Ինչու է Մոսկվայում արգելվել «Նժդեհ» պարախմբի համերգը

Ինչու է Մոսկվայում արգելվել «Նժդեհ» պարախմբի համերգը

Նախօրեին Մոսկվայում գործող Հայ ավանդական «Նժդեհ» պարախմբի «Իմ անունս է Պայքար» խորագրով համերգը չի կայացել, հայտարարել են, որ համերգասրահում ական կա տեղադրված: Մի քանի ժամ Մոսկվայի ձմեռային սառնամանիքին և հանդիսատեսին, և «Նժդեհ» խմբի անդամներին սառացնելուց հետո վերջնականապես հայտարարվել է, որ համերգն անցկացնելն անհնար է: Ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց տեղի ունեցածից. «Դահլիճի վարիչին հայտարարություն էր եկել, որ իբր ռումբ կա տեղադրված դահլիճում, որ համերգը չկայանա: Ու 5 ժամ մարդկանց պահեցին փողոցում, ձյան տակ, սառը եղանակին մինչև դահլիճի ստուգումն ավարտվի: Այդպես էլ չավարտվեց, մինչև ժամը երեկոյան 10-ը սպասեցին մարդիկ: Մենք բողոք պատրաստեցինք, որ հանձնենք քաղաքային դատախազություն, որ ոստիկանությունն անպարկեշտ վերաբերմունք է դրսևորել մարդկանց նկատմամբ, նույնիսկ մի քաղաքացու ճկույթը կոտրեցին, ինչ է, թե ուզում էին հեռացնել՝ դահլիճ չթողնել: Մենք կազմակերպիչների հետ գնացինք հանդիպեցինք դահլիճի վարիչների հետ, քանի որ նրանք չէին ուզում անգամ գումարը հետ տային, իսկ դահլիճը վարձելու համար մեծ գումար էին տվել: Մենք արդեն այսօր պարտադրեցինք, որ մինչև վերջին կոպեկը պետք է հետ վերադարձնեն: Պայմանագիր ստորագրեցին, որ ծախսերը, որ արել է կազմակերպիչը, բոլորը վերադարձնելու են, որ նա կարողանա ելույթ ունեցողների ծախսերը փակել, որ եկել էին Հայաստանից: Այս պահի դրությամբ կարողացել ենք դահլիճի հետ կապված ֆինանսական հարցը փակել»: Ռուբեն Կիրակոսյանը նշեց, որհայերն այլևս այդ դահլիճ չեն գնա, քանի որ արդեն գրում են, որ այդ համալիրը, որը նաև հյուրանոցային համալիր է, գտնվում է ադրբեջանական ազդեցության տակ: «Իհարկե, այս ամենը լարվածություն է առաջացրել, եթե այդքան մարդ գա, չկարողանա մտնել դահլիճ, իհարկե, լարվածություն կլինի, բոլորը շատ վրդովված էին, էմոցիոնալ վիճակում էին: Համայնքից էլ մարդ չկար, մենք մեր ուժերով փորձում էինք հարցերը շտկել: Իրավական գործընթացի համար էլ կարող է դժվար լինել, որովհետև մեր բոլոր պահանջներն իրենք համաձայնեցին առանց դատարանի կատարել, բավարարել: Մենք տրամադրված։ էինք դատարան դիմել, բայց հարցն այդպես փակեցինք; Հիմա պետք է ուղղակի տեսնել, թե արտիստներն ինչ են մտադիր անել՝ վերադառնալու են Հայաստա՞ն, թե՞ կփորձեն մի ուրիշ տեղ համերգը կազմակերպել: Հիմա այդ խնդիրների լուծմամբ են զբաղված: Եթե լինի համերգ, ապա բոլորին կհրավիրեն այդ համերգին, եթե ոչ, ուրեմն տոմսի գումարները պետք է վերադարձնեն մարդկանց»: Ռուիբեն Կիրակոսյանի խոսքով, ակնհայտորեն սա քաղաքական հարց էր, մշակութային խնդիր չէր. «Առաջին անգամ չէ, հիմա ադրբեջանցիներն այստեղ շատ տարբեր ոլորտներում լավ դիրքեր ունեն, ի տարբերություն հայերի, որոնց դիրքերն այստեղ թույլ են: Մինչև մենք չուժեղանանք, ուժ չհավաքենք, այս ընթացքը կշարունակվի»,-ընդգծեց նա: