Հայի արյուն ունեմ․Կարեն Խաչանովի պատասխանն ադրբեջանական մառազմին

Հայի արյուն ունեմ․Կարեն Խաչանովի պատասխանն ադրբեջանական մառազմին

Ռուսաստանում բնակվող հայազգի թենիսիտ Կարեն Խաչանովը կպայքարի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչի ուղեգրի համար: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը մրցել էր ԱՄՆ-ն ներկայացրող, աշխարհի 31-րդ ռակետ Սեբաստիան Կորդայի հետ: Երկու սեթերից հետո Կորդան վնասվածքի պատճառով հրաժարվել էր հետագա պայքարից: Այդ պահին Խաչանովը հաղթում էր 7:6, 6:3 հաշվով: Կիսաեզրափակիչում Խաչանովը կմրցի հույն Ստեֆանոց Ցիցիպասի հետ։ «Միշտ հավատում եմ ուժերիս, բայց լինում են նաև վերելքներ և անկումներ։ Բարձր արդյունքի կարելի է հասնել սեփական հնարավորությունների առավելագույն կերպով օգտագործելու դեպքում։ Յուրաքանչյուր հաղթանակից հետո մեծանում է վստահությունը։ Կարծում եմ՝ US Open-ից հետո այդ վստահությունն ավելի մեծ է։ Այստեղ էլ հասա կիսաեզրափակիչ։ Հույս ունեմ, որ այս նվաճումը թույլ կտա ինձ աճել։Ավստրալիայում գերազանց եմ զգում, գոհ եմ իմ խաղամակարդակից եւ անհամբեր սպասում եմ կիսաեզրափակիչին, որն առաջինը կլինի ինձ համար այստեղ»,- ասել է հայ թենիսիտը։ Ինչևէ օրեր առաջ Ադրբեջանը բողոք էր հղել թենիսի միջազգային ֆեդերացիա, պահանջելով պատժել Խաչանովին։ Վերջիս 1/16-րդ եզրափակչում տարած հաղթանակից հետո մրցաշարը նկարահանող տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել էր․ «Արցախ, ուժեղ մնա» գրությունը։ Հաջորդ հաղթանակից հետո արդեն Խաչանովը կրկին տեսախցիկի վրա գրել էր․ «Շարունակեք հավատալ մինչեւ վերջ: Արցախ, եղիր ուժեղ»: «Թենիսում տեսախցիկի վրա գրելը յուրահատուկ ավանդույթ է, սակայն Խաչանովը դրանք չարաշահել է ու օգտագործել իր կեղտոտ նպատակների համար: Ադրբեջանի ֆեդերացիան նամակ է ուղարկել Միջազգային ֆեդերացիա, որում արտահայտված են մեր երկրի դեմ ուղղված փաստեր ու իրավաբանական փաստաթղթեր: Պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Խաչանովի նկատմամբ, որպեսզի նման իրավիճակ այլևս չկրկնվի»,- նշված էր պաշտոնական հայտարարությունում։ Եվ ահա կիսաեզրափակիչ մրցավեճից հետո Խաչանովը անդրադարձել է ադրբեջանական կողմի մառազմատիկ քայլին պարզաբանելով նաև ինչու է հայերին սատարող ակցիաներ իրականացնում։ «Ես հայ եմ և բազմիցս եղել եմ Հայաստանում։ Իմ հայրենիքում հարազատներ ունեմ։ Հանգամանքների բերում չեմ այցելել Հայաստան կրտսեր հասակում։ Այն ժամանակ գրաֆիկս բավական հագեցած էր։ Բայց 2021 թվականին մենք որոշեցինք փոխել արձակուրդի մեր ծրագրերը՝ կնոջս և որդուս հետ միասին։ Գնացինք Հայաստան 10 կամ 12 օրով, եղանք ոչ միայն Երևանում, այլ ընդհանրապես շրջեցինք ամբողջ երկրով, տեսանք տեսարժան վայրեր, այցելեցինք տարբեր վանքեր։ Ավելի լավ ճանաչեցի իմ երկիրը։ Եվ վերջում մենք նաև վարպետության դաս անցկացրինք։ Ես շատ զարմացա, թե քանի երեխա է եկել, քանի որ ամեն ինչ ինքնաբուխ է եղել։ Դա տեղի ունեցավ այն նույն օրը, երն հայտարարվեց, և մարդիկ եկան ամբողջ երկրից։ 300-400 երեխա կար։ Ես զարմացած էի, թե որքան էին ուզում ինձ տեսնել Հայաստանում։ Դա հաճելի էր» ,- լրագրողների հետ հանդիպման ասել է Խաչանովը։ Ավելի վաղ Sports.ru-ի թղթակցի հետ զրույցում Խաչանովը հայտարարել էր․ «Բազմիցս ասել եմ, որ հարգում և գնահատում եմ իմ արմատները։ Այո, ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց հայրական և մորս կողմից հայի արյուն ունեմ։ Ես ուզում եմ աջակցել հայերին, տալ նրանց հավատ, ուժ»։ Իդեպ Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ևս անդրադարձել է Խաչանովի ակցիաներին և փայլուն ելույթին։ Հոդվածագրի կարծիքով Արցախի մասին հայ մարզիկի ուղերձները ոչ պակաս ուշադրության են արժանացել, որքան որ նրա խաղը: «Խաչանովի աջակցությունը լրացուցիչ լույս է սփռում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության վրա, որը շարունակվում է ավելի քան 30 տարի։ Վերջին խոշոր հակամարտությունը՝ 44-օրյա պատերազմը, տեղի է ունեցել 2020 թվականին, երբ զոհվել է 6800 զինվոր», -գրում է բրիտանական պարբերականը։ Նշվում է նաև, որ ներկայում Ադրբեջանական կողմը ներկայում արգելափակել է Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ։ Ինչևէ, կիսաեզրափակիչ մրցավեճը տեղի կունենա հունվարի 27-ին Երևանի ժամանակով առավոտյան 5-ին։ Բուքմեյքերներն այս դիմակայությունում ավելի բարձր են գնահատում հույն թենիսիստի հաղթանակի հավանականությունը։ Մասնավորապես, Ցիցիպասի հաղթանակի համար սահմանված է 1․39 գործակից։ Խաչանովի հաղթանակը գնահատված է 3․03 գործակցով։ Նշենք, որ ATP վարկանիշային աղյուսակում Ցիցիպասն այս պահին 4-րդն է, իսկ Խաչանովը՝ 20-րըդ։