ՀՀ ԱԳ փոխնախարարը Էսկոբարին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

ՀՀ ԱԳ փոխնախարարը Էսկոբարին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ ընդունել է Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարին (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Նշվում է, որ արտաքին գործերի նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնել, որ չիլիացի դիվանագետին կհաջողվի ծավալել բեղմնավոր գործունեություն՝ նոր լիցք հաղորդելով ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների, միջխորհրդարանական կապերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումների ակտիվացումը: Առևտրատնտեսական կապերի զարգացման առնչությամբ ընդգծվել է երկկողմ շահագրգռվածությունը՝ գործընկերության լրացուցիչ հնարավորությունների համատեքստում դիտարկելով տարածաշրջանային կառույցները։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը Էդուարդո Էսկոբարին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: