Պետրակովին կհաջողվի՞ համոզել 34-ամյա Մխիթարյանին հետևել Իբրահիմովիչի օրինակին

Պետրակովին կհաջողվի՞ համոզել 34-ամյա Մխիթարյանին հետևել Իբրահիմովիչի օրինակին

Հունվարի 21-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ 34 տարեկան։ Մխիթարյանը ծնվել է հանրահայտ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկանում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 95 խաղում խփած 32 գնդակով։ 10 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է, ով ելույթ է ունեցել թոփ-5 առաջնություններից 3-ում՝ Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և Ա սերիայում։ Կարիերան սկսելով Երևանի «Փյունիկում» 2009 թվականին տեղափոխվել էր Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ անցկացնելով 46 հանդիպում՝ դարձել էր 17 գոլի հեղինակ։ 2010 թվականին պայմանագիր կնքեց ուկրաինական ուժեղագույն ակումբներից՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Տրանսֆերը կազմել էր 7.5 միլիոն եվրո։ Աչքի ընկելով փայլուն ելույթներով՝ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում 106 խաղում դարձավ 44 գոլի հեղինակ։ 2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 միլիոն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։Հենրիխի տեղափոխության մասին լուրերը այդ ժամանակ մեծ քննարկումների առիթ էին դարձել։ Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին, որ «Լիվերպուլը» ցանկանում է գնել Մխիթարյանին, սակայն հետագայում լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ գործարքը չի կայանա երրորդ կողմի հետ անհամաձայնության պատճառով։ Մխիթարյանի տեղափոխությունը կարելի էր դասել բարդ տրանսֆերային գործարքների շարքին, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում էին 3 կողմի՝ «Շախտյորին», «Փյունիկին» և Դոնեցկի «Մետալուրգի» սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Բացի այդ, Մխիթարյանը ոչ մի կերպ չէր ցանկանում վերադառնալ «Շախտյոր», իսկ ուկրաինական ակումբը ոչ մի կերպ մտադիր չէր փոխզիջումների գնալ և իր առաջատարին բաց թողնել։ Այնուամենայնիվ, երկարատև ու խառը բանակցություններից հետո «Բորուսիան» կարողացավ «Շախտյորի» ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։ Ինչևէ, «Բորուսիայում» անցկացնելով 141 հանդիպում՝ Մխիթարյանը դարձել էր 41 գոլի հեղինակ։2016 թ. 40 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 63 խաղում խփելով 13 գնդակ։ «Հենրիխն անչափ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով օգտակար է եղել իր նախկին ակումբին՝ «Բորուսիային», և ազգային հավաքականին: Նա թիմային ֆուտբոլիստ է, ով հրաշալի հնարավորություններ ունի: Մխիթարյանը տեսնում է խաղադաշտը և աչքի է ընկնում գոլային հոտառությամբ: Ուրախ եմ, որ նա ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Հավատում եմ, որ նա շատ արագ կհարմարվի թիմին, քանի որ նրա խաղաոճը համապատասխանում է Անգլիայի Պրեմիեր լիգային: Մենք անհամբերությամբ սպասում ենք Հենրիխի հետ աշխատելուն, նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: 27-28 տարեկանների շրջանում լավագույններից մեկն է: Նա հիանալի է, ֆուտբոլային մտքի մանևրումները շատ արագ են ստացվում: Այնքան լավ է, երբ նա գնդակով է»,- հայտարարել էր «Մանչեսթեր Յունայթեդի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:«Սանդերլենդի» դարպասը խփած Մխիթարյանի «կարիճ» գոլը տեղ է գտել BBC-ի տասնամյակի հիշարժան պահերի ցանկում։2018 թվականի հունվարին Մխիթարյանը հայտնվեց «Արսենալում», որտեղ 59 խաղում դարձավ 9 գոլի հեղինակ։ 2019 թվականին Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա» այնուհետև արդեն պայմանագիր կնքեց այս թիմի հետ։ Անցյալ տարվա ամռանն արդեն ազատ խաղացողի կարգավիճակով Մխիթարյանը տեղափոխվեց Միլանի «Ինտեր» Ըստ «Տրանսֆերմարկետի»՝ Մխիթարյանի տրանսֆերային ընդհանուր հանրագումարը 112.8 միլիոն եվրո է։ Մխիթարյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր է։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Երևանի պատվավոր քաղաքացի։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Մխիթարյանը հայտարարեց Հայաստանի ազգային թիմում իր ելույթներն ավարտելու մասին։ Օրեր առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը։ Վերջինիս գլխավորությամբ արդեն երկու ամսից պայքարը կսկսենք 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Երկրպագուների շրջանում շատ է խոսվում, որ հավաքականի նոր մարզչի գլխավոր խնդիրներից է լինելու համոզվել Մխիթարյանին վերադառնալ ազգային թիմ։ Այո, բավական դժբար շրջանում մեր գլխավոր թիմն օդի և ջրի պես ունի Մխիթարյանի կարիքը։ Կհաջողվի՞ արդյոք Պետրակովին համոզել լեգենդար ֆուտբոլիստին վերադառնալ։ Մեկ այլ լեգենդ Զլատան Իբրահիմովիչը 40 տարեկանում որոշում էր կայացրել վերադառնալ Շվեդիայի ազգային հավաքական։