Բաքվի պատասխանը խաղաղության Երևանի առաջարկներին, և շանտաժի համար պատասխանատվության բացակայությունը

Բաքվի պատասխանը խաղաղության Երևանի առաջարկներին, և շանտաժի համար պատասխանատվության բացակայությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ Ադրբեջանը պատասխանել է խաղաղության պայմանագրի շրջանակային տեքստի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին: Արարատ Միրզոյանը սակայն չի մանրամասնել դրանք, ասելով, որ շարունակվում են քննարկումներն ու Երևանը ունի հույս, որ մինչև տարավերջ հնարավոր կլինի գալ որոշակի համաձայնությունների: Երևանը ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնի միջոցով փոխանցել է խաղաղության պայմանագրի շրջանակային բովանդակության վերաբերյալ իր առաջարկները: Ենթադրվում է, որ Հայաստանի առաջարկները արտահայտում էին այն դիրքորոշումները, որ Երևանը ներկայացրել է հրապարակավ: Իհարկե այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչու՞ նույնքան հրապարակավ էլ չի ներկայացվել առաջարկը Բաքվին: Այստեղ զուտ դիվանագիտական էթիկայի՞ հարց է, թե՞ այդուհանդերձ շրջանակային համաձայնագրի բովանդակության վերաբերյալ հայաստանյան առաջարկները ունեն հրապարակային դիրքորոշումների համեմատ որոշակի տարբերություններ: Միևնույն ժամանակ, այյստեղ իհարկե կարող է լինել այլ տարբերությունների հարց՝ Ադրբեջանի հրապարակային հայտարարությունների և իրական դիրքորոշումների, ինչի համար էլ առաջարկները փոխանցվոում են ոչ հրապարակավ: Թե հատկապես որ կողմում են «տարբերությունները», կարող ենք գոնե առայժմ ենթարկել միայն ենթադրական դիտարկման, քանի դեռ պարզ չեն մանրամասներ: Իսկ «գետնի վրա» փաստն այն է, որ Ադրբեջանը վերջին օրերին գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը Հայաստանի հետ սահմանին, ինչպես նաև կրակոցներ արձակում արցախ-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, ընդ որում մեղադրելով, թե Արցախի ՊԲ-ն է խախտում հրադադարը: Այդ ամենը հիմք է տալիս մտածելու, որ Ադրբեջանը պատրաստում է հերթական սադրանքը, ինչն իր տրամաբանությամբ հակոտնյա է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի առաջարկներին կառուցողական արձագանքի հավանականությանը կամ հնարավորությանը: Այս պարագայում շատ կարևոր է դառնում միջազգային դերակատարների արձագանքը, ինչի մասին էլ խոսում է Հայաստանի արտգործնախարարը, ասելով, որ լարվածությունը շատ մեծ է և ըստ այդմ մեծ է ապակայունացման ռիսկը: Եթե Հայաստանի առաջարկներին մերժման հարցում Ադրբեջանը մնա մենակ, ապա դա զգալիորեն կնվազեցնի որևէ սադրանքի գնալու ռիսկը, քանի որ այդ պարագայում Ադրբեջանը պետք է սադրանքի և շանտաժի գնա ոչ թե միայն Հայաստանի, այլ միջազգային դերակատարների դեմ: Այստեղ է սակայն, որ կա Ադրբեջանի համար «բարենպաստ» միջավայր, այսինքն չկա միջազգային շատ թե քիչ միատարություն կամ կոնսենսուս՝ ռեգիոնալ կայունության պահպանման հարցում: Այդ խնդիրը ենթակա է այլ, ավելի մեծ հարցերի և դրանք ներկայումս ծավալվում են լայն թափով: Ադրբեջանին դա թույլ է տալիս «տեսնել» ռազմական շանտաժի գործիքի խաղարկման նվազագույն հեռանկար, քանի որ Բաքուն իր դիմաց չի տեսնում «ուժի կիրառման» որևէ հեռանկարի համար աներկբա պատասխանատվության որևէ խնդիր: Ավելին, նա տեսնում և լսում է «հավասարության» նշանի ավանդական տրամաբանությամբ հայտարարություններ, որոնք կայունության, լարվածությունը նվազեցնելու համար քայլեր են «ակնկալում» թե խաղաղության օրակարգի դիրքերից ներկայացող Հայաստանից, թե ռազմական գործիքը բացահայտ թափահարող Ադրբեջանից: