Արևելագիտության ինստիտուտը և հնդկական «Վիվեկանանդա»-ն խորացնում են համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Հնդկաստանի Հանրապետության «Վիվեկանանդա» միջազգային հիմնադրամի միջև նոյեմբերի 29-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ամրապնդել երկու կառույցների միջև գիտական կապերը: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանի խոսքով՝«Վիվեկանանդա» միջազգային հիմնադրամը հիմնականում վերլուծում է միջազգային հարաբերությունները, և այս առումով ինստիտուտի համար շատ կարևոր է վերլուծությունների վերաբերյալ համատեղ հոդվածներ և գրքեր գրելը, միջազգային գիտաժողովներ կազմակերպելը: «Եվ հենց արդյունքների հիման վրա կարել է փորձել հասկանալ հայ-հնդկական հարաբերությունների ընդհանուր պատկերը և պարզել, թե ինչպիսին է երկու երկրների միջև համագործակցության ապագան: Ինչպես տեսնում եք, Հայաստանը և Հնդկաստանը, 1990-ականներից սկսած, բարիդրացիական հարաբերություններ ունեն, իսկ վերջին տարիներին էլ ավելի է խորացել: Մենք էլ՝որպես գիտական կենտրոն, փորձում ենք այդ հարաբերություններին գիտական խթան տալ»,- ասաց Ղազարյանը: «Վիվեկանանդա» միջազգային հիմնադրամի ազգային անվտանգության և ռազմավարական հետազոտությունների և միջազգային անվտանգության ուսումնասիրությունների բաժնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռ. Կ. Սոհնին (R. K. Sawhney) կարևորեց Հայաստանի հետ կապերի ստեղծումը: «Դեռևս երկու ամիս առաջ հանդիպեցի Հնդկաստանում Հայաստանի դեսպան Յուրի Բաբախանյանի հետ, որի ընթացքում խոսել ենք Հայաստանի մասին: Դեսպանի հետ քննարկեցինք Հնդկաստան-Հայաստան կապերը, որոնք շատ հիանալի են. դրանք շատ հին և պատմական: Հետո քննարկեցինք նոր կապեր ստեղծումը: Դրանք ներկայումս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն»,- ասաց Ռ. Կ. Սոհնին: