Հրմշտոց ու տուրուդմփոց․ Քանի մարդ կզրկվի Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց

Հրմշտոց ու տուրուդմփոց․ Քանի մարդ կզրկվի Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց

Մարտի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը կսկսի պայքարը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Այդ օր մեր ազգային թիմը Երևանում կմրցի Թուրքիայի հետ։ Խաղ, որին սպասում են ոչ միայն ֆուտբոլասերները։ Խաղ, որը կլինի աշխարհ ուշադրության կենտրոնում։ Իսկ, ո՞ր մարզադաշտում կկայանա ֆուտբոլային մեծ հանդիպումը։ Ցավոք պատասխանը պարզ է։ Մենք ունենք թերևս մեկ ստադիոն, որտեղ դեռևս կարելի է անցկացնել ազգային հավաքականի մակարդակով միջազգային հանդիպումներ։ Սկզբունքային մրցակիցների և թոփ հավաքականների հետ խաղերին մարզադաշտում ներկա գտնվելու ցանկություն են հայտնում նույնիսկ այն մարդիկ, ովքեր այնքան էլ հետաքրքրված չեն իրենց ազգային թիմով: 2019 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցավ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Մրցավեճից մոտ մեկ շաբաթ առաջ տոմսերն արդեն սպառված էին, իսկ սև շուկայում, օրինակ 1000 դրամանոց տոմսերը վաճառվում էին 10 հազար դրամով։ Հազարավոր մարդիկ ուղղակի զրկվեցին այդ մրցավեճը ստադիոնից դիտելու հնարավորությունից։ «Հանրապետական» մարզադաշտը տեղավորում է մոտ 14 հազար հանդիսականի։ Այսօր ստիպված ենք ևս մեկ անգամ արձանագրել, որ այս ստադիոնում նման մակարդակի հանդիպումներ անցկացնել ուղղակի չի կարելի։ Ժամանակին մարզադաշտի փոքր լինելու հետ կապված խնդիրները լուծվում էր «Հրազդան» ստադիոնով: Հայաստանի ազգային հավաքականը վերջին անգամ «Հրազդան» մարզադաշտում ելույթ է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 11-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում՝ հյուրընկալելով Դանիային: Այս շրջափուլում մեր հավաքականը իրական հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու, և այդ օրը «Հրազդան» մարզադաշտում ներկա էին մոտ 30 հազար երկրպագուներ: Դանիայի հետ մրցավեճից առաջ մերոնք Պրահայում 2:1 հաշվով առավելության էին հասել Չեխիայի նկատմամբ, և Հայաստանում ֆուտբոլային բում էր հասունանում: Տվյալ ժամանակահատվածում մեծ մարզադաշտ ունենալու հարցը կրկին օրակարգային էր, քանզի 15 հազար հանդիսականի համար նախատեսված «Հանրապետական» մարզադաշտը ուղղակի բավարար չէր ազգային հավաքականի հանդիպումների համար: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային թիմը «Հրազդանում» մրցել էր նույն Իտալիայի հետ: 2012 թվականի հոկտեմբերին այդ հանդիպմանը ներկա էր գտնվել 35-40 հազար հանդիսական: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո Հայաստանի ազգային հավաքականը կտրուկ անկում ապրեց, և նոր մարզադաշտ ունենալու հարցը մղվեց երկրորդ պլան:Ինչ խոսք, ազգային թիմի հանդիպումների ժամանակ կիսադատարկ տրիբունաներ ունենալու մեջ իր «ներդրումն» ուներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարությունը, որն ուղղակի տոմսերի գների խայտառակ քաղաքականություն էր վարում: Տոմսերի գնային քաղաքականության փոփոխությունից հետո պատկերը կտրուկ փոխվեց։ Թերևս մեկ օրինակ․ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպմանը «Հանրապետականը» լեփ-լեցուն էր։ Մի պահ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենալու Հայաստան-Թուրքիա հանդիպման ժամանակ: Հաշվի առնելով Լիխտենշտեյնի դեմ խաղը, մոտավոր հաշվարկով՝ Թուրքիայի դեմ խաղը մարզադաշտում դիտելու հնարավորությունից զրկվելու է մոտ 40 հազար մարդ: Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հավաքականները միմյան հետ Երևանում մրցել են նաև 2008 թվականին։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ «Հրազդան» մարզադաշտում։ Խաղին ներկա էին մոտ 50 հազար երկրխագուներ։ Արդեն իսկ կարող ենք փաստել, որ շատ ծուտով կրկին ականատեսն ենք լինելու ֆուտբոլային հրմշտոցի և տուրուդմփոցի։ Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ ստեղծված վիճակը ուղղակի պահանջում է արագացնել Ազգային մարզադաշտի կառուցման հետ կապված գործընթացները: