։ Դա կարևոր պահ էր, որն օգնեց մեզ։ Երկրորդ խաղակեսի սկզբում տեխնիկապես լավ չէինք գործում, բայց մրցակցի գոլից հետո ավելացրեցինք շնորիվ Մխիթարյանի։ Նա խելացի խաղացող է։ Այսօր նա դաշտի կենտրոնում արեց այն, ինչ ես իրեն խնդրել էի»,- իսպանական թիմի դեմ երկրորդ խաղից հետո ասել էր «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։ Այնուհետև Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի Պլեզնի «Վիկտորիայի» դեմ մրցավեճում։ Հաղթելով 4։0 հաշվով միլանյան թիմը ժամանակից շուտ նվաճեց 1/8-րդ եզրափակչի ուղեգիր։ Այսօր կարող ենք արձանագրել, որ «Ռոմայից» տեղափոխվելով «Ինտերը» 34-ամյա կիսապաշտպանը անհավանական քայլ կատարեց իր կարիերայում։ Կարգով ավելի բարձր «Ինտերում» Մխիթարյանը ոչ միայն տեղ գտավ հիմնական կազմում այլև դարձավ թիմի առաջատարներից մեկը։ Ավելին, իտալական մամուլը գրում է, որ «Ինտերի» հայ կիսապաշտպանն այսօր լավագույններից է Ա սերիայում։ Շատ է խոսվում նաև, որ «Ինտերի» կիսապաշտպանության Մխիթարյան-Չալհանօղլու-Բարելա խաղային եռյակն ուժեղագույններից է Իտալիայի առաջնությունում։ «Իմ երազանքն է «Ինտերի» համար չեմպիոնի 20-րդ տիտղոսը նվաճելը: Եթե դա տեղի ունենա, ես իմ խոստումը կկատարեմ»,– նախօրեին հայտարարել էր Մխիթարյանը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ խոստացել է երգել Ալ Բանոյի երգը, եթե իր թիմն այս մրցաշրջանում նվաճի Ա Սերիայի տիտղոսը։ Խոսելով իր թիմի հաղթանակի հնարավորությունների մասին` նա ասել է, որ ամեն ինչ հնարավոր է, հատկապես, որ թիմը դեռ 16 հանդիպում ունի անցկացնելու։ «Մենք կփորձենք կրճատել միավորների տարբերությունը։ Այն, որ մենք 18 օրվա ընթացքում երկու անգամ հաղթեցինք «Միլանին», արդեն իսկ սենսացիա էր»,- ասել էր Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերն» ընթացիկ առաջնութունում 23-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է` 47 միավորով։ Մրցաշարի առաջին հորիզոնականում «Նապոլին» է` 62 միավորով։